ԲՀԿ-ական երեք պատգամավոր՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում

Երեկ ԲՀԿ խմբակցության անդամ երեք պատգամավորներ, խմբակցության քարտուղար, ԱԺ Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը և Ազգային անվտանգության, ներքին գործերի և պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչների այցը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներից ստացվող դիմումներով, որոնց հեղինակները բարձրացնում են տարբեր հարցեր, և իրենք այցելելով քրեակատարողական հիմնարկ` ցանկացել են տեղում ծանոթանալ կալանավորների խնդիրներին: Մեր զրույցը Նաիրա Զոհրաբյանի հետ Նուբարաշեն ՔԿՀ այցի վերաբերյալ է:

– Ի՞նչ խնդիրներ էին բարձրացնում կալանավորները:

– Ինչպես գիտեք, վերջերս մոտ երեք տասնյակի չափ կալանավորներ հացադուլ էին հայտարարել, նրանցից երեքն այժմ էլ չեն դադարեցրել հացադուլը և պահանջում են պատշաճ վերաբերմունք իրենց բարձրացրած խնդիրների նկատմամբ: Մասնավորապես, կան ցմահ ազատազրկվածներ, ովքեր արդեն 20 տարի և ավելի գտնվում են ազատազրկման վայրերում, և նրանք պահանջում են որոշակիություն իրենց կարգավիճակում (Որոշ ցմահ ազատազրկվածներ նախկինում դատապարտվել են մահապատժի, իսկ Հայաստանի ԵԽ անդամ դառնալուց և մահապատիժը վերացնելուց հետո նրանց դատավճիռը մեխանիկորեն փոխվել է ցմահ ազատազրկմամբ:

Դատապարտյալները համարում են, որ ցմահ ազատազրկումն ավելի խիստ պատիժ է, քան մահապատիժը, մինչդեռ օրենքը պահանջում է, որ փոփոխությունը լինի հօգուտ դատապարտյալի.- Ա.Բ.):

Կարդացեք նաև

– Ձեր այցելությունն ինչ-որ բան կփոխի՞ այդ մարդկանց կարգավիճակում:

– Դուք գիտեք, որ արդարադատության նախարարը խոստացել էր, որ այդ մարդկանց կարգավիճակի մեջ պարզաբանում մտցվի, և մենք հետևելու ենք, որ դա հնարավորինս սեղմ ժամկետներում տեղի ունենա:

– Այսինքն` նրանց խնդիրը չլուծեցի՞ք:

– Նրանք իրենց խնդիրը լուծված կհամարեն միայն այն ժամանակ, երբ կլինեն ազատության մեջ: Մենք միայն ասել ենք, որ եթե կան խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն օրենսդրական հարթության մեջ, ապա մենք պատրաստ ենք հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով, եթե կարող ենք խնդրի լուծմանն օժանդակել այլ ձևերով, մենք պատրաստ ենք հնարավորինս աջակցել նրանց:

– Բացի ցմահ դատապարտյալներից, Նուբարաշենում է գտնվում նաև կալանավորների ժամանակավոր պահման մեկուսարանը: Ամենաշատ բողոքները լինում են հենց նրանցից, ովքեր դեռ չեն հարմարվել բանտային պայմաններին: Դուք հանդիպե՞լ եք նրանց հետ:

– Այո հանդիպել ենք, և նրանց պահման պայմաններն իսկապես ծայրահեղ վատ են: Մի քանի քառակուսի մետրի վրա գտնվում են 17-18 կալանավորներ, այդ խցերը չունեն օդափոխություն, ընդհանրապես Նուբարաշեն ՔԿՀ-ն չունի օդափոխության համակարգ, և այս շոգին նրանց պայմաններն անտանելի են, ազատազրկման պայմանները դառնում են լրացուցիչ պատիժ այդ մարդկանց համար:

Այսինքն` նրանց պատժում են ոչ միայն ազատությունը սահմանափակելու, այլ անազատության մեջ չափազանց վատ պայմաններում պահելու միջոցով, ինչը նույնպես անթույլատրելի է: Մյուս դժգոհությունն այն է, որ Նուբարաշենում գտնվող 970 կալանավորին սպասարկում է ընդամենը մեկ հոգեբան: Այդ մարդիկ գտնվում են այնպիսի վիճակում, որ անընդհատ ունենում են հոգեբանական աջակցության խնդիրներ, մինչդեռ մեկ մարդը չի կարող սպասարկել մոտ հազար դատապարտյալի և կալանավորի: Նույն վիճակում է նաև բժշկական անձնակազմը, որը ևս այնտեղ գտնվող մարդկանց սպասարկելու համար, մեղմ ասած, չափազանց սահմանափակ հնարավորություն ունի:

– Մի՞թե նման այցեր կազմակերպելով` հնարավոր է լուծել Նուբարաշեն ՔԿՀ-ի օդափոխության կամ բժշկական սպասարկման խնդիրները:

– Մեր խնդիրն է` որպես պատգամավորների, մեկ անգամ ևս բարձրացնել այդ խնդիրները, իսկ դրանք լուծողը պետք է լինի պետությունը: Օրինակ, պետությունը պետք է բոլոր միջոցները գործի դնի Արմավիր ՔԿՀ-ն շուտափույթ շահագործելու համար, որտեղի պայմանները, իմ ունեցած տեղեկություններով, ավելի մոտ են եվրոպական չափանիշներին: Հարցեր կան, որ կարող են նաև ընդհանրապես չլինել: Օրինակ, ամեն մի փոքր զանցանքի համար Ոստիկանությունը դատարան միջնորդություն է ներկայացնում` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ինչպե՞ս հասկանալ, երբ մարդասպանի և մանր խուլիգանություն արածի համար ընտրվում է միևնույն խափանման միջոցը: Այդ կալանքը բավական թանկ է նստում նաև պետական բյուջեի վրա. մեկ կալանավորի համար օրական մոտ 4 հազար դրամ է ծախսվում:

Մինչդեռ ավելի նպատակահարմար կլինի, որպեսզի թեթև հանցագործությունների մեջ կասկածվողների համար որպես խափանման միջոց ընտրվի գրավը. այդ դեպքում ո՛չ կալանավայրերն ավելորդ կծանրաբեռնվեն, ո՛չ էլ պետությունը հավելյալ ֆինանսական բեռի տակ կմտի: Իհարկե, ԱԺ-ում վերջերս օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին, որոնք կոչված են այլընտրանքային խափանման միջոցներն ավելի հաճախակի կիրառելու համար, սակայն պետք է այնպես անել, որ դրանք արագորեն իրականացվեն, և չմնան` որպես օրենքներ:

– Դուք` որպես պատգամավոր, քրեակատարողական հիմնարկներ այցելել էիք նաև մեկ տարի առաջ, այս անգամ ինչ-որ բան տեսա՞ք, որը փոխվել էր, որ այն ժամանակ ինչ-որ հարց էինք բարձրացրել, որը լուծվել էր:

– Ոչ մի էական տարբերություն, չնայած կան բաներ, որոնք չափազանց հեշտ է լուծել: Օրինակ, այն ժամանակ էլ մենք բարձրացրել էինք քրեակատարողական հիմնարկներում սկայպի միջոցով հարազատների հետ շփվելու հնարավորության ստեղծման հարցը: Կալանավորներ կան, ովքեր ասում են, որ իրենց բոլոր ազգականներն ու հարազատները Ռուսաստանում են և չեն կարող ամեն ամիս իրենց հասանելիք տեսակցության օրը գալ Հայաստան: Ինչո՞ւ հնարավոր չէ ստեղծել ինտերնետային սենյակ, որտեղ կալանավորն իրեն հասանելիք տեսակցությունը կկազմակերպի սկայպի միջոցով: Մենք այս հարցը բարձրացրել էինք նաև նախորդ տարի, բայց այն մինչև այժմ էլ մնում է` որպես բարի ցանկություն: Ինչո՞ւ են ԲՀԿ պատգամավորները գրեթե ամեն տարի հետևողականորեն այցելում քրեակատարողական հիմնարկներ: Հնարավոր է, որ Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանն առաջնորդվում են նաև հումանիտար նկատառումներով, և նրանք անտարբեր չեն բանտերում պահվող մարդկանց ճակատագրի նկատմամբ:

Բայց դրա տակ կա նաև քաղաքական ենթատեքստ. բանտերում գտնվում են հազարավոր կալանավորներ, և երբ նրանց այցելում են ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր կալանավորներին ասում են, որ իրենք ևս կիսում են նրանց դժգոհությունը, որ իրենք պատրաստ են հնարավորության սահմաններում աջակցել իրենց, կալանավորներն էլ մտածում են, որ իրենք պետք է աջակցեն ԲՀԿ-ին: Սա սովորական քաղաքական աշխատանք է, որ ԲՀԿ-ականները հետևողականորեն իրականացնում են` ակնկալելով ընտրություններում կալանավորների ազգականների փոխադարձ աջակցությունը, որովհետև իրենք` պատգամավորները, ընտրելու իրավունք չունեն:

Տեսանյութեր

Լրահոս