Բաժիններ՝

Ավետիք Իշխանյան. «Կարեն Պետրոսյանի մահվան մեջ առաջին հերթին մեղավոր է հայկական կողմը»

«Ինձ համար բավականին զարմանալի էր, որ երբ Կարեն Պետրոսյանը հատել էր սահմանը, Պաշտպանության նախարարության խոսնակն ասաց՝ այդ հարցով մեզ մի´ դիմեք, այլ դիմեք ոստիկանություն և քաղաքական իշխանություններին: Ես սգում եմ այդ ողբերգության համար, բայց պատկերացրեք, եթե այդ նույն տեղով մտներ ադրբեջանական դիվերսիոն մի խումբ: Սա նշանակում է սահմանների բառադիություն, որ Կարեն Պետրոսյկանը ազատ անցել է Ադրբեջանի սահմանը, գյուղ է մտել: Հարբած լիներ, թե ինչ լիներ` նա չպիտի կարողանար անցնել: Հստակ սահմաններ պետք է լինեին՝ ցանկապատ պետք է լիներ, առնվազն սլաքներ պետք է լինեին, որ այնտեղ Ադրբեջանն է, զգույշ եղիր և այլն»-, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:
Իրավապաշտպանը առաջարկում է փակել Արտգործնախարարությունը. «իր դեսպանենրով, ամեն ինչով հանդերձ: Դեսպան նշանակում են ոչ թե դիվանագիտության համար, այլ լավություն անելու համար: Վրաստանում այսօր պետք է լինեին բարձր մակարդակի դիվանագետներ: Բիզնե՞ս է դեսպան նշանակելը»:
Ավետիք Իշխանյանը համարում է, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը մի քանի կարևոր կետերի մասին չի բարձրաձայնել. «Կարեն Պետրոսյանի վերաբերյալ նախագահը պետք է հրապարակային մասում ասեր, նույնիսկ կարող էր ասել՝ ինձ համար շատ դժվար է հանդիպել հիմա, մանավանդ՝ անմեղ Կարեն Պետրոսյանի գազանաբար սպանությունից հետո, բայց ամեն դեպքում հանդիպում եմ. դա անպայման պետք է հնչեցվեր: Երկրորդն էլ՝ երբ Ռուսաստանից զուգահեռ զենքի նոր խմբաքանակ է մտցվում, նա բացահայտ պետք է հայտարարեր, որ մենք սառեցնում ենք Եվրասիական տնտեսական միություն մտնելը»:

168.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր իրականացնել գերու մահվան հանգամանքները պարզելու դատաբժշկական փորձաքննությունը, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, թե առաջին հերթին՝ Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն Կարեն Պետրոսյանի դիակը վերադարձնելու համար՝ օգտագործելով Սոչիի հանդիպումը.

«Դիակը ինքը խոսում է իր անցյալի մասին: Դրանից հետո փորձաքննությունը կարելի է անել, միջազգային մասնագետներ հրավիրելով, ամենաբարձր մակարդակի վրա: Բոլոր միջազգային կազմակերպություններում պետք է ցույց տրվի, որ գերու հետ վարվելու կոնվենցիաների բոլոր կետերը խախտվել են և փորձ արվի դատապարտել Ադրբեջանին միջազգային դատական ատյաններում»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Արտգործնախարարությունը պետք է պատասխան տա ժողովրդին, թե որտեղ ինչ է արել. «Կյանքն ապացուցում է, որ մենք չունենք միջազգային իրավունքի լավ մասնագետներ, չունենք կոնֆլիկտաբաններ, լավ քաղաքագետներ: Արտգործնախարարությունը իր ամբողջ կառուցվածքով հայ ժողովրդի աչքի առաջ պետք է խոստանա, որ ինքն իր գործը այնպես պետք է անի, ինչպես եվրոպական երկրներ դեսպան գնալու համար են անում, կյանք են տալիս, որ գնան Եվրոպաներ:

Կարդացեք նաև

Դիվանագետ կա, որ Հայաստանում չի էլ ծառայել, տեղյակ էլ չի՝ Հայաստանը որտեղ է: Միջազգային օրենքի մեջ ինչքան էլ այդ կառույցները անդամալույծ են, դրանք անդամալույծ կառույցներ են մեզ համար, ոչ՝ թուրքի համար»:

Ավետիք Իշխանյանն էլ հավելեց. «Ամեն դեպքում հարց է, վերադարձնելը խնդիր է, և պետք է լինի հետևողական աշխատանք, որպեսզի գործն ավարտվի միջազգային որևէ ատյանի վերդիկտով: Դա կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, թե Հաագայի դատարանը՝ դա պետք է ավարտվի դատավճռով»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս