Գագիկ Սուխուդյան. «Ես հիմա հասկանում եմ, թե ինչու Արարատն ու Վանա լիճը մերը չեն»

Կիլիկիա առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը և բնապահպան Գագիկ Սուխուդյանն այսօրվա ասուլիսին խոսեցին Սևանա լճի հրատապ լուծում պահանջող խնդիրներից: Բնապահպան Գագիկ Սուխուդյանն ասաց, որ բնապահպանները անհանգիստ են ԱԺ այն որոշումից, որ 170 խորանարդ մետր ջուր բաց թողնելու փոխարեն՝ ավելացրեցին մինչև 240, իսկ խոսակցություններն արդեն 270 խորանարդ մետրի մասին են. «Ջրի մակարդակի բարձրանալով՝ բարձրացել էր ջրի որակը, իսկ հիմա նորից ուզում են Սևանի բախտի հետ խաղալ: Մենք Սևանին նայում ենք որպես ոռոգման ջրամբար, բայց այդպես չի կարելի»:

Բնապահպանի կարծիքով՝ նոր սերունդը մոռացել է, որ ջուրը սուրբ է եղել հայերի համար. «Հիմա ջուրը օգտագործում են շատ անփույթ ձևով՝ մեքենա են լվանում, գետերը սարքել են աղբատարներ, իսկ Սևան թափվող բոլոր 28 գետերը ակունքներից սկսվում են որպես խմելու ջուր և լցվում են լիճ, որպես կոյուղի: Միայն Արփա-Սևան ջրանցքն է համեմատաբար մաքուր, որովհետև չի մտնում գյուղեր: Սևանից դուրս եկող Հրազդան գետի վիճակը ևս սարսափելի է: Ջուրը մի օր կնեղանա մեզնից: Վտանգված է ամբողջ Սևանը»:

Նավապետ Կարեն Բալայանն ասաց, որ 2012թ. Սևանի ջրի թափանցիկությունը կտրուկ բարձրացավ, այսինքն՝ Սևանը միացել է իր ինքնամաքրման մեխանիզմին. «Սա նշանակում է , որ գիտնականները ճիշտ էին, երբ աասում էին, որ Սևանը պահպանելու համար ջրի մակարդակը պետք է բարձրացվի: Այդ տարի , երբ 6 մետրով բարձրացրին ջրի մակարդակը՝ թափանցիկությունը դարձավ մինչև 15 մետր: Մինչ այդ, երբ մակարդակը ցածր էր և ջրի ջերմաստիճանը բարձր էր, ջրի մեջ բազմանում էին կապտականաչ ջրիմուռները, որոնց պատճառով ջրի թափանցիկությունը ցածր էր: Հիմա նորից ջրի որակը կվատանա»:

Նավապետին անհանգստացնում է նաև ձկնաբուծարանների սպառած ջրի քանակը. «Ձկնաբուծարանների սեփականատերերը պետք է սարքեր ներմուծեն, որպեսզի ջուրը մաքրվի և երկրորդ անգամ կարողանան օգտագործել: Այդպես ջրի ծախսը կտրուկ կնվազի: Հասկանալի է, որ դրա համար լրացուցիչ գումար է պետք ներդնել, բայց գումար աշխատելուց առաջ մի քիչ էլ թող բնության մասին մտածեն ու խնայողաբար օգտագործեն ջուրը: Մենք այն քոչվոր ցեղերից չենք, որ եկել , օգտագործել ու այլևս չենք վերադառնալու, մենք այստեղ պետք է ապրենք»:

Շարունակելով այս միտքը՝ բնապահպանն ասաց, որ մենք ձկնարտադրության բնական ճանապարհները վերացրել ենք ու հիմա դիմում ենք արհեստական եղանակներին. «Գետերը մտցրել են խողովակների մեջ, Սևանում ձուկը գրեթե վերացավ և Արարատյան դաշտում փոխանակ գյուղատնտեսությամբ զբաղվելու՝ փոխեցինք մեր տնտեսությունը: Հարկավոր է վերադառնալ բնական գործարաններին: Մենք գետերին չենք նայում, որպես գործարաններ, իսկ դրանք հարկավոր է հսկել»:

Նավապետը խնդրի լուծումը տեսնում է տիրոջ հոգեբանության վերականգնման մեջ. «Պետք է հասկանանք, որ սա մերն է ու մտածենք պահպանելու մասին: Չպետք է թույլ տանք, որ մի քանի տարի առաջվա իրավիճակը կրկնվի»:

Հարցին, թե մաքրվո՞ւմ են արդյոք ափամերձ տարածքները, բնապահպանը պատասխանեց, որ պետք չէր մեքենաներ գնել՝ ջրի միջից ծառերը հանելու համար. «Մենք այդ ժամանակ առաջարկեցինք, որ դրանք անվճար տրեմադրեն գյուղացիներին, որպես վառելանյութ, հսկեն, որ արմատախիլ արվեն այդ ծառերը, բայց մեր առաջարկությունը չանցավ: Փոխարենը Եվրոպայից մեքենաներ ներմուծեցին, ՍՊԸ բացեցին ու սկսեցին «մեյմունություններ» անել: Ես հիմա հասկանում եմ, թե ինչու Արարատն ու Վանա լիճը մերը չեն, մենք արժանի վերաբերմունք չենք ցույց տալիս մեր բնությանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս