
Իրաքի նախագահը Գերմանիայում 1.5-ամյա բուժման կուրս անցնելուց հետո վերադարձել է հայրենիք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքի նախագահ (քուրդ) Ջալալ Թալաբանին, որին 2012 թվականի դեկտեմբերին հոսպիտալացրել էին Գերմանիայի կլինիկաներից մեկում, երեկ վերադարձլ է Իրաք: Դա տեղի է ունեցել երկրի պատգամավորների կողմից պետության նոր ղեկավար ընտրելու շեմին:
Թալաբանիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սուլեյմանիա քաղաքի օդանավակայանում (Իրաքյան Քրդստան), ուր պետության ղեկավարին դիմավորել են միայն նրա հարազատները` առանց նախագահական որևէ պատիվների:
Սրանից առաջ Իրաքի նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ Թալաբանին Գերմանիայից վերադառնալուց հետո ձեռնամուխ է լինելու իր պարտականությունների ամբողջովին իրագործմանը: Հայտարարվել էր նաև, որ Թալաբանիի վերադարձը հնարավոր է դարձել բուժման ու ամբողջովին վերականգնման կուրս անցնելուց հետո:
80-ամյա Թալաբանիին գերմանական կլինիկայում հոսպիտալացրել են 2012 թվականի դեկտեմբերի 20-ին` «ուղեղի կաթված» ախտորոշմամբ: Թալաբանին երկար ժամանակ գտնվել է անգիտակից վիճակում: