«Հայաստանը պետք է լինի պահանջկոտ` թեկուզ դիմելով դիվանագիտական շանտաժի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի ու «Կարմիր խաչի» ներկայացուցիչների վրա կրակելու փաստերի, ինչպես նաև այդ կապակցությամբ միջազգային արձագանքների բացակայության հետևանքների մասին՝ ասաց, որ պետք չէ կենտրոնանալ բուն միջադեպերի վրա, որովհետև դրանք դարձել են օրինաչափություն.
«Ադրբեջանում հասկացել են, որ Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու երկու գործոններից մեկը` արտաքին ճնշման գործոնը, այս պահին բավականին թույլ է և, ըստ էության, չի գործում:
Քանի որ հետխորհրդային տարածաշրջանում տեղի են ունենում ազդեցության գոտիների վերափոխումներ, Ադրբեջանը հուսով է, որ պահելով լարված իրավիճակը մեր տարածաշրջանում` հետագայում հնարավորություն կունենա այդ խաղաղության հեռանկարն ավելի թանկ վաճառել արտաքին գործընկերներին:
Ռուսաստա՞ն, թե՞ ԱՄՆ, այս պահին պաշտոնական Բաքվի համար որևէ նշանակություն չունի, որովհետև բոլոր դեպքերում` կախված Ուկրաինայի զարգացումներից և այնտեղի ելքերից, ակնհայտ կլինի, թե աշխարհաքաղաքական երկու հիմնական ուժերից որի պոտենցիալն է ավելի մեծ, և ով կարող է հավակնել Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ երկիր լինելու դերակատարությանը: Կա նաև Թուրքիայի գործոնը, որը, ըստ էության, նույնպես սպասում է Ուկրաինայի դեպքերի հանգուցալուծմանը և դրան զուգընթաց` բավականին լուրջ հայտեր է ներկայացնում` ատամներ ցույց տալով թե՛ Ռուսաստանին, թե՛ Միացյալ Նահանգներին»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ հայկական կողմի դիվանագիտությունը սխալ է:
«Հայկական կողմից գործում են միայն ռազմական ուժով Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը զսպելու մեխանիզմներ: Դիվանագիտությունը բավականին պասիվ վիճակում է և որևէ կերպ չի նպաստում Ադրբեջանի այս քաղաքականությունը կանխելու գործին: Աշխատել միջազգային հանրություն կոչեցյալի հետ, որը շատ ամորֆ վիճակում է գտնվում, հնարավոր չէ:
Հարկավոր է շեշտադրությունը փոխել և աշխատանքը կոնկրետացնել Մինսկի խմբի համանախագահ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին` փորձելով այս աշխատանքի արդյունքը դարձնել այն, որ հստակ դատապարտումներ ու հստակ ճնշումներ լինեն ուղղված Ադրբեջանին` կասեցնելու այս գործողությունները: Ցավոք սրտի, դիվանագիտական ճնշումների այս մեխանիզմները չեն գործում: Իսկ Հայաստանը պետք է լինի պահանջկոտ` թեկուզ դիմելով դիվանագիտական շանտաժի»,- նշեց բանախոսը:
Մեծ տերությունների կողմից Ղարաբաղի հարցին միջամտելու առումով բանախոսը նշեց, որ համագործակցություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այս պահին չկա, չնայած նրանք ասում էին, թե Ուկրաինայի դեպքերը որևէ կերպ չեն ազդելու Ղարաբաղյան հարցի լուծման վրա, և, որ նրանց մեջ կա միայն մրցակցություն, որն ավելի գլոբալ հարցերի է վերաբերում, իսկ Արցախյան հիմնախնդիրը՝ որպես բաղադրիչ, առկա է այդ մրցակցության մեջ:
Լրագրողների հարցին, թե Արևմուտքը՝ նշանակություն տալով Ադրբեջանի էներգակիր երկիր լինելուն, կարո՞ղ է Ղարաբաղի հարցը լուծել հօգուտ նրա, նա պատասխանեց.
«Ադրբեջանի ռեսուրսները կամ տարանցիկ հնարավորությունները երբեք առաջնային չեն եղել Արևմուտքի էներգետիկ անվտանգության համար: Հայացքները միշտ ուղղված են եղել դեպի Արևելք, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի սրված հարաբերությունների ժամանակ էլ կապեր են հաստատվում Իրանի և Մերձավոր Արևելքի այն երկրների հետ, որոնք կարող են փոխարինել ռուսական նավթին ու գազին Եվրոպական շուկայում: Եթե լինի պատերազմ` այդ ռեսուրսները չեն աշխատելու հօգուտ Արևմուտքի` ո՛չ մաքսիմալ, ո՛չ մինիմալ չափերով, և, ըստ էության, աշխատել միայն Ադրբեջանի հետ հնարավոր չէ»:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, նա պատասխանեց.
«Արտաքին հակասությունն այն է, որ Արևմուտքը հասկացել է, որ Ուկրաինայի ճգնաժամը կասեցնում է ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական միությունում, հետևաբար` կարելի է այդ ճգնաժամն օգտագործել` սրելով ներքին հակասությունները երկրների միջև: Ներքին խնդիրներ ևս կան երկրների միջև: Հայաստանի դեպքում միշտ տեխնիկական խնդիրների մասին են խոսում, և մենք տեսնում ենք, որ անգամ տեխնիկական խնդիրները հաղթահարելու գործում լուրջ բացթողումներ ունենք: Այս ամենի հանրագումարը դարձել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետաձգման հիմնական պատճառը»: