Բաժիններ՝

«Ամուլսարի ծրագիրը ոչ միայն Հայաստան կբերի մոտ 320մլն դոլարի ուղղակի ներդրումներ, այլև կխթանի անուղղակի ներդրումները». Դիդիյե Ֆոլեն

Հարցազրույց «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության գործադիր փոխնախագահ Դիդիյե Ֆոլենի հետ

– Ամուլսարի ծրագիրը երկար ժամանակ ուշադրության կենտրոնում է: Կներկայացնե՞ք  այս փուլում ծրագրի մանրամասները:

 Գեոթիմը մի քանի տարի Ամուլսարի տարածքում իրականացրած որոնողահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է համաշխարհային կարգի հանքավայր՝ 4.1 միլիոն ունցիա ոսկու ընդհանուր պաշար:  Ծրագրի մշակման համար զգալի ծավալի աշխատանք և մինչ օրս արդեն մոտ 69 մլն դոլարի ներդրումներ պահանջվեցին:

Այս պաշարները արդյունահանելը պահանջում է էական ներդրումներ մարդկային ռեսուրսներում, տեխնոլոգիաներում և համայնքներում: Մենք ցանակնում ենք կառուցել համաշխարհային կարգի հանքավայր, որը կբերի շոշափելի օգուտներ երկրի բնակչության և մեր ներդրողների համար:

Երբ հանքը սկսի գործել, մենք կկարողանանք ապահովել մոտ 1500 աշխատատեղ շինարարության ամենաակտիվ շրջանում, իսկ շահագործման առնվազն տասը տարիների ընթացքում նախատեսում ենք ունենալ մոտ 700 մշտական աշխատատեղ: Համապատասխան վերապատրաստում անցնեցուց հետո՝ նախապատվությունը կտրվի տեղական համայնքների բնակիչներին: Գեոթիմն արդեն իսկ սկսել է ծրագրեր իրականացնել համայնքներում կարողությունների զարգացման ուղությամբ տեղական ձեռնարկությունների հետ: Օրինակ, մենք նպաստել ենք համայնքներից մեկում կարի փոքր արտադրամասի կայացմանը և հիմնել ենք երեք տնկարաններ, որտեղ աճում են ավելի քան 60,000 բույսեր: Դրանք օգտագործվելու են տեսանելիության ազդեցության մեղմացման և վերականգնողական այլ միջոցառումների համար: Ծրագրի տարբեր փուլերում առաջանում են տարբեր ծառայությունների պահանջներ, և Ամուլսարը մեծ հնարավորություն է բերում երկրի և համայնքների համար: Մենք վստահ ենք, որ  այս էական ներդրումը կնպաստի կայուն, երկարաժամկետ տնտեսական աճին:

 – Կառավարության կողմից հրապարակված այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի եկամուտներն ու հարկերը նվազել են։ Փորձագետները դա պայմանավորում են մետաղների համաշխարհային գների անկմամբ։ Ձեր կարծիքով՝ ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, արդյո՞ք հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները կշարունակվեն։

 Մետաղի գները միշտ տատանվում են և դա է պատճառը, որ  որոնողահետախուզական աշխատանքը թանկ և ռիսկային գործ է: Հանքարդյունաբերական ընկերությունները նոր նախագծեր իրականացնելիս մեծ ռիսկեր են ստանձնում. նրանք պետք է զգալի երկարաժամկետ ներդրումներ կատարեն երկրում՝ մինչև որևէ եկամուտ ստանալը:  Չնայած ներկայիս ոսկու գները շատ բարձր չեն, այնուամենայնիվ  հանքարդյունաբերության ցիկլը կարող է կրկին նոր թափ առնել: Խնդիրը այնպիսի միջավայր ստեղծելն է, որը ճգնաժամային փուլում ներգրավի լավ ներդրումային ծրագրեր՝ ավելի նպաստավոր ժամանակշրջաններում օգուտներն առավելագույնի հասցնելու նպատակով:

– Կա կարծիք, որ հանքարդյունաբերությունը խոցելի ոլորտ է, և այն պետք է փոխարինել գյուղատնտեսությամբ՝ հաշվի առնելով հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները:

– Պոտենցիալ շահութաբեր հանքային ռեսուրսներ ունեցող ոչ մի երկիր չի փոխարինում հանքարդյունաբերությունը այլ արդյունաբերությամբ: Դա տնտեսապես արդյունավետ չէ: Օրինակ՝ Կանադան առաջատարներից է թե՛ հանքանյութի, թե՛ գյուղմթերքերի արտահանման մեջ: Նույնը՝ նաև ԱՄՆ-ն: Խնդիրն առողջ հավասարակշռություն պահպանելն ու մտածված տնտեսական որոշումներ կայացնելն է:

Մետաղների գները կարող են տատանվող լինել, բայց խոսքը երկրի ապագայի համար կատարվող երկարաժամկետ ներդրումների մասին է: Երկարաժամկետ հեռանկարում բնական ռեսուրսների պահանջարկը կշարունակի աճել: Ճգնաժամային փուլերում շատ կարևոր է ներդրումների համար բաց լինելը, որպեսզի դա հատուցվի ավելի լավ ժամանակներում՝ լինելով աշխատանքի, եկամուտի և հարկերի շարունակական աղբյուր:

Համաշխարհային կարգի հանքարդյունաբերական ծրագիրը, որպիսին վստահ ենք կդառնա Ամուլսարը, երկարաժամկետ հեռանկարում օգուտ կբերի երկրին:

Իհարկե, կարևոր է նաև այլ ոլորտները զարգացնելը: Հանքարդյունաբերական  երկրները, որոնք կարողացել են ներգրավել համաշխարհային կարգի ներդրումներ և արդյունավետ դարձնել հանքարդյունաբերության ոլորտը, հետագայում կարողացել են հանքարդյունաբերությունից առաջացող շահույթը ներդնել տնտեսության դիվերսիֆիկացիայի մեջ: Այսօր Ավստրալիան առաջատարներից է ոչ միայն հանքարդյունաբերության, այլև  գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտներում: Հանքարդյունաբերությունից գոյացած եկամուտի շնորհիվ Ավստրալիան ներդրումներ է կատարել հետազոտության և զարգացման, գիտության, տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում: Վստահ եմ, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կարող է դառնալ այլ ոլորտների ինչպես նաև փոքր և միջին ձեռնակությունների զարգացման աղբյուր և ամրապնդել տնտեսությունը: Բայց, որպեսզի այս ամենը հաջողվի, հանքարդյունաբերությունը ներդրումների, արդյունավետ կառավարման և նոր տեխնոլոգիաների կարիք ունի: Ուրախ ենք, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է ներդրումների ներգրավման պատրաստակամության մասին, և մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն:

– Ներկա քաղաքական և տնտեսական զարգացումների ֆոնին` ինչպես կգնահատեք պոտենցիալ օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ (թե հանքարդյունաբերության ոլորտում, թե ընդհանրապես) ։

  Քանի որ ինչպես նշեցիք, մետաղների շուկան փոփոխական է, դժվար է հանքարդյունաբերության համար անհրաժեշտ բարձրորակ ներդրումներ ներգրավելը: Որպեսզի հանքի կառուցումից օգուտներ քաղեն երկիրն ու հարակից համայնքները, ինչպես նաև ծրագիրը ֆինանսավորողները, անհրաժեշտ է նախապես իրականացնել ծավալուն բնապահպանական և սոցիալական ազդեցությունների հետազոտություններ և կառուցել բարձրորակ ենթակառուցվածք, որը կապահովի հանքի առավել արդյունավետությունը: Սա միջազգային չափանիշներին համապատասխանելու և հեղինակավոր միջազգային կառույցներից ֆինանսավորում ստանալու նախապայման է: Իհարկե, այն հանգամանքը, որ ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը Լիդիանի բաժնետերերն են, ներդրողներին տալիս է լրացուցիչ վստահություն ծրագրի նկատմամբ:

Լիդիանը կատարել է հսկայական աշխատանք՝ ներգրավելով ճանաչված միջազգային բանկերի և ֆինանսական հաստատությունների, որոնցից շատերը նախկինում երբևէ Հայաստանում չէին եղել: Այժմ, առանցքային է ծրագրի և երկրի նկատմամբ նրանց հետաքրքրությունը պահպանելը: Համաշխարհային տնտեսությունն այդպես է գործում. Զարգացող երկրում միջազգային ընկերության հաջողությամբ իրականացված ծրագիրը  մեծացնում է երկրի ներդրումային գրավչությունը և այլ ոլորտներում հնարավորություն փնտրող ներդրողների հետաքրքրությունը:

Մենք շատ մեծ հույսեր ունենք, որ Ամուլսարի ծրագիրը ոչ միայն Հայաստան կբերի մոտ 320 մլն դոլարի ուղղակի ներդրումներ, այլև կխթանի անուղղակի ներդրումները երկրում: Դա հատկապես կարևոր է տարածաշրջանում առկա անկայունության և տնտեսական անորոշության այս փուլում:

– Ե՞րբ հանքը կսկսի շահագործվել։

– Տեղյակ եք, որ ծրագրում ձգձգումներ տեղի ունեցան, քանի որ մենք ստիպված եղանք երկու անգամ փոխել կույտային տարրալվացման հարթակի տեղադիրքը՝ հայկական օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների պատճառով: Այժմ մենք հայկական օրենսդրությամբ պահանջվող ընթացակարգերը ավարտին հասցնելու ճանապարհին ենք՝ գալիք ամիսներին հանքարդյունահանման թույլտվությունը ստանալու համար: Նախատեսում ենք սկսել շինարարությունը 2015թ.-ի գարնանը:

2014թ. սեպտեմբերին կավարտենք նորացված Տեխնիկատնտեսական հիմնավորումը և Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը, և հուսով ենք շուտով ներկայացնել այն շահագրգիռ կողմերին: Այս ուսումնասիրություննեի հաջող ավարտը թույլ կտա մեր ներդնողներին, ներառյալ ՎԶԵԲ-ին, ՄՖԿ-ին, և առևտրային բանկերին գնահատել նախագծի համապատասխանությունը բնապահպանական և սոցիալական իրենց  խիստ չափանիշներին՝ էկվատորյան սկզբունքներ: Դրանից հետո նրանք որոշում կկայացնեն ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ:

Գիտենք, որ տեղական համայնքները սպասում են ծրագրի մեկնարկին, շինարարական աշխատանքներին և հետագայում՝ մշտական աշխատատեղերին: Գիտենք, որ, չնայած մտահոգություններին և բնական անհանգստություններին, համայնքների բնակչության մեծամասնությունը հավատում է, որ Ամուլսարը կլինի տարածաշրջանին բարեկեցություն բերող, արդյունավետ, ապահով և բնապահպանական տեսանկյունից լավ կառավարելի հանքարդյունբերական ծրագիր:

Ուրախ ենք, որ Գեոթիմում աշխատում ենք երկրաբանների, ինժիներների և բնապահպանների բարձրակարգ մասնագետների թիմի հետ: Մենք բարձր ենք գնահատում մեր հայկական թիմի պրոֆեսիոնալիզմը: Ես գիտեմ, որ Հայաստանում մեր թիմի յուրաքանչյուր անդամ ջանասիրաբար աշխատել է այս տարիներին՝ իրագործելու Ամուլսարի ծրագիրը, քանի որ վստահ են, որ այն մեծ հնարավորություներ է ներկայացնում Հայաստանի համար: Ակնկալում ենք սկսել ներդրումների իրականացումը՝ համագործակցելով բոլոր շահառուների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս