Բաժիններ՝

Մեզ պատժամիջոցներից բաժին կհասնեն միայն վնասները, իսկ առավելություններից մենք ի վիճակի չենք լինի օգտվել. Հրանտ Բագրատյան

 Հարցազրույց նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ

– Երկու օր առաջ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն հայտարարեցին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Հրապարակված ցուցակում են ռուսական այնպիսի ընկերություններ, որոնք ակտիվներ ունեն Հայաստանում: Եթե նկատի ունենանք նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի զգուշացումը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է նկատի ունենա պատժամիջոցների առկայությունը, ինչպե՞ս կարող են այդ պատժամիջոցներն ազդել Հայաստանի և Հայաստանում ակտիվներ ունեցող ռուսական ընկերությունների վրա:

– Այս հարցում մի փոքր անորոշություն կա, քանի որ հայտնի չէ, թե ի՞նչ է հասնում Հայաստանին, ի՞նչ պետք է անեն հայերը. ամերիկացիները դա դեռ չեն որոշել: Նրանք ընդամենը նախապես զգուշացրեցին, որ պետք է զգույշ լինել: Կարծում եմ, որ առաջիկայում այս հարցում որոշակիություն կմտցվի:

– Ի՞նչ է նշանակում՝ զգույշ լինել, ինչո՞վ է դա արտահայտվելու:

– Օրինակ, եթե «Ռոսնեֆտը» Հայաստանում ակտիվներ ունի, որոնք հայկական ռեզիդենտներ են, բայց «Ռոսնեֆտին» են պատկանում, երևի Հայաստանը պետք է հետևի, որ այստեղի «Ռոսնեֆտի» ակտիվները հետևեն այդ սանկցիաներին:

– Հայաստանում գործող «ՎՏԲ» և «Գազպրոմ» բանկի մասնաճյուղերի վրա ինչպե՞ս կարող են պատժամիջոցներն ազդել, արդյոք ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը կարո՞ղ են պահանջել, որ հայկական ընկերությունները զերծ մնան այդ բանկերի միջոցով գործարքներ կատարելուց:

– Ոչ, նման բան չկա, այդ բանկերը Հայաստանում կաշխատեն այնպես, ինչպես մինչև հիմա աշխատել են: Ուղղակի, երբ մեր Կենտրոնական բանկն առևտրային բանկերին ռեսուրսներ է տրամադրում, ամենայն հավանականությամբ, ասուհետ  այդ բանկերին չպետք է ֆինանսական ռեսուրսներ տրամադրի՝ որպես պատժամիջոցների տակ գտնվող բանկեր:

– Ի՞նչ եք կարծում, եթե ԱՄՆ-ը ու ԵՄ-ն ավելի կոնկրետ պահանջներ դնեն Հայաստանի առաջ՝ պատժամիջոցներին միանալու առումով, ինչպիսի՞ն կլինի իշխանության արձագանքը:

– Կարճ ժամանակ Հայաստանը ձև կանի, որ ինչ-որ բան անում է, բայց իրականում ոչ մի բան էլ չի անի:

– Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել պատժամիջոցներին չմիանալը, որքանո՞վ դա կազդի Հայաստանի վրա:

– Այսօր Հայաստանը Միացյալ Նահանգների համար ունի անհասկանալի երկրի համարում` ոչ բարեկամ, ոչ թշնամի: Չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի առճակատման խորացման պայմաններում Հայաստանն առաջիկա ամիսների ընթացքում անպայման կհայտնվի ԱՄՆ-ի թշնամի երկրների ցանկում: Որովհետև ԱՄՆ-ը և ԵՄ երկրները կտեսնեն, որ չնայած Հայաստանից արվող հայտարարություններին, Հայաստանը միշտ ընտրում է այն, ինչ հուշում է Ռուսաստանը, անում է այն, ինչ թելադրվում է Ռուսաստանից:

– Հնարավո՞ր է, որ պատժամիջոցներ կիրառվեն նաև Հայաստանի նկատմամբ:

– Դժվարանում եմ ասել. հնարավոր է, որ ընդհանրապես բանի տեղ չդնեն, որպես չափազանց փոքր տնտեսություն ունեցող երկիր՝ նկատի ունենալով նաև իրենց երկրներում հայկական ստվար համայնքների գոյությունը, կարող են նաև պատժամիջոցներ կիրառել: Չնայած՝ չեմ կարծում, թե Հայաստանի հարցով կարող են այդքան խորանալ:

– Կարո՞ղ է Հայաստանը հայտարարել իր չեզոքության մասին և չդառնալ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության զոհը:

– Անպայման, դա լավագույն լուծումն է, բայց դա գործող իշխանությունների պարագայում անհնար է: Այսօրվա իշխանություններն իրենց անձնական շահը խառնում են պետության շահի հետ: Հայաստանը պետք է հետևի և սպասարկի ոչ թե ազգի, ինչ-որ խմբի, կլանի կամ առանձին անհատի շահը, այլ հենց պետության շահը: Օրինակ, մենք դեկտեմբերին չպետք է «Գազպրոմի» հետ նման պայմանագիր ստորագրեինք՝ ոչ թե այն պատճառով, որ դեմ ենք «Գազպրոմին», այլ որովհետև այդ պայմանագիրն ուղղված էր հայոց պետականության դեմ, տեխնոլոգիական առաջընթացի դեմ: Բայց Հայաստանի պետության ղեկավարներն այդ համաձայնագրի մեջ շահ են տեսնում և փող են աշխատում: Իրենց բիզնեսները կապված են «Գազպրոմի» հետ, Հայաստանի իշխանավորները խոշոր բիզնեսմեններ են, ովքեր մի քանի միլիարդի կարողություն ունեն: Հենց այդ պատճառով է, որ ասում եմ՝ պետության ղեկավար այրերը չպետք է ունենան անձնական բիզնես շահեր, որպեսզի կարողանան կայացնել բացառապես երկրի սուվերենությունից բխող որոշումներ: Որովհետև, երբ պետության ղեկավարի և պետության շահերն իրար հակադրվում են, նա, ամենայն հավանականությամբ, կգերադասի իր անձնական շահը՝ ստորադասելով պետական շահը:

– Հայաստանը կարո՞ղ է օգտվել պատժամիջոցներից՝ նկատի ունենալով, որ ռուսական շուկան ազատվում է որոշ երկրների ապրանքներից:

– Այո, օրինակ, մոլդովացի և ուկրաինացի շինարարների հեռանալը նոր հնարավորություններ կստեղծի հայ շինարարների համար: Նույնը վերաբերում է մրգի, բանջարեղենի, ոգելից խմիչքների շուկայի ազատմանը, որտեղ մեզ համար ևս կարող էին հնարավորություններ բացվել: Բայց այս ուղղությամբ հաջողությամբ գործում է միայն միջին բիզնեսը, իսկ Հայաստանում այդ ամենը կենտրոնացված է: Հայաստանի ամբողջ տնտեսական քաղաքականությունն ուղղված է ներմուծումների խրախուսմանը և դրանով բյուջե լցնելուն: Այնպես որ, պատժամիջոցների ազդեցությունը կարող է բազմակողմանի լինել. ուղղակի մեզ բաժին կհասնեն միայն վնասները, իսկ առավելություններից մենք ի վիճակի չենք լինի օգտվել:

– Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի ձգտումները կդադարե՞ն, թե՞ ավելի կակտիվանան:

– Սպասելի էր, որ դրանք պետք է սառեցվեին, բայց Ռուսաստանը կանի հակառակը: Նախորդ օրը Սերգեյ Լավրովն արդեն հայտարարեց, որ սպասում են

Հայաստանին: Եթե ես լինեի Հայաստանի ղեկավարը, կասեի, որ հիմա դրա ժամանակը չի, բայց ես չեմ Հայաստանի ղեկավարը:  Անիմաստ է անդամակցել մի կառույցի, որտեղ առաջիկայում սպասվում է տնտեսական մեծ ճգնաժամ: Եվ մեզ, և մեր գործընկեր Ռուսաստանին պետք է շահավետ լինի, որ այդ ճգնաժամը մեզ վրա չտարածվի: Չէ՞ որ, եթե մենք ընկերներ ենք, ընկերը չպետք է ուզենա, որ իր ընկերն էլ իր հետ խեղդվի: Ավելին, հնարավոր է, որ Հայաստանի ԵԱՏՄ չմտնելն ինչ-որ ձևով օգուտ տա Ռուսաստանին:

– Այսինքն՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը դադարեցնի անդամակցության գործընթացը:

– Ոչ, որովհետև Հայաստանում ոչ մի տրամաբանություն չի գործում, այստեղ կան բիզնես շահեր, և այդ անձնական բիզնես շահն իրեն է ենթարկեցնում պետության շահը: Եվ հենց այդ պատճառով տեղի կունենա իմ ասածի ճիշտ հակառակը:

– Պատժամիջոցների կիրառման ամենաթեժ պահին Հայաստանը կանդամակցի ԵԱՏՄ-ին:

– Համենայն դեպս, ինքնուրույն չի հրաժարվի դրանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս