
«Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել Մոսուլի բանտի 670 բանտարկյալի. ՄԱԿ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները հաշվեհարդար են տեսել Իրաքի Մոսուլ քաղաքի բանտի 670 բանտարկյալի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը:
Նա մանրամասնել է, որ դա տեղի է ունեցել հունիսին՝ Իրաքի հյուսիսում ձեռնարկած մասշտաբային հարձակման ժամանակ: Փիլեյը դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման իրականացրած սարսափելի հանցագործությունները՝ ներառյալ սպանությունները, առևանգումները, ստրկավաճառությունը և սեռական բնույթի հանցագործությունները.
«Կրոնական պատկանելության հիման վրա նման սառնասիրտ, պարբերական ու կանխամտածված սպանությունները հանդիսանում են ռազմական հանցանքներ ու մարդկության դեմ հանցանքներ»: ՄԱԿ-ը ենթադրում է, որ «Իսլամական պետությունից» պետք է սպասել սարսափելի նոր հանցագործություններ: