Բաժիններ՝

«Հայաստանում ինֆրակարմիր տվիչներ, անօդաչու սարքեր արտադրողները պատրաստ են առանց շահույթի մեզ համար արտադրել, բայց նախարարությունն իրենց չի դիմում» (տեսանյութ)

«Հայաստանում ինֆրակարմիր տվիչներ արտադրող կա, անօդաչու սարքեր արտադրող կա, թող մեր պաշտոնյաներն այդքան հիմար չլինեն՝ դրսից չբերեն թանկ-թանկ գներով, եթե կարելի է այստեղ արտադրածն օգտագործել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար, հետախույզ Վովա Վարդանովը։

Նա նշեց, որ ցուցահանդեսներ են անցկացվում, որոնց ընթացքում նա հանդիպել է մարդկանց, որոնք ստեղծում են տարատեսակ տվիչներ, անօդաչու սարքեր. «Այդ համակարգը մշակում են Ամերիկայի և Մեքսիկայի արանքում՝ սահմանին դնելու համար: Ես զարմացած էի. ֆանտաստիկայի ոլորտից էր»:

Վովա Վարդանովի համոզմամբ՝ եթե այսօր մարդկային զգայարանների շնորհիվ և դիրքերում հսկող շների շնորհիվ հայկական բանակը կարողանում է ապահովել մոտ 60-70 տոկոս անվտանգություն, ապա, եթե դրան գումարենք սարքերի կողմից իրականացվող հսկում, ապա կունենանք հզոր պաշտպանություն. «Վերջիվերջո, բացի նրանից, որ խիզախ է, ապրել է ուզում, այդ մարդը, բնական է, չի քնում պոստում: Եթե լինեն անօդաչու սարքերը, գումարած՝ մարդը, մնացած սարքերը, որոնց միջոցով ֆիքսում են, որ մյուս կողմում աշխատանքներ են կատարում, կարող ենք ապահովել 120-160 տոկոս պաշտպանվածություն»:

«Հայաստանում խուճապ չեմ տեսնում: Խուճապ, ընդհակառակը, տեսնում եմ մյուսի՝ Ադրբեջանի կողմից: Համացանցում նույնիսկ կադրեր տեսա, թե ինչպես են իրենք մեքենաներով փախչում իրենց գյուղերից: Իսկ մեր գյուղերում կամ սահմանում ի՞նչ ենք տեսնում՝ մեքենաները բարձած գնում են դեպի սահման: Չգիտես՝ ինչո՞ւ են շշուկներ տարածվում, որ ժողովրդի մոտ խուճապ կա: Շատ լավ նախաձեռնություն է, որ մեր ազատամարտիկները կամավոր դիմում են, որ գնան դիրքեր. սա կոգեշնչի մեր տղերքին, չնայած մեր զինվորները հոյակապ պատրաստվածություն ունեն հիմա»,- այսպիսի կարծիք հայտնեց հետախույզ-ազատամարտիկ Վարդան Ենոքյանը:

Կարդացեք նաև

Հետախույզ Վ. Վարդանովը նաև պատմեց, որ 1985 թվականին Խորհրդային Միության բանակում իրեն դողացնելով մի արկղ են փոխանցել և ասել՝ «это табу». «Դա սարք էր՝ սեյսմադատչիկ. երբ հետախուզական խումբը մտնում է ներս, և շատ ես հոգնած, որ մեկ հոգի պետք է հսկի, մի քանի հատ դատչիկ ես տեղադրում խմբի շուրջ, նստում ես օսցիլոսկոպի (տատանացույց՝ էլեկտրական պրոցեսների տեսողական դիտարկման սարք) դիմաց, և եթե կողքից ինչ-որ մեկը քայլում է՝ կարողանաս կարդալ իր ուղղությունը և հասկանալ, թե իրենից ինչ վտանգ է գալիս: Եթե այդ սարքերը կային 1985 թվականին, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչքան է այդ ամեն ինչը զարգացել: Հիմա եթե տեղադրենք ժամանակակից դատչիկները՝ երևի այդ քայլողի անձնագրի համարը, ընտանիքի անդամների քանակը, մազերի գույնը կարող ենք իմանալ»:

Վովա Վարդանովը նշեց նաև, որ այս աշնանը կրկին տվիչների, անօդաչու սարքերի ցուցահանդես է լինելու Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտում. «Մեր արտադրողներն արտադրում են՝ ում համար ասես, բացի մեր Պաշտպանության նախարարությունից, իրենք պատրաստ են առանց շահույթի մեր համար արտադրել, բայց մեր նախարարությունն իրենց չի դիմում: Դա հանցավոր մոտեցում է մեր ապագայի նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս