Որքանո՞վ են անվտանգ մանկական հագուստը, խաղալիքները, կերերը. ոլորտի ուսումնասիրության արդյունքները
Ինչպիսի՞ն են մանկական հագուստի, խաղալիքների և կերերի ոլորտի ուսումնասիրության արդյունքները, որքանո՞վ են դրանք անվտանգ և մատչելի, ի՞նչ խնդիրներ ունենք այդ ոլորտում և լուծման տարբերակները: Այս և այլ թեմաների մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ եթե մանկական սնունդը գոնե անցնում է պետական սերտիֆիկացիա և հիմնականում վաճառվում է լիցենզավորված խանութներում կամ դեղատներում, ապա մնացած այն պիտույքները, որոնք երեխայի ձեռքն են ընկնում, սերտիֆիկացիա չեն անցնում. «Խոսքը չինական պլաստիկ նյութերից պատրաստված խաղալիքների մասին է, որ բավականին էժան են և մատչելի: Պարզ չէ, թե դրանք ինչ նյութերից են պատրաստված: Երեխան չի հասկանում, բերանն էլ է դնում, կծում էլ է, ջարդում էլ է, նույնիսկ կարող է վիրավորվել, և պարզ չէ, թե ինչ բացասական հետևանքներ կարող են այդ երևույթները թողնել, քանի որ սերտիֆիկացիան չի կատարվել հատուկ պետական տեսչության կողմից, որն իրավունք կտար վաճառելու»:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ այստեղ խնդիրն այն է, որ պետությունը պետք է ուշադրություն դարձնի, սահմանի մեղմ հարկային բեռ թե՛ ներկրված և թե՛ տեղում արտադրված մանկական հագուստի, խաղալիքների համար: Նույնիսկ այն հումքը, որն օգտագործվելու է երեխաների համար ինչ-որ մի բան ստեղծելու, արտադրելու համար, պետք է զերծ լինի բոլոր եկամտահարկերից: Պետք է լինի մի հատուկ պետական կառույց, որը կվերահսկի մանկական բոլոր գործիքները, խաղալիքները, հագուստը, անվտանգությունը, որպեսզի երեխաները զերծ մնան բոլոր տեսակի վտանգավոր երևույթներից. «Հիմա կան մանկական ավտոմեքենաներ: Մեր փողոցում, օրինակ, մի երկու երեխա ունեն դրանից, և օրեր առաջ քիչ էր մնում երկուսն էլ ընկնեին մեքենայի տակ, որովհետև չկան հատուկ խաղահրապարակներ, որտեղ երեխան կարող է խաղալ իր ավտոմեքենայով, և փոխարենը վարում են սովորական փողոցում, ինչը չափազանց վտանգավոր է: Ուրեմն, մանկական ոլորտը պահանջում է լուրջ պետական հոգատարություն, և պարզ է, որ հատուկ հիմնադրամները պետք է նույնպես աջակցեն այդ ոլորտը բարեկացիկ դարձնելու և պետական չինովնիկներին դրդելու, որ նրանք իրենց վրա դրված պարտականությունները կատարեն»:
Հաջորդ խնդիրը, ըստ Ա. Ադիբեկյանի, դպրոցների և մանկապարտեզների սննդի վերահսկողությունն է, որ պետք է ոչ միայն սանիտարահիգիենիկ, այլև անվտանգության ծառայությունն իրականացնի. «Սնունդն էլ պետք է վերահսկվի այն առումով, որ մանկապարտեզի սննդի պատասխանատուն այնպիսի մեկը լինի, որ կարողանա սննդի որակը ճիշտ որոշել: Իսկ սովորաբար փող տնտեսելու կամ կորզելու համար ժամկետնանց մթերքը բերում են, ասում են՝ դե նոր է, կտաս կգնա, բան էլ չի լինի: Դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը պարտավոր է մտնել ճաշարան և տեսնել, թե ինչ սնունդ են տալիս երեխաներին, այսինքն՝ ոլորտը պետք է վերահսկվի:
Մի բան էլ կա, որ էլի շատ կարևոր է. հիմնադրամները սովորաբար աջակցում են մտավոր կամ ֆիզիկական սահմանափակ կարողություններով երեխաներին, բայց կան շատ առողջ երեխաներ, որ էլի աջակցության մեծ կարիք ունեն՝ մասնավորապես բազմազավակ ընտանիքների երեխաները, որոնց ևս պետք է լուրջ ուշադրություն դարձնել: Ես, հավանաբար, կդիմեմ քաղաքապետին, որ մի կառույց ստեղծենք, որտեղ մանկական օգտագործված հագուստը և խաղալիքները կենթարկվեն քիմմաքրման, և հետո անվճար կբաժանենք այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն»:
Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք տեղում արտադրել խաղալիքներ, որոնք կհամապատասխանեին մեր ազգային արժեհամակարգին՝ օրինակ «Շունն ու կատու» հեքիաթի հերոսներ դերձակ կատվին և պատվեր տվող շանը և այլն: Բացի այդ էլ, դրանք կլինեին էկոլոգիապես մաքուր, այլ որ թե չինական և անհայտ ծագման:
Աստղիկ Իսկանդարյան