Պարգև Սրբազանը շնորհակալ է Պուտինին, բայց կարծում է, որ խաղաղության միակ երաշխավորը հայ զինվորն է.ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ մի խումբ լրագրողներ, ովքեր գտնվել են Արցախում, հանդիպում են ունեցել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ, ով նաև պատասխանել է լրագրողների հարցերին:

– Սրբազա՛ն, Սոչիի հանդիպումից ի՞նչ հետեւություններ արեցիք, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

– Մի հետևություն կարելի է անել, որ Սոչիի հանդիպումից հետո ավելի հանդարտվեց վիճակը մեր սահմաններում, եւ դրանով մենք պետք է շնորհակալ լինենք Վլադիմիր Պուտինին, դա ակնհայտորեն զգացվեց: Ընդհանրապես եթե մենք բանակցությունների մասին խոսենք, ինձ հաճախ են այդ հարցը տալիս, Մադրիդյան սկզբունքներ, չգիտեմ բուդապեշտյան, կազանյան եւ այլն… ճիշտ է, գիտե՞ք, կա միջազգային չգրված օրենք, եթե պետությունները պայմանավորվում են, եթե համաձայնում են, եթե որեւէ պետություն գրում եւ խոսք է տալիս, իհարկե նա պետք է պահի իր խոստումը:

Սոչիում Սերժ Սարգսյանը մի հետաքրքիր պատասխան տվեց. դիմելով Ադրբեջանի նախագահին՝ ասաց՝ իսկ ՄԱԿ-ի որոշումներից ո՞ր կետն եք պահել եւ պահպանել, մենք ենք, որ անընդհատ մեր խոստումները պահում եւ պահպանում ենք: Ինչ մնում է Մադրիդյան սկզբունքներին, ինձ որ ասում էին՝ ինչ կարծիք ունեք, ես ասում էի` բացասական կարծիք ունեմ այդ սկզբունքների վերաբերյալ եւ այդ կարծիքին էլ միշտ մնալու եմ:

Բացատրեմ, թե ինչու: Այն, որ այդ սկզբունքներով Արցախը պետք է որոշ շրջաններ զիջի, հանրաքվե պետք է լինի, մեզ նեղ միջանցք պետք է տան եւ այլն, բայց անվտանգության երաշխիք գոյություն չունի: Երբ որ ինքդ քեզ հարց ես տալիս՝ լավ, ենթադրենք, մենք զիջումներ արեցինք, ինչի՞ համար, անհասկանալի խոստումների դիմա՞ց, կամ թե տասնհինգ տարի հետո մենք ինչու պետք է նոր հանրաքվե անենք, այս ամենը միշտ անհասկանալի է ինձ համար:

Կամ որ ինչ-որ նեղ միջանցք են տալիս: Հարց՝ ո՞վ պետք է պահի այդ միջանցքը, միջազգային ուժե՞րը… բայց մենք կյանքի փորձից տեսանք: Հարավային Օսեթիայում խաղաղապահ ուժեր էին տեղակայված, Վրաստանը եկավ խփեց գնաց:

ԱՄՆ-ն մտավ Իրաք, դուրս եկավ, ասեց ամեն ինչ խաղաղ է, բայց այսօր տեսնում ենք կոտորած, ցեղասպանություն է կատարվում Հյուսիսային Իրաքում, իսկ ով ասեց, որ մեր պարագայում այդ անվտանգության երաշխիքը հարյուր տոկոսով է լինելու: Ես ինքս այդպիսի երաշխիքների չեմ հավատում: Մեզ համար միակ երաշխիքը մեր Պաշտպանության բանակն է, որը քսան տարի է պահպանում է մեր անվտանգությունը: Դրա համար ես այդ բանակցություններին, այդ սկզբունքներին չեմ հավատում այնպես, ինչպես մեր ժողովուրդը:

– Սրբազան, վերջին շրջանում, երբ առաջնագծում իրավիճակը լարված էր, դարձյալ խոսվեց խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին: Սրբազան, ո՞րն է Ձեր տեսակետն այս առումով:

– Ինձ համար ճշմարիտ խաղաղապահները մեր Պաշտպանության բանակն է, միակ անվտանգության երաշխավորն է: Սա միանշանակ է, այո՛, կարող են մեզ խառնել, ասել գիտեք ինչ կա, արեք խաղաղապահ զորքեր դրեք այլ պետություններից: Նրանք չեն ապահովելու մեր խաղաղությունը: Երբ որ Ադրբեջանը հարձակվի, այդ խաղաղապահ ուժերը փախնելու են, մենք կյանքի փորձից գիտենք: Մեր խաղաղապահ ուժերը, մեր երաշխավորը մեր բանակն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս