Բաժիններ՝

Եթե մինչ այդ «մեծ –մեծ բրդում էին», հիմա Ալիևը բավականին խեղճացավ. Կարեն Վրթանեսյան

«Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ  սահմանում տիրող իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին:

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք իրականում և՜ պատերազմ է, և՜ նաև հոգեբանական պատերազմ: Փաստացի , Ադրբեջանը վերջին տարիներին հոգեբանական պատերազմ է վարում Հայաստանի դեմ, որն արտահայտվում է`  անընդհատ սահմանին լարվածություն ստեղծելով: Լարվածության առաջնային թիրախը դիրքապահ մեր զինվորներն են,  և սահմանամերձ գյուղերի բնակչությունը: Նպատակն այն է, որ մենք անընդհատ ինչ-որ ճնշում զգանք: Ադրբեջանցիները փորձում են մեզ համոզել, որ Ղարաբաղը հանձնենք ու հանգիստ ապրենք»,-ասաց նա:

Բանախոսի կարծիքով` Ադրբեջանը շատ լավ հասկանում է , որ ռազմադաշտում խիստ հարցականի տակ  են իր հաջողությունները, և իրենք պատերազմի վերսկսելու ռիսկին չեն գնա. «Բայց հոգեբանական ճնշման միջոցով փորձում են հայկական կողմի մոտ անելանելի վիճակի ընկալում ստեղծել: Հայկական կողմը համարժեք պատասխաններ տալիս է, բայց  քանի որ Ադրբեջանում մինչև վերջին դեպքերը կորուստների թիվը թաքցնում էին, ադրբեջանական հասարակությունը այդքան էլ տեղյակ չէր, թե ինչպիսի գործողություններ են ընթանում: Սա երևի թե առաջին դեպքն է, երբ Ադրբեջանը միանգամից մեծ քանակով կորուստների փաստն ընդունեց»,- նշեց նա:

Կարեն Վրթանեսյանը  Ադրբեջանի  հոգեբանական ճնշումներին դիմակայելու առումով կարևորում է լրատվամիջոցների դերը . «Եթե ինչ որ միջադեպեր լինում են  դիրքերում, լրատվամիջոցները պետք է հնարավորինս զուսպ լուսաբանեն: Լուսաբանել պետք է , բայց մինիմալի հասցնելով էմոցիանալ, երբեմն նույնիսկ խուճապահար երանգները: Ադրբեջանի նպատակը հենց դա է, որ իրենք ինչ-որ գործողությունների դիմեն և դրանք մեր լրատվամիջոցները լուսաբանեն, այսինքն` մեզ մոտ անընդհատ տպավորություն լինի, որ  օրհասական վիճակ է, պետք է շտապ ինչ-որ զիջումներ անել և այլն:

Նա նշեց, որ նախորդ շաբաթ այցելել են սահմանամերձ գյուղեր. «Շատ ծանր է սահմանամերձ գյուղերի բնակչության վիճակը, որովհետև կան մի քանի գյուղեր, որոնք անմիջականորեն հակառակորդի կրակակետերի հասանելիության գոտում են: Մարդկանց զգալի մասը չեն ցանկանում լքել իրենց գյուղերը, բայց պարզ է, որ այդ մարդիկ մոտավորապես նույն բանն են անում, ինչ որ սահմանապահները. այնտեղ ապրելով` վտանգում են իրենց կյանքը: Կարիք կա ավելի շատ ուշադրություն դարձնել այդ գյուղերի խնդիրներին: Արդեն 1-1.5 տարի է, որ ինչ –որ բաներ արվում են այդ ուղղությամբ, բայց այդ քայլերը շատ ուշացած են: Շատ ճիշտ կլինի, որ լրատվամիջոցները այդ գյուղերի մարդկանց խնդիրների մասին խոսեն ոչ միայն այն ժամանակ, երբ  իրավիճակը սրվում է, այլ ընդհանրապես:

Լրագրողների այն հարցին, թե ինչ-որ բան փոխե՞ց Սոչիի հանդիպումը, նա պատասխանեց.

«Փոխվեց ադրբեջանցիների հռետորաբանությունը: Եթե մինչ այդ «մեծ –մեծ բրդում էին», հիմա Ալիևը սկսեց խաղաղությունից խոսել ու բավականին խեղճացավ: Համենայնդեպս, ինձ մոտ այդպիսի  տպավորություն է ստեղծվել: Հոգեբանական պատերազմներն ընդհանրապես չեն վերջանում, եթե այս պահին անհաջող է, մեկ է, շարունակվում է այնքան մինչև դառնա հաջող:

Մեր պահանջը խաղաղությունն է ու Ադրբեջանը ընդունեց, որ կոնֆլիկտը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: Ցավոք սրտի, ես մի փոքր կասկածներ ունեմ , որ իրենց այդ տրամադրությունը երկար կտևի: Նույնը 2012 թվականին էր` մի քանի ամիս հանգստացան , հետո նորից սկսեցին: Ենթադրում եմ, որ քանի դեռ Ադրբեջանի մոտ կա այն մտայնությունը, որ իրենք զենքի ուժով ինչ-որ բան են լուծելու, անընդհատ փորձեր արվելու են, սահմանում պրովոկացիաներ, կրակոցներ են լիենլու: Ես լավատես չեմ` այս առումով: Ադրբեջանը մեր դեմ պատերազմ է վարում, որն ընթանում է տարբեր հարթություններում` ռազմականից մինչև տեղեկատվական: Մեր տարածաշրջանում խաղաղության բանաձևը հին հռոմեացիների բանաձևն է՝ ուզում ես խաղաղություն,   պատրաստ եղիր պատերազմի: Եթե մենք միշտ զգոն լինենք, ադրբեջանցիները զգույշ կլինեն: Ղարաբաղի հարցի կարգավորման իրատեսական տարբերակն այն է, որ միջազգային հանրությունը վերջապես ճանաչի Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը և ընդունի արդեն կայացած փաստը»:

Ռազմիկ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս