Բաժիններ՝

Ինչո՞ւ է «Դ!եմ եմ»-ը ֆլեշմոբ անում Ֆեյսբուքում

 Արդեն երկու օր է՝ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները ֆեյսբուքյան՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբում ֆլեշմոբ են անցկացնում:

Մասնակիցները գրառումներ են կատարում, որոնք, օրինակ, ունեն մոտավորապես հետևյալ բովանդակությունը. «Ես Լևոն Զաքարյանն եմ, ՀՀ քաղաքացի, աշխատում եմ և վճարում եմ հարկեր իմ երկրի համար, այդ թվում նաև սոցիալական վճարներ: Չեմ պատրաստվում և ոչ մի կոպեկ իմ աշխատավարձից փոխանցել նպատակային սոցիալական վճար կոչված թալանի համար ո՛չ հիմա և ո՛չ էլ առավել ևս 2017 թվականի հունիսից հետո»:

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, մասնագիտությամբ ծրագրավորող Մանուկ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆեյսբուքյան այս ֆլեշմոբը նպատակ ունի ուշադրություն հրավիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի թերությունների վրա: Այդ թերություններից մեկն, ըստ նրա, այն է, որ սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու դիմումի ձևը հրապարակվեց օգոստոսի 15-ին, և մասնակիցներն ու գործատուները էլեկտրոնային եղանակով իրենց դիմումները և եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը պետք է հասցնեն ներկայացնել մինչև օգոստոսի 20-ը: Մանուկ Զաքարյանը այս ժամկետները շատ կասկածելի է համարում: «Այստեղ նրանք նորից խորամանկ քայլի են դիմել, թողել են օգոստոսի 15-ին: Ստացվում է, որ օգոստոսի 15-ից հետո երեք օր ոչ աշխատանքային օր է, և ընդամենը մի քանի օր կա հաշվետվությունները ներկայացնելու համար: Այդ օրերն են օգոստոսի 19-ը և 20-ը: Փաստացիորեն, եթե մարդիկ կամ հաշվապահները չկարողանան ինչ-որ դիմումներ գրել, հաշվետվությունները կատարել, ստացվում է՝ արհեստականորեն տեխնիկական խոչընդոտներ են ստեղծում, որ այդ մարդկանց թեկուզ այս մեկ ամսվա վճարները կորզեն»,- ասում է նա: Այսինքն՝ եթե քաղաքացին հրաժարվում է սոցիալական վճար կատարել, այդ դեպքում պետք է դիմում ներկայացնի գործատուին:

Բայց այսքանով խնդիրը չի լուծվում. էլեկտրոնային տարբերակով պետք է բոլոր հաշվապահները, գործատուները իրենց այն աշխատակիցների համար, որոնք չեն ցանկանում կատարել պարտադիր սոցիալական վճարը, հաշվետվություններն ուղարկեն հարկային մարմին: Հիմա ստացվում է, որ հաշվապահներն ունեն ընդամենը երկու օր ժամանակ՝ հաշվետվությունները կազմելու և ուղարկելու համար: «Հաշվետվության մեջ դիմումի հատուկ ձև կա՝ սոցիալական վճարից հրաժարվելու դիմում: Ըստ այս նոր խմբագրության կրկին դիմումներ պետք է ներկայացվեն՝ վճար կատարելուց հրաժարվելու համար: Դա մարդու կամքին հակառակ արված որոշում է: Ստացվում է, որ իշխանությունները մարդկանց երկընտրանքի առջև են դնում. մի կողմից մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ սեփականության իրավունքը, մյուս կողմից՝ կամքի արտահայտումը: Մենք չենք ուզում, որ մեր գումարները պահեն, արդեն մեկ տարի է՝ բողոքի ցույցերով, ակցիաներով ասում ենք դրա մասին: Բացի այդ՝ չենք ուզում, որ մեր կամքին հակառակ ստիպված լինենք նման դիմում լրացնել էլեկտրոնային հաշվետվության ձևերում: Այդ դիմումները ևս պարունակում են հակասահմանադրական կետ, ըստ որի տեղեկացնում են մարդկանց, որ այդ սոց. վճարից հնարավոր է ազատվել մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը մասնավոր սեկտորի համար, և հետո պարտավորեցնում են, որպեսզի դրանից հետո նրանք կատարեն վճարումները»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչպես են փորձելու ստեղծված իրավիճակից ելք գտնել, Մանուկ Զաքարյանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն մոտակա մի քանի օրվա ընթացքում. «Շատ հնարավոր է, որ նախաձեռնությունը բողոքի ակցիա անի, և բազմաթիվ կետերից մեկը լինի նաև պահանջը այն մասին, որ այդ դիմումի տեսքը փոխեն: Չի բացառվում, որ գրավոր կերպով ասեմ, որ համաձայնությունս չեմ տալիս ինձանից պահումներ անել ո՛չ հիմա, ո՛չ էլ 2017-ից սկսած: Ես արդեն իսկ ներկայացրել եմ դիմում, որ չեմ ցանկանում որ պահում անեն: Նման հիմար բան որոշելու համար պետք է պատասխան տան ու մեկնաբանեն, թե ինչպես կարելի է մի ձեռքով ազատել վճարում անելու պատասխանատվությունից, մյուս կողմից էլ պարտավորեցնել դա անել 3 տարի հետո: Մենք այս հարցը ուշադրության կենտրոնում ենք պահելու և փորձելու ենք ամեն ինչ անել, որ այդ օրենքը չգործի: Եթե հիմա չստացվի դա անել, նույնը փորձելու ենք անել 2017 թվականից հետո, որպեսզի այդ խայտառակ օրենքը չգործի»:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակային վճարը» պետք է համապատասխանեցվեր Սահմանադրությանը: Ըստ Մանուկ Զաքարյանի՝ այն նույն խնդիրները, որ ժամանակին Սահմանադրական դատարանը բացահայտել էր, դեռ չեն լուծվել և ոչինչ չի փոխվել. «Իշխանությունները ոչ մի բան չփոխեցին, ուղղակի վճարի անունը փոխեցին՝ դարձնելով նպատակային սոցիալական վճար: Ստացվում է, որ իրենք իրենց խոսքով հաստատում էին, որ սոցիալական վճարները աննպատակ էին: Եվ, հիմա նրանք ուղղակի լրացուցիչ հարկային բեռ են ավելացնում մարդկանց վրա, քանի որ առանց այն էլ քաղաքացին վճարում է հարկեր, որի մեջ ներառված են նաև սոցիալական վճարները»:

Բավական Ափիցարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս