Մանվել Եղիազարյան. «Սերժ Սարգսյանը կարողացավ արդեն ասել այն, ինչը պետք էր ժամանակին ասել»

«Ես կարող եմ ասել, որ այս ամեն ինչին տրվել է ժամանակավոր հանգիստ, անդորր, որին ինչ կհետևի, շատ դժվար է ասել, քանի որ ոչ մի անգամ մենք չկարողացանք հաստատուն կերպով խաղաղություն հաստատել: Խաղաղությունը վաստակում են, այլ ոչ թե պայմանավորվում են դրա համար»,- այս տեսակետը հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքների մասին:

Ըստ հրամանատարի՝ Սոչիի հանդիպումից հետո ունենք մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանը մնաց իր կարծիքին, Իլհամ Ալիևը՝ իր կարծիքին. «Դրա համար դեպքերի զարգացումը ցույց կտա՝ ինչ կլինի, ամենաանկանխատեսելի բանը կարող է ազդել այս ռեգիոնի վրա (Թուրքայի ընտրությունները, Ռուսաստանի ազատ և անկաշկանդ լինելը): Մենք՝ որպես քաղաքակիրթ ժողովուրդ, պետք է հասկանաք մի բան, որ այսօրվա իրականության փրկության միակ ճանապարհը երկիրը շուտափույթ երկիրը կարգի բերելն է, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելն է, ամեն մարդու իր տեղում նստեցնելն է, որպեսզի ամեն մեկը չկարողանա իր չարածով ազդի և վնասի մեր հայրենիքի անվտանգությանը: Այն մարդկանց պետք է տեղ տրվի, որոնք կարող են անընդհատ արագ կարգի բերել, օգնել, որպեսզի այս վիճակը մենք ընդհանրապես փոխենք: Հայաստանի վիճակն է մեղավոր, որ մենք այսօր ունենք լկտիացող հակառակորդ, ուրիշ ոչ մեկ մեղավոր չէ»:

Մ. Եղիազարյանի կարծիքով՝ Սոչիի հանդիպումը ժամանակավորապես սառեցրեց արցախյան հիմնախնդրի լուծումը, դեպքերը, որոնք տեղի են ունենում սահմանի վրա. «Որովհետև Սոչիում, կարելի է ասել՝ ոչ մի ընդհանուր հայտարարի չեկան: Ալիևը հայտարարեց, որ Արցախի հարցը պետք է լուծվի փոխզիջման տարբերակով, բնական է, Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ փոխզիջելու խնդիր չունենք մենք, մի խոսքով՝ ստատուս-քվոն, որն այսօր պահպանվում է, կարող է շատ երկար չտևել, քանի որ փխրուն, անորոշ պայմանավորվածություն է»:

Խոսելով Ադրբեջանում գերեվարված և մահացած Կարեն Պետրոսյանի մասին, Մ. Եղիազարյանն ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ Կարենի հետ, դա շատ ցավալի և ողբալի բան է: Մենք անգամ մարտական գործողությունների ժամանակ գերիներին այդպես չէինք ստորացնում, երբեք չէինք բերում գերուն, չոքացնում մեր առաջ, որպեսզի ցույց տանք մեր ուժն ու ատավելությունը գերու նկատմամբ: Դա անում է վախկոտ մարդը: Այդ գեներալը, որը դա անում էր, դա մի շարքային վախկոտ մարդ է, որը ուզում է ցույց տալ, որ ինքը կայացած մեծ գեներալ է: Աստված մի արա, եթե վաղը կռիվ լինի, այդ գեներալը սահմանից, բնականաբար, հեռու է փախչելու, ինքը սահմանին մոտ չի գա, այդպիսի գեներալները սահմանի մոտ չեն լինում: Այդ ժամանակ կտեսնենք՝ ով ում կարա ծնկի բերի, այդ ժամանակ կտեսնենք, որ մի գյուղացու ծնկի բերելը գեներալին ոչ թե պատիվ է բերում, այլ դա ապտակ է ադրբեջանցի ժողովրդին, որ իրենք ցույց տվեցին, թե իրենք ինչի են ընդունակ: Ամբողջ համաշխարհային արենայում բոլորը պետք է հասկանան, որ մենք չենք կարող Ղարաբաղը վստահել Ադրբեջանին, քանզի նրանք գյուղացուն այդպես ոչնչացնում ու սպանում են: Մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք Արցախի ժողովրդին թողնել Ադրբեջանի կազմի մեջ, որոնց բոլորին կարող են ստորացնել ու սպանել»:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ մեր նախագահն էլ նկատեց, որ բանակի կողքին նաև ընդդիմությունը կանգնեց, ազատամարտիկն ասաց. «Դա նշանակում է, որ երկու կողմերից էլ արվում են ճիշտ քայլեր Հայաստանի պաշտպանության համար: Բոլորն են պարտավոր դա անել, հայրենիքի պաշտպանությունը բոլորի խնդիրն է: Մեր պայքարի ձևերը, մեր աջակցությունը մեկս մյուսին, մեր համախմբումը հայ ժողովրդի ընդամենը 20 %-ի արդյունքն էր, մենք ավելի շատ պոտենցիալ ունենք, որ ավելի համախմբվենք, ավելի իրար սատար կանգենք: Մենք պարտավոր ենք դա անել»:

Հարցին, թե դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Սոչիում Ի. Ալիևը եկել էր իր պարտության հետևից, իսկ Ս. Սարգսյանը իր հաղթանակի, Մ. Եղիազարյանն ասաց. «Սոչիում այդպես որոշիչ բաներ չեղան, բայց ամեն դեպքում պարզ եղավ, որ Սերժ Սարգսյանը կարողացավ արդեն ասել այն, ինչը պետք էր ժամանակին ասել, որ Ադրբեջանը վարում է սուտ քաղաքականություն, խաբեությամբ է զբաղվում»:
Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս