Հայաստանը վճարում է Մաքսային միության անդամ դառնալու համար

Որքան ավելի հաճախակի են դառնում հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող ռազմական գործողությունները, որքան ավելի է մեծանում սպանվող երիտասարդ զինվորների թիվը, այնքան միջազգային հանրության արձագանքը դառնում է ավելի սառը ու ավելի «հավասարակշիռ»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ/վերսկսմամբ շահագրգիռ գրեթե բոլոր պետություններն ու միջազգային կազմակերպություններն արդեն իսկ հանդես են եկել համապատասխան հայտարարություններով, որոնցում բոլորը «երկու կողմերին» կոչ են անում պահպանել հրադադարը և զերծ մնալ ռազմական գործողություններից:

Հայտարարությունների այդ շարքում, իհարկե, ամենածիծաղելին Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ երկու կողմերին ուղղված կոչ պարունակող հայտարարությունն էր: Ծիծաղելի՝ այն առումով, որ Ռուսաստանն արդեն մի քանի տարի զենք է վաճառում Ադրբեջանին, այդ զենքով կրակում են հայ խաղաղ բնակիչների ու զինուժի ուղղությամբ, ՌԴ-ն, որ նաև ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի, այդ ընթացում շարունակում է զինել Ադրբեջանին ու հանկարծ… «երկու կողմերին» կոչ է անում չխախտել հրադադարի ռեժիմը:

Հայ քաղաքական մտքի տիտաններն այս օրերին, բնականաբար, վայելում են իրենց վաստակած հանգիստը, ու հանգստի լեթարգիականությունը նրանց թույլ չի տալիս հիշել, թե ինչպես էին իրենք ընդամենը մի քանի ամիս առաջ կրծքով պաշտպանում Ռուսաստանին՝ Հայաստանում հնչող հատուկենտ մեղադրանքներից, որ մեր «ռազմավարական գործընկերը» զենք է վաճառում մեր ռազմավարական հակառակորդին: «Մաքուր բիզնես է»,- ասում էին հայ քաղաքական գործիչները:

Այդպես էին ասում, որպեսզի այս օրերին կարողանային հանգստանալ, որովհետև ամառային հանգիստը թանկ հաճույք է և հասանելի է նրանց համար, ովքեր «բիզնեսով են զբաղվում»: Ռուսական ռազմական բիզնեսի հայ «մարքետոլոգները», այսպիսով, այսօր հանգստանում են: Երևի երեկոյան ժամերին հարևանցիորեն մտածելով, թե ինչ գաղափարական հիմնավորումներ են ներկայացնելու աշնանը՝ ամռանն Ադրբեջանի կողմից ռուսական զենքի միջոցով Հայաստանի դեմ իրականացված ռազմական գործողությունները եթե ոչ՝ արդարացնելու, ապա դրանցում գոնե «ռուսական հետքը» լղոզելու համար:

Բայց վերադառնանք հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ աշխարհի արձագանքին: Ռուսների դեպքում ամեն ինչ պարզ է՝ նրանք հիմա քաղում են իրենց «բիզնեսի» քաղաքական պտուղները:

Իսկ ինչո՞ւ է արևմտյան և մնացյալ աշխարհը տեղի ունեցածին արձագանքում՝ հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այս հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ թե ռազմաճակատում՝ քննարկելով, թե կողմերից որն է դիվերսիոն գործողությունների հեղինակը, այլ քաղաքական հարթությունում: Այն հարթությունում, որտեղ հայտնվել է Հայաստանը:

Միջազգային հանրություն կոչվածն իրականում գնահատականներ է տալիս ու կոչեր է հղում ոչ թե փաստական իրականության, այլ քաղաքական իրողությունների վրա հիմնվելով: Այսինքն՝ այդ գնահատականների հարցում կարևոր է առաջին հերթին՝ ոչ թե ճշմարտությունը, այլ այն, թե ինչպես է այդ ճշմարտությունը ծառայում հակամարտ կողմերի քաղաքականությանը և, որ ավելի կարևոր է՝ աշխարհաքաղաքական որ բևեռում է գտնվում կողմերից յուրաքանչյուրը:

Հայաստանն անշրջելիորեն, անմնացորդ ու վերջանականապես հանձնվել է Ռուսաստանին և աշխարհի կողմից այլևս ընկալվում է՝ որպես վերջինիս կցորդ: Ռուսաստանն այսօր, ինքը, աշխարհում, ըստ էության, զբաղվում է «քաղաքական դիվերսիայով», որը տարբեր տարածաշրջաններում, առաջին հերթին՝ Ուկրաինայում դրսևորվում է ռազմական դիվերսիաների տեսքով:

Ադրբեջանը հիմա դիվերսիաներ է իրականացնում Հայաստանի նկատմամբ, որն իր հերթին՝ դարձել է «համաշխարհային դիվերսանտ» երկրի կցորդը: Ադրբեջանն՝ ինքն իրականում լինելով այդպիսի երկիր, հիմա մեծ պահանջարկ է վայելում աշխարհում՝ ինչպես՝ Ռուսաստանի, այնպես էլ՝ Արևմուտքի կողմից:

Ռուսաստանը դա արտահայտում է Ադրբեջանին զենք վաճառելով, Արևմուտքը՝ առայժմ «հավասարակշիռ» հայտարարություններով: Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին տեղի ունեցողը և դրա վերաբերյալ աշխարհի գնահատականն անցած տարվա սեպտեմբերի 3-ի հետևանքն է: Հայաստանը Մաքսային միության անդամ դարձնելու հետևանքը: Սահմանագծին զոհվող երիտասարդներն իրենց կյանքով վճարում են այն որոշման համար, որը, ըստ էության, կյանքից զրկել է Հայաստանի Հանրապետությանը՝ երկարաձգելով իշխանության կյանքը:

Այս օրերին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը կատարում են առավելագույն բարձր մակարդակով: Փառք ու պատիվ բանակի ղեկավարությանն ու առաջին հերթին՝ սահմանում կանգնած զինվորներին:

Բայց տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը՝ որպես պետություն, ունի միայն բանակ: Դիվանագիտություն՝ որպես այդպիսին, Հայաստանը չունի: Որովհետև այն, ինչ ընդունված է արարողակարգային առումով համարել հայկական դիվանագիտություն, վաղուց այլևս ոչ միայն դիվանագիտություն չէ, այլ տակավին հայկական չէ: Հայաստանն այսօր կանգնած է օր առաջ պետություն ունենալու անհրաժեշտության առաջ: Պետություն՝ բառի լայն և նեղ իմաստներով:

Տեսանյութեր

Լրահոս