Մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են. Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը պատասխանել է երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հարցերին.
– Պարոն Նախագահ, ինձ` որպես տղայի, ավելի շատ մեր երկրի անվտանգության հարցն է անհանգստացնում. ի՞նչ զարգացումներ ունենք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ո՞ւր ենք հասել (Սուրեն Արեենց, «Արմենիա» հեռուստաընկերություն):
– Կարծում եմ, որ վերջերս դուք բավականաչափ տեղեկատվություն ստացաք: Ես ուղղակի ուզում եմ այդ տեղեկատվությանն ավելացնել հետևյալը, որ ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը՝ միջազգային հանրությանը հստակ հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է: Եվ դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր հրամանատարների կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձր մակարդակով: Ես մի անգամ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահը դա չի թաքցնում, և վստահաբար հիմա էլ կարող եմ ասել, որ դա այդպես է: Բայց այս անգամ որոշակի երանգներ կային, և այդ երանգներից մեկն այն է, որ ադրբեջանցիները լրացուցիչ նպատակներ էին դրել: Նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասվում էր՝ մեր աչքը վախեցնելն էր և իրենց ահռելի ծախսերն արդարացնելը: Ուզում էին արդեն որոշակի լրջության աստիճանով ցույց տալ և՛ մեզ, և՛ իրենց ժողովրդին, որ իրենք առավելություն ունեն: Ինչու՞ եմ ասում լրջության աստիճանով, որովհետև վերջին 20 տարիներին, իհարկե, տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր եղել են, բայց երբեք չի եղել, օրինակ, կրակ ականանետերից: Այս անգամ եղավ, և հաստոցավոր նռնականետերից, այսինքն՝ սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, և վտանգը, իհարկե, մեծանում է:
Երկրորդ, կարծում եմ, որ նրանք իրենց քաղաքականությունն էին առաջ տանում: Այսինքն, այս առաջինը, եթե իրենց հաջողվեր, ապա պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին. այն թեզը, թե ռազմական գործողություններ չսկսելը՝ բանակցային գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից: Ծիծաղելի է, բայց փաստ է: Այսինքն, դա փաստարկ չի, դա ուղղակի շանտաժ է: Նաև տարբեր այլ խնդիրներ են իրենք իրենց առջև դրել, և երբ մեր հերթական հանդիպումն էր տեղի ունենում, կարծում եմ, որ նրանք լավ վիճակում չէին: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա 2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք, և Կազանում Ադրբեջանի կողմից բանակցությունների ձախողումը վերջին հանգրվանն էր: Դրանից հետո այդ փաստաթղթում որևէ ուղղում կամ լրացում չի եղել:
Կարծում եմ՝ մեր դիրքորոշումը ձեզ ծանոթ է, նորից չկրկնեմ. մեր ամբողջ նպատակն է, որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Մենք այլ խնդիր չունենք, և ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե՝ նոր զոհերի գնով:
Եթե իմի բերելու լինենք` պիտի ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են:
– Պարոն Նախագահ, այնպիսի տպավորություն է, որ Մաքսային միությունում կարծես թե ուրախ չեն մեզ տեսնել: Արդյո՞ք ճիշտ տպավորություն է ստեղծվել, տեղի՞ն տպավորություն է կամ որտեղի՞ց է այդ տպավորությունը գալիս («Առավոտ» օրաթերթ, Տաթև Հարությունյան):
– Մաքսային միությունը մեկ երկիր չէ, և ես ինչ-որ տեղ, այո, համաձայն եմ այն կարծիքի հետ, որ երևի թե բոլորը չեն ուրախ: Մենք փոքր երկիր ենք, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար: Բայց մյուս կողմից էլ այնպես չէ, որ Մաքսային միության անդամները չեն ցանկանում մեր անդամակցությունը: Եթե չցանկանային, ապա ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և խնդիրն ընդհանրապես առաջ չէր շարժվի: Ճիշտ գնահատականը հետևյալն է՝ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, իբր թե մեզ ստիպում են, որպեսզի մենք արագ և գլխակորույս դառնանք Մաքսային միության անդամ: Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, և ընթացքը, որի համար մեր հասարակության մի մասը մեզ մեղադրում է՝ ասելով, թե ինչու՞ ենք «այսպես գլխապատառ գնում այնտեղ», մեզնով է պայմանավորված, ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով: Այնպես որ՝ նորմալ ընթացք է:
Գիտե՞ք, դա էլ մեր երկրի զարգացման համար փուլային կարևոր մի շրջան է: Ակնհայտ է, որ շատ բան է փոխվելու մեր երկրում: Եվ հանգիստ, հանդարտ, առանց մտավախությունների կամ ամբողջ հանրապետությունով միասնական, մեկ կարծիք ունենալը շատ բարդ է: Կարծում եմ, նորմալ է: Ես որևէ խնդիր չունեմ ոչ այն մարդկանց հետ, ովքեր կոշտ քննադատում են, և ոչ էլ այն մարդկանց, ովքեր ամուր պաշտպանում են այս գաղափարը: Ժամանակը ցույց կտա, և բոլորը կտեսնեն, թե ով էր ճիշտ: Ես նոր ողջունում էի բազեականներիդ և ասում, որ քսանչորս տարի առաջ, երբ Անկախության հռչակագիրն էր ընդունվում, բոլորը չէ, որ միանշանակ ընկալում ունեին: Շատ մարդիկ մտավախություններ, կասկածներ ունեին, բայց փառք Աստծո, այսօր արդեն 2014 թվականն է: Քսանչորս տարի է անցել, և չնայած բարդություններին, դժվարություններին, մեր ընթացքը հաստատուն է:
-Պարո՛ն Նախագահ, այ ասում եք, որ մեզ փոփոխություններ են սպասվում, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, և կուզենայի նաև անդրադառնայիք այն հայտարարությանը, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ պայքարելու է ստվերի դեմ, խոշորին անպայման բերելու են հարկային դաշտ: Հիմա, այսպես ասած, ժամանակ է խնդրել այդ ստվերի դեմ պայքարելու, հարկային դաշտ բերելու համար, ընդդիմությունը հայտարարում է, որ ծրագիրը պարզապես ձախողված է: Ի՞նչ եք կարծում այս առումով, կառավարության այդ քայլերն ի վերջո արդյունք կունենա՞ն: Հովիկ Աբրահամյանն ասաց՝ ես կախարդական փայտիկ չունեմ, որպեսզի մեկ օրում այդ ամենն իրականացնեմ: Ե՞րբ կգա իրականացնելու այդ ժամանակը («Հանրային ռադիո», Արմինե Գևորգյան):
– Նախ այդ փոփոխությունների մասին մենք հետո կխոսենք, որովհետև, նորից եմ ասում՝ մենք բանակցային գործընթացը դեռևս չենք ավարտել, և ավելորդ ջանասիրությունը կամ ջանքերը, ավելորդ փաստարկները օգուտ չեն տալիս այդ գործընթացին: Ինչ վերաբերում է կառավարության հայտարարությանը, ապա ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է: Նախ պիտի ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր անմիջականորեն չեն աշխատում այդ խնդրով, լավ պատկերացում չունեն ստվերի մասին, ընդհանրապես մեր տնտեսության մասին: Եվ ասել, որ մինչ Հովիկ Աբրահամյանը ընդհանրապես ստվերն ահռելի է եղել տնտեսության մեջ, ես չեմ կիսում այդ կարծիքը կամ ասել, որ այս ընթացքում այդ ուղղությամբ աշխատանք չի տարվել, նորից չեմ կիսում այդ կարծիքը: Գիտեք, ցանկացած խնդրի մասին խոսելիս պետք է տրամաբանական մոտեցում ցուցաբերել և հասկանալ, թե որոնք են չափանիշները, որոնցով գնահատելու ես այդ գործընթացը:
Մարդիկ, երբ ասում են ստվեր կա կամ ստվերը յոթանասուն տոկոս է, որտեղի՞ց գիտեն, այսինքն՝ այդ մարդիկ ի՞նչ է, ունեն սեփական վիճակագրական վարչությո՞ւն: Միակ բանը, որով կարող են իրենք դատել այդ մասին՝ իրենց գործունեությամբ, բիզնեսով, իրենց հարևանների և բարեկամների բիզնեսով է, երբ գիտեն, որ իրենք, իրենց հարևանները, իրենց բարեկամները ստվերում են աշխատում: Հակառակ պարագայում, որտեղի՞ց գիտեն: Իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհում դա ինչպե՞ս է չափվում. չափվում է հետևյալով, թե համախառն ներքին արդյունքի ո՞ր մասն է գալիս բյուջե հարկերի տեսքով, և երբ մենք մոտ տասը տարի առաջ ունեինք տասներեք տոկոս հավաքելիություն, այսօր ունենք քսաներկու տոկոս: Հիմա հաշվեք՝ մեր երկրում ստվերը կրճատվե՞լ է, թե՞ ավելացել: Սա՛ է ամբողջ իրականությունը: Իհարկե, ես կցանկանայի, որ այդ տոկոսը հասներ քսանութ, քսանինը, երեսուն, ինչպես զարգացած երկրներում, բայց, իրոք, Հովիկ Աբրահամյանը շատ ճիշտ է ասում՝ չկա կախարդական փայտիկ, որով շատ կարճ ժամանակում կարելի է դրան հասնել:
Մեր հարևանների մոտ էլ, մեծ տարբերություն չկա մեզնից: Նայեք, տեսեք մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին. ես չեմ ասում շատ է զարգացել, և մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք՝ մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, իսկ դա ինչպե՞ս է եղել, որտեղի՞ց: Մենք չունենք բյուջեի համալրման այլ աղբյուր, քան մեր հարկերը ու նաև մեր վերցրած վարկերը:
– Պարո՛ն Նախագահ, բայց տեսեք՝ մենք խոսում ենք թվերի լեզվով, բայց դրա հետ մեկտեղ ահագնանում է նաև արտագաղթը: Չենք կարող հերքել, որ այդ փաստը այսօր Հայաստանում չկա:
– Ի՞նչ է նշանակում ահագնանում է: Կարո՞ղ եք ինձ բացատրել, ի՞նչ է նշանակում ահագնանալ:
-Թռիչքային աճը:
-Բայց աճո՞ւմ է:
-Այո:
– Ո՞վ է ասում, ո՞վ է Ձեզ ասել:
– Դատելով հարևանների փակ դռներից, բարեկամների…
– Այ տեսո՞ւմ եք, Դուք ենթադրություններով եք զբաղվում: Մենք ունենք վիճվարչություն, որը շատ հստակորեն բոլոր թվերը տալիս է. անցյալ տարի կրճատվել է, և այս տարվա թվերը խոսում են այն մասին, որ այս տարի էլ ավելի է կրճատվելու: Ահագնանալը ո՞րն է: Գիտեք, ահագնանալը ջրի հոսքի մասին են ասում, երբ որ հեղեղ է սկսվում, մի առու է լինում, հետո այդ առուն գետի է վերածվում, ահագնանալը ես այդպես եմ հասկանում հայերենով:
– Մենք թվերի լեզվով…
– Այո, թվերի լեզվով, խնդրում եմ Ձեզ՝ վիճվարչության տվյալներով: Համակարգիչ ունե՞ք այստեղ:
– Այո:
– Կգնաք, կբացեք վիճվարչության թվերը, կնայեք: Ես մեկ անգամ այդ թեմայով ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում շեշտել՝ մենք միայն անցյալ տարի ամբողջությամբ, և նախանցյալ տարի մասնակի, կարողացել ենք ամբողջովին վերահսկել մեր սահմանները. մենք մինչ այդ չունեինք համակարգ, որը ավտոմատիզացված կերպով բոլորին ֆիքսում էր: Իսկ նույնիսկ այդ մոտավոր տվյալները խոսում են այն մասին, որ 90-ական թվականներին շատ-շատ մեծ էր արտագաղթը: Եթե ձեզնից մեկը փորձի ավելի ավագներին հարցնել, թե 1993-94 թվականներին ինչ վիճակ էր, որ հետաքրքրվում եք Ձեր բարեկամով և ծանոթներով, մի հատ էլ հետաքրքրվեք տեսեք՝ իրենց բարեկամները, ծանոթներն ի՞նչ էին այն ժամանակ կարծում. բոլորին թվում էր, թե Հայաստանում մարդ չի մնացել: Հիմա խնդրում եմ շարունակեք:
– Աղքատության ցուցանիշները նաև Դուք էլ ասում եք, որ բարձր են: Վարչապետն էլ չի հերքում, որ մարդիկ արտագաղթում են Հայաստանից նաև աշխատանք չունենալու պատճառով, գործազրկության: Բայց նաև այլ կողմեր կան. շատերն այսօր եթե գնում են Հայաստանից՝ վիրավորված են գնում: Ասում են, որ օրենքի գերակայություն չկա, անարդարությունից են գնում: Ես բերում եմ իմ նյութերից զրուցակիցներիս ցիտատները, այսինքն՝ սովորական բնակիչների: Դուք համաձա՞յն եք դրա հետ, թե՞ ոչ: Ի՞նչ եք կարծում այդ մասին:
– Ոչ, ես համաձայն չեմ, և ես համարում եմ, որ մարդիկ, ովքեր գնում են Հայաստանից, ճնշող մեծամասնությամբ գնում են այն պայմանների հետևից, որոնց ձգտում են: Տեսեք, ամբողջ խնդիրն այն է, որ արտագաղթը միայն մեզ չէ բնորոշ: Բնորոշ է բոլոր հետխորհրդային երկրներին: Շատ լավ կլիներ, որ այստեղ էլ ծանոթանայիք, թե, օրինակ, Ռուսաստանից, այլ երկրներից ինչքա՞ն մարդ է արտագաղթել: Բայց դա բնորոշ է նաև Մերձբալթյան երկրներին, Արևելյան Եվրոպայի երկրներին: Ես խնդրում եմ, փորձեք ճշտել, թե 2013 թվականից Ֆրանսիայից քանի բարձրագույն կրթությամբ երիտասարդ է արտագաղթել և կտեսնեք, որ դա բոլորին է բնորոշ: Խնդիրն այն է, որ մենք քիչ ենք, և մեզ համար դա, իրոք, կրկնակի վատ ազդեցություն ունի:
Բայց մյուս կողմից էլ Դուք պետք է հասկանաք նաև, որ ուրիշների համեմատ կա երկու, առնվազն երկու լրացուցիչ պատճառ, որը խթանում է արտագաղթը: Առաջինը հայկական սփյուռքի առկայությունն է, որ մագնիսի պես քաշում է բոլորին: Եվ եթե գնացողներին հարցնեք՝ ո՞ւր եք գնում, ասում են՝ գնում ենք Մոսկվա մեր ընկերոջ հետ, չգիտեմ, բիզնես դնելու, գնում ենք ընկերոջ, բարեկամի մոտ և այլն: Սա լրացուցիչ հանգամանք է: Եվ երկրորդ հանգամանքը կա՝ մենք ունենք չավարտված պատերազմ, կա անվտանգության խնդիր, ծնողներն անհանգստանում են և այլն: Ես կարող եմ այլ լրացուցիչ պատճառներ էլ ասել, բայց չեմ ուզում չարախոսների բերանում լեզու դնել, հասկանո՞ւմ եք, որպեսզի վաղը այդ փաստարկներն չօգտագործեն մեր դեմ. ես նկատի չունեմ մեր երկրի ներսում: Այնպես որ՝ կա, այդ խնդիրը կա, բայց ես կատեգորիկ համաձայն չեմ Ձեզ հետ ահագնանալու մասով:
– Իմ հարցը վերաբերում է ներքաղաքական իրավիճակին և, հատկապես, ընդդիմությանը: Ընդդիմությունը մոտ երկու-երեք ամիս առաջ հայտարարեց, որ աշունը թեժ է լինելու և աշնանը խոստանում է շատ մեծ փոփոխություններ ու հատկապես սեպտեմբերին խոստացել են շատ մեծ, իրենց իսկ խոսքերով՝ հուժկու հանրահավաք: Մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսը պահանջում է Ձեր հրաժարականը («Ա1+ հեռուստաընկերություն», Նարինե Իրիցյան):
-Իրո՞ք:
– Նկատի ունեմ՝ քառյակից հատկապես հենց Հայ ազգային կոնգրեսն է, որ շեշտադրումը դնում է հատկապես այդ հանգամանքի վրա: Ցանկանում եմ Ձեր կարծիքն իմանալ՝ արդյո՞ք կարդարանան իրենց սպասելիքները, և Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք:
– Գիտե՞ք, իմ խորը համոզմամբ, իշխանության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ: Այլ ժամանակ իշխանության խնդիր լուծել, նշանակում է՝ օրենքից դուրս գտնվել: Այ, ինչպես քիչ առաջ ասացիք՝ կապված արդարության, օրենքի գերակայության հետ, մենք միշտ այդպես ենք վարվել և այսուհետ էլ այդպես ենք վարվելու: Խնդրեմ, եթե դժգոհություն ունեն՝ արտահայտեն իրենց դժգոհությունը: Փառք Աստծո, Հայաստանում դժգոհություն արտահայտող մամուլի պակաս չկա: Ինչ ասեմ, ուզում են, որպեսզի իրենց այդ դժգոհությունը շատ ավելի ազդեցի՞կ լինի, թող փողոց դուրս գան, այնպես, ինչպես իրենց դժգոհությունը, իրենց ցանկությունները հայտնելու բազմաթիվ ցույցեր են եղել Հայաստանում: Ուզում են, թող հանրահավաքներ անեն, բայց այդ ամենը պետք է լինի օրենքի շրջանակներում: Ես չեմ կարծում, որ իրենք կողմ են անօրինականությանը. իրենք էլ են ուզում, որ մենք լավ երկիր ունենանք, ուղղակի, իրենց պատկերացումները տարբերվում են մեր պատկերացումներից: Կցանկանայի, որ իրենք էլ հստակորեն գիտակցեն, որ ամեն ինչը պետք է անեն օրենքի շրջանակներում:
Իսկ կարո՞ղ եք ինձ ասել մի տարի, երբ չէին ասում, որ աշունը թեժ է լինելու: Միշտ էլ ասում են: Իրոք, դա այդպես է. ամռանը քաղաքական կյանքը մեռնում է, և աշնանը քաղաքական կյանքը ամառվա համեմատ շատ ավելի ակտիվ է լինում, բայց կրկնում եմ՝ ամեն ինչը չափի մեջ, դա մեր երկրի համար շատ լավ և՛ միտում է, և՛ իրականություն: Երկիրը պետք է զարգանա, քաղաքացիական հասարակությունը պետք է զարգանա: Այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում: Սակայն նորից եմ ասում՝ պետք է կռվեն գաղափարները և ոչ թե՝ ոստիկաններն ու ապստամբները:
– Անդրադառնալով քաղաքացիական հասարակությանը, որի մասին նաև Դուք նշեցիք, հատկապես այս վերջին շրջանում, մոտ մեկ տարի է՝ ակտիվ է հատկապես «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժումը, և պայքարը շարունակվում է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ: 1974 թվականին և հետո ծնվածները դարձյալ դժգոհ են նոր օրինագծից, որը կառավարությունը ներկայացրեց: Արդյո՞ք Դուք կնպաստեք կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կփորձի ևս մեկ անգամ անդրադառնալ օրենքին և նորից փոփոխություններ անել, որպեսզի այդ դժգոհությունները գնալով մարեն:
– Չեմ կարծում, որովհետև կառավարությունը չի կարող ցանկացած հարցի, այդ թվում՝ շատ բարդ հարցի, ամեն ամիս անդրադառնալ, այլապես դա լուրջ չի լինի: Ես կարծում եմ՝ կառավարությունը լրջորեն խորհել է, անդրադարձել է, որոշում է ընդունել և այդ որոշումն ստացել է օրենքի նախագծի տեսք, նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենք, ընդ որում՝ դա արել է նոր կառավարությունը: Կարծում եմ՝ այս առումով մենք ուրիշ ակնկալիք չպետք է ունենանք, առավել ևս, որ իմ տեսակետին, կարծում եմ, բոլորդ ծանոթ եք. ես կողմ եմ կենսաթոշակային այն համակարգին, այն բարեփոխումներին, որ նախկին կառավարությունը ներկայացրել էր: Մենք հարգում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը: Իհարկե, այդ կարծիքը մեր որոշումների վրա ազդեցություն ունենում է, բայց համաձայնեք՝ եթե որոշում ընդունողները մենք ենք, պատասխանատուն մենք ենք, ապա մենք չենք կարող բոլորի կարծիքը հաշվի առնել, առավել ևս, որ կարծիքների մեծ բազմազանություն կա: Որ կարծիքն էլ հաշվի առնենք, միևնույն է, դժգոհներ լինելու են: Պատասխանատուն իշխանությունն է, իշխանությունն ընդունում է որոշումներ և այդ որոշումները կատարում է, այնուհետև՝ ընտրություններից առաջ հաշվետու է լինում իր կատարած աշխատանքի համար, նոր ընտրություններ են լինում, և եթե ընտրություններում իշխանությունները հաղթում են, ուրեմն՝ այդ որոշումները ճիշտ էին: Որպես պետություն արդեն բավականաչափ ճանապարհ ենք անցել և պիտի կարողանանք արագ անցնել, իսկ արագ անցնելու համար մահակ պետք չի, մահակը խանգարում է: Մենք ինքներս ենք կողմ բաց հասարակությանը: Բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի և օրենքով նախատեսված:
-Պարո՛ն Նախագահ, հարցս վերաբերում է Սահմանադրական բարեփոխումներին: Կցանկանայի իմանալ՝ տեղի ունեցան տարբեր քննարկումներ, այդ թվում նաև մարզերում, ի՞նչ փուլում է այժմ գործընթացը: Կա՞ն արդյոք որոշակի արդյունքներ (Լիլիթ Հովհաննիսյան, armef.com կայք):
– Գործընթացն ամբողջովին թափանցիկ է և վերջերս, լավ չեմ հիշում, կարծեմ մեկ ամիս առաջ, մենք դրան անրադարձանք և ասացինք, որ հանձնաժողովին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննարկումների աշխարհագրությունն ընդլայնի, և եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերին է նախատեսված, որ իրենք ընդհանրացնեն իրենց քննարկումների արդյունքներն ու ներկայացնեն, թե ի՞նչ են արել, ինչպիսի՞ ընթացք է ունեցել, և ինչպիսի՞ առաջարկություններ ունեն: Հոկտեմբերին ես պետք է ստորագրեմ հայեցակարգը, որն այնուհետև պետք է նորից քննարկումների փուլ անցնի, մասնագետները պետք է տեքստ պատրաստեն: Եթե գանք համաձայնության՝ այնուհետև պետք է որոշում կայացվի, օրենք ընդունվի հանրաքվե անցկացնելու մասին, և եթե հանրաքվեն դրական արդյունք ունենա, ուրեմն՝ մենք կունենանք նոր Սահմանադրություն կամ Սահմանադրության փոփոխված տարբերակ:
– Միանշանա՛կ, պարոն Նախագահ: Դեռ մի բան էլ անհավասար պայմաններում մեր տղաները հաղթել են:
– Ինչո՞ւ անհավասար:
– Որովհետև իրենք տասնութ տարեկան զինծառայողներ են եղել, իսկ նրանք՝ պայմանագրային:
– Ուրեմն, ուզում եմ ձեզ ասել, որ ամենալավ կռվողները երիտասարդներն են: Ես իմ փորձից եմ ասում:
– Տաքարյուն են:
– Ակնհայտ է, ամբողջ աշխարհում էլ այսպես է, իհարկե, փորձառու հրամանատարը պարտադիր պայման է, բայց երիտասարդը ուրիշ բան է:
– Դա էի ասում: Անհավասար պայմաններում: 1400 ձիաուժ է եղել ռուսական տանկինը, մերը՝ 700, նրանք եղել են զինծառայող….
– Դրանք անհավասար պայմաններ չեն: Մենք դատապարտված ենք այդպիսին լինել: Ուրեմն այդպես պետք է լինի:
– Պարոն Նախագահ, նաև նման հավաքները, վստահ եղեք, նպաստում են, որպեսզի մեր երիտասարդության մեջ ոգին ամրապնդվի (Սուրեն Արեենց):
– Ես վստահ եմ: Նորից եմ ասում, դրա համար իմ մեջ չարություն չկա որևէ լրատվամիջոցի նկատմամբ, նույնիսկ այն լրատվամիջոցի, որն ամեն օր ուղղակի թույն է թափում իմ հասցեին: Անկեղծ եմ ասում՝ իմ մեջ չարություն չկա նրանց նկատմամբ: Մեկ-մեկ խղճում եմ, որովհետև իրենք իրենց կամքով չեն անում, չէ՞, դա:
– Լինելով «Բազեում»՝ մենք հասկացանք, որ նման միջոցառումները պարզապես պարտադիր են երիտասարդության համար, որովհետև այստեղ ևս մեկ անգամ բանակի հետ կապված վստահությունը ամրապնդվեց, այս հավաքը իրար հետ մտերմությունը և՛ սահմանամերձ, և՛ երևանաբնակ երիտասարդներին միմյանց կապելու այս մեծ նպատակին է ծառայում: Եվ կցանկանանք, որպեսզի նման հավաքները պարզապես իրենց շարունակությունն ունենան:
– Դա անհրաժեշտություն է: Ես շատ եմ լինում մեր համայնքներում, նկատի ունեմ՝ Սփյուռքում և այլն: Շատ գործարարներ են գալիս Սփյուռքից և մշտապես ինձ հարցնում են՝ ի՞նչ անենք: Ես ասում եմ՝ նվազագույնը, խնդրում եմ, այնպես արեք, որ ձեր համայնքի ներկայացուցիչները, ձեր ենթակաները, աշխատողները գոնե մի անգամ գան Հայաստան: Գոնե մի անգամ գան, երկու, երեք օր ապրեն և տեսնեն նախ իրականությունը և երկրորդը՝ ես վստահ եմ, որ այդքան չարախոսելուց, այդքան բամբասանքներից հետո իրականությունը տասն անգամ ավելի է լինելու լավ, քան իրենց պատկերացումները Հայաստանի մասին: Հիմա այդ նույնն էլ ասում եմ լրագրողական դաշտի բոլոր ներկայացուցիչներին, որ տարին մեկ անգամ, երկու անգամ գնան Ղարաբաղ, գնան ու տեսնեն այդ կրակի բերանում ապրող մարդիկ ինչպիսի՞ լավատեսություն ունեն, մտնեն մեր զորամասեր, և այն ժամանակ կյանքը շատ ավելի հետաքրքիր է լինելու: Այս չարությամբ ոչնչի չես կարող հասնել: Ինձ համար աշխարհի ամենավատ բաները չարությունը, տգիտությունը և նախանձն են: Դրանք, իրոք, շատ վատ բաներ են: Այդպիսի հատկություններով օժտված անհատականությունը երբեք չի կարող ճիշտ որոշումներ կայացնել՝ որքան էլ խելոք լինի, քանի աստղ էլ նրա ճակատին լինի: Հաջողություն: