Բաժիններ՝

«Ռուսաստանը Հայաստանին չի նայելու». Սոցիոլոգը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին

Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցները Ռուսաստանի վրա, ըստ որոշ տնտեսագետների՝ կարող են ունենալ դրական ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա: Սակայն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ դրանք առանձնապես ազդեցություն չեն ունենա մեր տնտեսության վրա՝ քանի որ Հայաստանում չկան համապատասխան ռեսուրսներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգը նկատեց, որ գոյություն ունի պետության ինքնաբավության վարկանիշ (թե որքանով պետությունը կարող է սեփական ռեսուրսներով գոյատևել), որտեղ Ռուսաստանը 5-րդ տեղում է.

«Ճապոնիան կարող է 5 օր իրեն ապահովել, Ռուսաստանը՝ կես տարի: Ռուսաստանը դուրս է վաճառում 526 միլիարդի ապրանք, ներկրում է 318 միլիարդ և մոտավորապես 208 միլիարդ ավել գումար ունի, որ կարող է ծախսել տարբեր ծրագրերի վրա: Այսինքն՝ նա ավելի շատ արտահանում է, քան ներկրում է: Հետևաբար, նա ունի հնարավորություն՝ որոշ ժամանակ մտածելու ու վերլուծելու: Այդ պատժամիջոցները կարող են ընդամենը այդ 200 միլիարդ կրճատել: Այսինքն՝ մեծ վնաս Ռուսաստանին չի լինի: Ռուսաստանի արտաքին առևտրային գործընկերներն են՝ Չինաստանը, Նիդեռլանդները, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Թուրքիան, Վրաստանը, Միացյալ Նահանգները, Կորեան և Միացյալ թագավորությունը: Չինաստանը, Ճապոնիան և ասիական պետությունները եթե միավորվեն Հնդկաստանի հետ, նրանք կարող են շատ հանգիստ Ռուսաստանի առևտրային դեֆիցիտը փակել: Լատինական Ամերիկան է շատ ուրախացել, քանի որ ծովը թանկացնում է ապրանքները, նման պայմաններում Ռուսաստանը կարող է ավելի շատ Լատինական Ամերիկյանից ապրանքներ գնել՝ սկսած բանանից, վերջացրած մսով»:

Ա. Ադիբեկյանի խոսքով՝ պարզ է, որ այս պարագայում, կարծես, հայերը շանս ունեն մի քիչ ավելացնելու իրենց արտահանումը դեպի Ռուսաստան. «Բայց, դժբախտաբար, մենք ուրախանալու ոչինչ չունենք: Սովորաբար տնտեսությունն ունի ռեսուրս փոփոխության նկատմամբ՝ և՛ անկման, և՛ վերելքի, որ կարողանա շուկայի արձագանքներին համապատասխան արձագանքել: Մեր տնտեսությունը նման ռեսուրս դժբախտաբար չունի: Մենք ունենք 5 միլիարդ 640 միլիոնին մոտ արտաքին շրջանառություն, որից 1 միլիարդ 330 միլիոնը գալիս է Ռուսաստանի վրա, ընդ որում՝ Ռուսաստանից մենք ներկրում ենք 1 միլիարդից ավել, իսկ արտահանում ենք ընդամենը 300 միլիոն:

Այսինքն՝ հայերը փող են աշխատում Ռուսաստանում, տեղափոխում են Հայաստան, այդ փողը մտնում է բյուջե, կամ մեր գրպանը ու վերադառնում է նորից Ռուսաստան: Եթե մենք նայում ենք, թե ինչ կարող ենք տրամադրել Ռուսաստանին, հիշենք մի բան, որ Սովետական միության ընթացքում մեր արդյունաբերության 90 %-ը աշխատել է Ռուսաստանի վրա: 1000 գործարան է փակվել, ընդ որում՝ 250-ը ռազմաարդյունաբերական կոմպլեքս է եղել, որը տվել է ռազմական արդյունաբերությանը կա՛մ պահեստամաս, կա՛մ հավաքել է վերջնական իր Հայաստանում: Այդ բոլորը չկան և չեն կարող վերականգնվել»:

Սոցիոլոգը նշեց, որ ներկայում մենք ունենք 92 արտահանման ապրանքային խումբ, որից 12-13-ը զբաղեցնում են մոտավորապես կեսից ավելին. «Ամենալավը հանքանյութն է, որը մենք չենք ներկրում, այլ արտահանում ենք»:

Ըստ Ա. Ադիբեկյանի՝ մենք Ռուսաստան հիմնականում արտահանում ենք գինի, մի քիչ միրգ ու բանջարեղեն. «Մենք մոտ 900 միլիոն դոլարի նավթամթերք ու վառելիք ենք ներկրում Ռուսաստանից, որը մեզ համար բավականին մեծ բեռ է, որովհետև մենք պետք է կարողանանք դա վճարել: Հագուստը, որը մենք արտահանում էինք, հիմա ներկրում ենք, կոշիկը, որ մենք արտահանում էինք, հիմա ներկրում ենք, միրգը մենք ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում ենք՝ սկսած Վրաստանի ցիտրուսայիններից և Թուրքիայի բանջարեղենից:

Միակ բանը, որ կարող ենք արտահանել, դա խմիչքն է, այն էլ սահմանափակ է: Այլ բան ես չեմ տեսնում»:

Ա. Ադիբեկյանը նկատեց, որ եթե մենք ուզում ենք մի բան արտադրել, ապա ամեն արտադրությանը պետք է ներդրում անել, պետք են կապիտալներ, որ հետո կարողանանք հետ բերենք. «Ու ամենավատն այն է, որ տրանսպորտային ծախսերը բավականին մեծ են: Այնպես որ՝ Ուկրաինայում կփակվի Ռուսաստանի հետ համագործակցող 150 գործարան, 5-ը կփակվի 2-3 տարի հետո: Ռուսաստանը դա տեղափոխում է Բելառուսիա, իր մոտ ազդեցությունը լայնացնելու: Այիսնքն՝ Հայաստանին չի նայելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս