Սոս Գիմիշյան. «Միայն հիմարը կարող է ենթադրել, որ Հայաստանին հնարավոր է ստիպել, որ ինքն ինչ-որ շրջաններ տա»

«Այս լարվածության մեծացումը կապված է Հայաստանի որոշմամբ՝ գնալ Եվրասիական տնտեսական միության, այլ ոչ թե Եվրոասոցացման ճանապարհով: Ինձ համար միանշանակ է, որ այդ սրացումը կապված է այդ ամենագլխավոր քաղաքական խնդրի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

Ըստ նրա՝ իրավիճակը հենց հիմա է սրվել, որովհետև մոտենում է այն պահը, որ պետք է վերջնականապես որոշվի՝ ստորագրվի՞ այդ փաստաթուղթը, թե՞ ոչ. «Ու քանի դեռ ստորագրված չէ, ինչ-ինչ քաղաքական ուժեր հույսեր կփայփայեն, որ հնարավոր է շուռ տալ իրավիճակը, ապակայունացնել և այնպես անել, որ այդ համաձայնագիրը տեղի չունենա»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-9-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ բանակցություններ կվարեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Խոսելով այս հանդիպման մասին՝ Ս. Գիմիշյանն ասաց, որ, իհարկե, ցանկացած երկիր ձգտում է ցույց տալ, որ ինքն այս կամ այն տարածաշրջանում ազդեցություն ունի, խնդիրներ կարող է լուծել. «Հիմա լարվել է իրավիճակը, Ռուսաստանը փորձում է ցույց տալ աշխարհին, որ իր ազդեցությունն ավելի խորն ու լուրջ է հարավկովկասյան տարածաշրջանում: Ես նորմալ եմ վերաբերվում այդ հանդիպմանը, ու առահասարակ՝ ցանկացած հանդիպման: Եթե Ֆրանսիան կազմակերպեր Փարիզում, նույնպես նորմալ կվերաբերվեի, մեզ այդ բանակցային գործընթացն անհրաժեշտ է: Մեզ պետք է պահապանել եղած իրավիճակը, հանգիստ պետական, քաղաքական, աշխարհաքաղաքական որոշումները կայացնել ու այնպիսի որոշումներ կայացնել, որ նախևառաջ Ղարաբաղի հարցում ամենամեծ ապահովությունը կտան»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե նշանակություն չունի՞՝ որտեղ և ում հետ տեղի կունենա երկու երկրների նախագահների հանդիպումը, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Նշանակություն ունի: Եթե Ֆրանսիայում լիներ՝ դա մի բան է, եթե Սոչիում է՝ դա մեկ այլ բան է, բայց դա բանակցային գործընթաց է, որը, հուսով եմ՝ կբերի ավելի մեղմացման, ավելի լարվածության իջեցման: Որտեղ էլ լիներ, ես այդ հույսով կվերաբեերվեի: Այլ բան է, որ այն երկրում, որտեղ տեղի է ունենում, նրա ազդեցությունը, նրա հետագա հնարավորություններն են մեծանում: Այդ իմաստով էլ, ով շնորհք ունի, նա էլ թող կարողանա կազմակերպել: Կարևորը լարվածությունն իջնի, վտանգները փոքրանան»:

Դիտարկմանը, թե քաղաքական որոշ գործիչների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը Սոչիում կայանալիք հանդիպումից կարող է վերադառնալ կա՛մ պատերազմի վերսկսման մասին բոթով, կամ էլ՝ ազատագրված տարածքները զիջելու մասին որոշմամբ, Ս.Գիմիշյանն ասյպես արձագանքեց. «Չկա՛ նման բան: Միայն հիմարը կարող է նման խնդիր դնել Հայաստանի առջև: Գիտեմ՝ շատ են տարածվում նման խոսակցությունները, թե իբր Հայաստանի վրա այսօր ազդում է Ռուսաստանը, որ «պետք է տարածք վերադարձնես, եթե չէ, ապա վատ կլինի»: Տարածք վերադարձնի, որ ի՞նչ: Մի բան պետք է տան, որ ի՞նչ ստանան: 7 շրջանների վերաբերյալ Միացյալ նահանգների դեսպանն էլ էր խոսում, ինձ համար դրանք անհեթեթ, դատարկ խոսակցություններ են: Խնդիրներն այդպես չեն լուծվում: Սա բազար չի, շուկա չի՝ «արի ես քեզ մի քանի շրջան տամ Ադրբեջան, դու մտի Եվրասիական համագործակցության մեջ»:

Ասենք մտավ, վերցրեց տարածքները, կես տարի հետո դուրս եկավ, հետո ի՞նչ եք անելու: Ասում են՝ չհաջողվեց Ռուսաստանին ստիպել Հայաստանին: Միայն հիմարը կարող է ենթադրել, որ Հայաստանին հնարավոր է ստիպել, որ ինքն ինչ-որ շրջաններ տա: Փոխադարձ համաձայնության կարող են գալ, բայց ստիպե՞լ, ով՞ կարող է: Մեր երկրի նախագահը կարող է ինքնագլուխ որոշի, բայց ոչ ոք չի կարող ստիպել, պետք է փոխհամաձայնություն լինի, ժողովուրդների որոշում պետք է լինի»:

Ս.Գիմիշյանը նշեց, որ պատերազմի ռիսկեր, իհարկե, կան. «Եթե Հայաստանը որոշեր, որ գնում է Եվրոասոցացում, վտանգը շատ մեծ էր, որ Ռուսաստանն այստեղ ինչ-որ մի բան կազմակերպի, որ Հայաստանը Եվրոասոցացում չգնա: Եթե Հայաստանը որոշում է գնալ Եվրասիական համագրծակցություն, ապա Արևմուտքն ամեն ինչ պետք է անի, փորձի խառնել, որ հանկարծ Հայաստանը չգնա: Տարբեր շահեր են: Այսպիսի պահերին բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ նրանից՝ արևմտամե՞տ են, թե՞ ռուսամետ, պետք է դառնան հայամետ ու ելնեն միայն և միայն Հայաստանի շահերից: Մենք չենք կարող ուկրաինական քաղաքական էլիտայի պես մեզ թույլ տալ, որ երկիրը դառնա մսաղաց, մենք պետք է բոլորս կողք կողքի կանգնենք, մոռանանք Արևմուտքն էլ, Ռուսաստանն էլ, լինենք միայն և միայն հայ և այնպես անենք, որ մեր երկրում նման բան չլինի»:

Տեսանյութեր

Լրահոս