«Իրականում Հայաստանի համար լուսավոր կետ էլ կա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից փոխադարձաբար կիրառվող պատժամիջոցների մեջ». Կառլեն Խաչատրյան
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ` փակելով ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ: Եվրամիության երկրները օգոստոսի 1-ից ևս միացել են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ծրագրին: Ըստ այդ պատժամիջոցների՝ սահմանափակվում է ռուսական պետական բանկերի մուտքը եվրոպական կապիտալի շուկա, ինչպես նաև արգելք է սահմանվում զենքի վաճառքի հետ կապված ՌԴ հետ ապագայում կնքվելիք նոր պայմանագրերի վրա: Եվրամիությունը հայտարարել էր, որ պատժամիջոցների այդ երրորդ փաթեթը կիրառվել է Ռուսաստանի նկատմամբ, քանի որ վերջինս չի դադարեցրել Ուկրաինայի արևելյան հատվածի անջատողականների ֆինանսավորումը:
Սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ստորագրեց մի հրամանագիր, համաձայն որի՝ մեկ տարի ժամկետով արգելվելու կամ սահմանափակվելու է գյուղատնտեսական ապրանքների, սննդամթերքի և հումքի ներկրումն այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ:
Այն մասին, թե ինչ ազդեցություն կունենան այս փոխադարձ պատժամիջոցները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև Հայաստանի տնտեսությունների վրա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ առհասարակ տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը առանձին երկրի տնտեսության վրա գնահատելու համար նախ պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե այդ պատժամիջոցներն ինչ նպատակ էին հետապնդում, և պատժամիջոց կիրառող երկիրն ինչ ակնկալիքներ ուներ. «ԱՄՆ-ն և ԵՄ երկրներն առաջին քայլն արեցին այս առումով՝ փորձելով ֆինանսական գործիքների կիրառմամբ Ռուսաստանի տնտեսությանը վնաս հասցնել: Պատժամիջոցի հիմնական էությունը կապիտալ ներհոսքի սահմանափակումն էի դեպի ՌԴ, այսինքն՝ ամերիկացիներն ու եվրոպացիները իրենց ռեզիդենտ կազմակերպությունների և քաղաքացիների միջոցով որոշում կայացրին դեպի ՌԴ ֆինանսական հոսքերն ուղղակիորեն սահմանափակել:
Բնականաբար, սա չէր կարող Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցություն չունենալ, քանի որ նախ պետք է փաստել, որ ռուսական տնտեսության դոլարից կախվածությունը բավականին մեծ է: Միայն այն, որ ռուսական արտահանման 90%-ը դոլարով է իրականացվում, հիմք է հանդիսանում ասելու, որ կիրառվող պատժամիջոցները ռուսական տնտեսության զարգացման տեմպերի վրա էական ազդեցություն կունենան: Դրա մասին են վկայում նաև արդեն այսօր եղած վիճակագրական տվյալները. 2014թ. առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից կապիտալի արտահոսքը կազմել է ավելի քան 70 մլրդ դոլար: Սա ավելի շատ է, քան ողջ 2013թ. ընթացքում, այսինքն՝ միայն այդ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ՌԴ-ի տնտեսությունից ավելի շատ փողի արտահոսք է եղել, քան ամբողջ 2013թ. ընթացքում: Սա Ռուսաստանի տնտեսության համար լուրջ մարտահրավեր է: Վերջինս պետք է փորձի փաստորեն այլընտրանքային վարկավորման ճանապարհներով այդ բացը լրացնել»:
Անդրադառնալով Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներին՝ Կ. Խաչատրյանն ասաց, որ ՌԴ-ն որոշեց այլ ճանապարհով գնալ, այսինքն՝ ոչ թե ֆինանսական ոլորտի գործիքները կիրառել, այլ պարզապես տվյալ երկրներից ներմուծվող գյուղմթերքների ծավալները սահմանափակել՝ հասցնելով զրոյի.
«Հիմա հարց է առաջանում, թե Ռուսաստանի կիրառած պատժամիջոցներն ինչ ազդեցություն կունենան այն երկրների վրա, որոնք պատժամիջոցներ էին սահմանել վերջինիս նկատմամբ: Կան մի քանի վիճակագրական տվյալներ, որոնք թույլ են տալիս հնարավոր կորուստների մասին մոտավոր պատկերացում կազմել. 2013թ. Ռուսաստանն այլ երկրներից ներմուծել է շուրջ 4,3 մլրդ դոլարի կաթնամթերք, 2,3 մլրդ դոլարի միրգ-բանջարեղեն, 6,7 մլրդ դոլարի մսամթերք և 2,9 մլրդ դոլարի ձկնամթերք:
Այս ներմուծման ծավալների մեջ բավականին մեծ է ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի մասնաբաժինը: Առանձին երկրների համար վնասը բավականին շոշափելի է, քանի որ ռուսական շուկան իրենց գյուղմթերքների իրացման տեսանկյունից կենսական նշանակություն ուներ:
Օրինակ՝ Ֆիննլանդիան իր ամբողջ գյուղատնտեսական մթերքի արտադրանքի շուրջ 25%-ը իրացնում է Ռուսաստանում: Ֆիննական կաթնամթերքի մոտավորապես կեսը գնում էր ռուսական շուկա, և հիմա այդ արգելքը դնելով՝ այս երկրների տնտեսությունները լուրջ խնդիրներ են ունենում:
Խոսքը վերաբերում է նաև Լեհաստանին՝ միրգ-բանջարեղենի մասով, Գերմանիային ու Դանիային՝ մսամթերքի մասով, ԱՄՆ-ին, Կանադային, Իսլանդիային, Նորվեգիային՝ ձկնամթերքի մասով և այլն:
Արդեն կան նաև գնահատականներ. միջազգային հեղինակավոր կազմակերպությունները փորձել են հաշվել Արևմուտքի տնտեսության հնարավոր կորուստների չափը դրամական արտահայտությամբ և տարբեր գնահատականների համաձայն՝ վնասը հաշվվում է մոտավորապես 10-12 մլրդ եվրո: Իրավիճակն ավելի է սրվել, քանի որ Եվրոմիության համեմատաբար թույլ զարգացած ետնապահ երկրներում արդեն դժգոհության ալիքը բավականին մեծացել է, և ընդհանուր առմամբ այս երկրները ԵՄ-ից կոնպենսացում են պահաջում, քանի որ իրականում խոսքը գնում է ոչ միայն գումարի մասին, այլև այդ գումարի հետևում հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր ու բիզնեսներ են փակվում և այլն:
Ընդ որում` վնաս է կրում ոչ միայն գյուղատնտեսության ոլորտը, այլև հարակից ոլորտները՝ տրանսպորտ, բեռնափոխադրումներ, առևտուր, սպասարկող օժանդակ այլ ոլորտներ և հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները: Այսօր արդեն վիճակագրական տվյալներ կան, որ Եվրամիության բազմաթիվ երկրներում բիզնեսներն իրար հետևից շղթայաբար փակվում են, այսինքն՝ մենք լիարժեքորեն կարող ենք պնդել, որ փոխադարձաբար կիրառվող տնտեսական պատժամիջոցները բոլոր կողմերին էլ էական վնաս հասցրին տնտեսական տեսանկյունից»:
Արդյո՞ք Հայաստանի տնտեսության վրա ևս կանդրադառնան կիրառվող պատժամիջոցները. խոսելով այս մասին՝ Կ. Խաչատրյանն ասաց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունը երկակի է. «Նախ՝ պետք է հիշենք, որ Եվրամիությունն ու Ռուսաստանը մեր երկու գլխավոր առևտրատնտեսական գործընկերներն են, և այս երկրներում եղած տնտեսական պրոբլեմները չեն կարող պարզապես շրջանցել մեր երկրի տնտեսությանը: Ճիշտ է, ուղղակի ազդեցություն չկա մեր երկրի տնտեսության վրա, բայց այդ ազդեցությունը անուղղակիորեն կարող է շոշափելի լինել: Բացի այդ՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ մեր երկիր մտնող տրանսֆերտների մեջ ևս Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մի շարք երկրների(Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա) մասնաբաժինը շատ մեծ է. մեր երկիր եկող մասնավոր տրանսֆերտների ճնշող մեծամասնությունը հենց այս երկրներից է, և բնականաբար այս երկրներում տնտեսական անկայուն վիճակը ուղղակիորեն հանգեցնելու է այդ երկրներից Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալների կրճատմանը, ինչն էլ շղթայաբար տնտեսական այլ հետևանքների կարող է հանգեցնել:
Բայց ես չէի ցանկանա շատ բացասական երանգներով խոսել Հայաստանի վրա պատժամիջոցների ազդեցության մասին, քանի որ իրականում այդ պատժամիջոցների մեջ Հայաստանի համար լուսավոր կետ էլ կա. խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի շուկան գյուղմթերքների մասով ազատվում է, և բնականաբար, սա որոշակի պոտենցիալ է Հայաստանի գյուղատնտեսության համար: Եթե Հայաստանի կառավարությունը կարողանա որոշակի քայլերով պայմանավորվածություններ ձեռք բերել ՌԴ-ի հետ, դա լուրջ ու բավականին մեծ սպառման շուկա կարող է ապահովել մեր գյուղարտադրանքի համար: Ուզում եմ նաև շեշտել, ՌԴ-ն ևս շահագրգռված է այդ բացը լրացնելու և նա էլ այսօր այլընտրանքային աղբյուրներ փնտրում է, քանի որ ինքնին հասկանալի է՝ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում ներքին ռեսուրսի հաշվին այս բացը Ռուսաստանը չի կարողանալու լրացնել: Այսօր Ռուսաստանի համար որպես այլընտրանքային աղբյուր դիտվում է Լատինական Ամերիկան՝ Բրազիլիա, Արգենտինա և այլն, այն խոշոր երկրները, որոնք նաև ավանդաբար հայտնի են իրենց մսամթերքի, գյուղմթերքի արտադրությամբ»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ բացի այդ՝ այսօր պետք է հաշվի առնել նաև այն, որ այսօր գյուղմթերքների մասով Ռուսաստանում գների որոշակի աճ է նկատվում, այսինքն՝ Ռուսաստանն այդ պատժամիջոցները կիրառելով՝ նաև որոշակիորեն վնասում է սեփական տնտեսությանը, քանի որ սահմանափակելով մրցակցությունը՝ ուղղակիորեն գները բարձրանում են:
Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրների ներքին պաշարները կբավարարեն որոշակի խնդիրներ լուծելու համար: Հենց այդ երկրներից որևէ մեկի մոտ ներքին ռեզերվը հատի, ստիպված է լինելու փոխզիջումների գնալ, թուլացնել պատժամիջոցները և նույնն ակնկալել նաև դիմացինից: