Բաժիններ՝

Վարչապետ․ «Թող նորմալ աշխատեն հարկային դաշտում և գիշերները հանգիստ քնեն». Azatutyun.am

Ինչպես փոխանցում է Azatutyun.am-ը, Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր վստահեցրել է, թե խոշոր գործարարներին ստվերից դուրս բերելու իր ջանքերն արդեն արդյունք են տվել։

Դեռևս մայիսին կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը խոշոր գործարարներին մինչև հուլիսի 1-ը ժամանակ էր տվել՝ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները:

«Թող նորմալ աշխատեն հարկային դաշտում և գիշերները հանգիստ քնեն»,- այսօր Գյումրիում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը․ – «Եթե դուք հետևում եք՝ մեր քայլերը տվել են իրենց արդյունքը: Այսօր ես հեռուստացույցով լսում էի, որ հարկային մարմինները ներկայացնում էին, որ քանի տեղ ստուգումներ են կատարվել՝ որտեղ նկատել են ռիսկեր, և ակնհայտ թղթաշրջանառությունը երևում է դրական շարժը: Եվ դա շատ կարևոր է մեզ՝ հունիսի 1-ից 10-ը մոտ 105 հազար հաշիվ ֆակտուրաների քանակ է ավելացել: Եվ շրջանառությունը՝ հունիսի 1 – հունիսի 10, հուլիսի 1 – հուլիսի 10, մոտ 24 միլիարդով ավելացել է: Դա, իմ կարծիքով, ձեռքբերում է, և համոզված եմ, որ պատասխանատու մարմինները շատ նորմալ աշխատում են, կլինեն հետևողական, ես ինքս էլ կլինեմ հետևողական, և մենք այդ գործընթացը միշտ շարունակելու ենք: Ունենալու է շարունակական բնույթ, և դա նաև բխում է մեր գործարարների շահերից»:

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգմանը: Հովիկ Աբրահամյանը կրկին վստահեցրեց, թե մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ կստորագրեն համաձայնագիրը, իսկ 2015 թվականի հունվարից Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

Վարչապետը հավաստիացրել է, թե որևէ խնդիր, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված գոյություն չունի:

«Որևէ պատճառ չկա՝ ինչպես դուք նշեցիք՝ Ղարաբաղի հետ կապված խնդիրներ, որևէ այլ խնդիր չկար, և ուղղակի քննարկվում են, կան հարցեր տեխնիկական, որ վերացվում են, որ արդեն վերացվել են: Օրինակ, այսօր ժամը 18:00-ին աշխատանքային խումբը վերադարձել է, ինձ մոտ լինելու է քննարկում: Ուղղակի ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատենք, որ մենք կավարտենք հոկտեմբերի մեջ և 2015 թվականի հունվարի 1-ից մենք կլինենք լիիրավ անդամ», – նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս