«ՄՄ և ԵՏՄ գոտիներ մուտք գործելուց հետո մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում». Սերգո Կարապետյան

Գյուղատնտեսությա նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց այս տարվա յոթ ամիսների ընթացքում գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումներն ու բացթողումները` հայտարարելով, թե, չնայած բնական աղետների պատճառած վնասների, ընդհանուր առմամբ ոլորտում առկա են դրական տեղաշարժեր:

Նրա փոխանցմամբ՝ 2014թ. հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 316.1 մլրդ դրամ, որը 3.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը, իսկ հունվար-մայիս ամիսներին աճի տեմպը կազմել է 5.4 տոկոս:

Ընթացիկ տարվա կարևոր ձեռքբերումներից է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարջրացումը, ըստ պաշտոնական տվյալների՝ ցանքատարածությունները կազմել են 332.7 հազար հա, գերազանցել են նախորդ տարվա մակարդակը շուրջ 14.6 հազար հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը, Ս. Կարապետյանի խոսքով՝ կազմում է 74.2 տոկոս, նախորդ տարվա 71.0 տոկոսի դիմաց:

«Ընդ որում՝ 10.2 հազար հեկտարը հացահատիկային կուլտուրաների տակ են ավելացել, որից 7100 հեկտարը ցորենի արտադրության համար:  Եթե այս տեմպերով գնանք, մինչև 2020թ. մեր հողերի մեծ մասը կօգտագործենք: 448 հազար հեկտարից անմշակ կմնա մոտավորապես 18-20 հազար հեկտար վարելահող, որոնք աղակալած, ճահճացած հողեր են և արտադրության մեջ ներառելու համար մեծ ֆինանսական ծախսեր են պահանջվում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ եթե 2010 թ. ցորենի ինքնաբավության մակարդակը 33 տոկոս էր, ապա այս տարի այն հասնում է 51 տոկոսի: «Պարենային անվտանգության ծրագրով մեր առջև խնդիր ենք դրել մինչև 2020թ. ցորենի ինքնաբավության մակարդակը հասցնել 60 տոկոսի, որից ավել չենք կարող ավելացնել և դա մեզ բավարար է», – ասաց Ս. Կարապետյանը:

Գյուղնախարը վստահեցրեց, որ 2011թ. բավարարվում են բոլոր գուղացիական տնտեսությունների պահանջարկը՝ պարարտանյութերի և դիզվառելիքի առումով. «Այս տարի առաջին անգամ հանրապետություն ներկրվեցին ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր, ինչը շատ կարևոր էր, որովհետև անկախացումից հետո մեր հողերը չէին պարարտացել այդ երկու պարարտանյութերով, միայն ազոտական պարարտանյութ էր ներկրվում»:

Կարևոր համարվող մթերման խնդիրների առումով՝ աշխատանքներ են տարվել գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման ուղղությամբ. «Սկսվել են պտուղ-բանջարեղենի մթերումները և 2014թ. օգոստոսի 22-ի դրությամբ մթերվել է 7759.9 տոննա բանջարեղեն և 1677.9 տոննա պտուղ: Մթերումների նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև դրանց արտահանման և վաճառքի աջակցության ուղղությամբ: 2014թ. օգոստոսի 22-ի դրությամբ հանրապետությունից արտահանվելէ 29.6 հազ. տոննա պտուղաբանջարեղեն, խողող, կարտոֆիլ: Այս տարի միայն խնդիր ունեցանք՝ ծիրանի արտադրության և արտահանման, մթերման առումով: Եթե նախորդ տարի մենք արտադրել ենք 88.9 հազար տոննա ծիրան, ապա այս տարի ունեցանք մոտավորապես 12 հազար տոննա ծիրան, որից 1792 տոննան արտահանել ենք, 1601 տոննա վերամշակող ձեռնարկություններն են մթերել, մանացածը թարմ վիճակում իրացվել է շուկաներում»:

Խոսելով բնակլիմայական պատճառներով գյուղատնտեսություններին հասցված վնասներից ասաց, որ հատկապես մարտի 30- ից ապրիլի 1-ի ցրտահարությունների սկսելուց և դրանից հետո կարկտահարության հաճախակիությունից ելնելով՝ մեր լրատվամիջոցները շատ ակտիվ կերպով ներկայացնում էին մարզերում տիրող վիճակը.

«Դա նորություն չէ: Ժողովրդի մեջ այն տպավորությունը ստեղծվեց, որ այս տարվա բերքն ամբողջապես ոչնչացավ, գյուղատնտեսության ոլորտն էլ զարգացում չի ունենա, շուկաներում պտուղ, բանջարեղեն չի լինի: Այս տարի միայն ծիրանն էր քիչ, բայց մյուս պտուղները շատ առատ են, հատկապես դեղձը: Իմ կանխատեսումներով՝ այս տարի կարտահանենք 3000 տոննայից ավել դեղձ: Քանի որ Ռուսաստանում շատ երկրներից սննդամթերք, պարենամթերք ներկրելու առումով մեծ սահմանափակումներ են մտցրել, մեզ համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվել արտահանման ծավալներն ավելացնելու համար: ՄՄ և ԵՏՄ գոտիներ մուտք գործելուց հետո մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում և այս սահմանափակումները նպաստում են, որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնենք: Հիմա աշխատում ենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր կազմելու վրա, որովհետև արտահանման ծավալներն ավելացնելը մեկ օրվա խնդիր չէ, բայց լիարժեք հնարավոություններ ունենք այս տարի մեր արտահանման ծավալները կրկնապատկելու»:
Գյւողնախարարը նշեց, որ իրականացված աշխատանքների հետ մեկտեղ ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ. «Սա այն ոլորտն է, որ մեծ ներդումներ է պահանջում և շատ ռիսկային է : Առաջնային խնդիրներից է տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես գյուղատնտեսությունում կոպերացիայի , տնտեսվարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով՝ արտադրության արդյունավետ բարձրացումը: Կարևոր են նաև վարկերի մատչելիության բարձրացման ծրագրերի շարունակումը, ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար նախադրյալների ստեղծումը և այլն»:

 

Տեսանյութեր

Լրահոս