Բաժիններ՝

«Արմավիա»-ի պարտքը չի՞ ծանրանա հարկատուների ուսերին

Անցած տարի մարտին իրեն սնանկ հայտարարած, բայց մինչ օրս այդպես էլ սնանկության գործընթաց չսկսած «Արմավիա» ավիաընկերությունը միլիոնավոր դոլարների պարտք էր կուտակել՝ աշխատակիցների, պետության, բանկերի, այլ պետությունների նավիգացիոն ծառայությունների հանդեպ: Թե որքա՞ն էր ընկերության ընդհանուր պարտքը, հստակ չհայտարարվեց: Անցած տարեվերջին ավիաընկերությունից միայն շտապել էին հերքել 120 մլն դոլար պարտքի գոյության մասին շրջանառվող լուրերը, իսկ թե իրականում ի՞նչ գումարի մասին էր խոսքը՝ լռել էին:

Մասնագետները պնդում են, որ եթե որևէ ընկերություն պետության կողմից մենաշնորհ ունի, ապա դրա պարտավորություններն անցնում են պետությանը և երկրի կառավարությունը ստիպված է դրանք մարել հարկատուների գրպանից՝ բյուջեից: 168.am-ը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից փորձեց ճշտել՝ արդյոք «Արմավիայի» պարտքերը փոխանցվե՞լ են պետությանը և արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվո՞ւմ է մարել դրանք:

«Ո´չ 2014թ-ի, ո´չ 2015թ-ի բյուջեում, որի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են, «Արմավիայի» պարտքերի մասին ոչինչ չկա»,- հավաստիացրեց փոխնախարարը՝ նշելով, որ տեղյակ էլ չէ, թե ավիաընկերության պարտքը ինչքան է:

Պ.Սաֆարյանը հաստատեց, որ եթե պետությունը երաշխիք է տվել որևէ կազմակերպության և տվյալ կազմակերպությունը չի կարողանում վճարել իր պարտքը, ապա այդ պարտավորությունը մարվում է պետբյուջեից: Սակայն, ըստ նրա, «Արմավիայի» դեպքում պետությունը երաշխիք չի տվել, իսկ մենաշնորհն ու արտոնությունները դեռ չեն նշանակում, որ պարտավորությունը կմնա բյուջեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս