Ջոն Հեֆերն. Մենք տարբերակներ կձեւավորենք Հայաստանի համար. lragir.am
lragir.am-ը հարցազրույց է վարել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ
– Ի՞նչն է ներդրողներին ամենից շատ մտահոգում Հայաստանի միջավայրի առումով:
– Երբ ես հորդորում եմ Հայաստանում ներդրումներ անել, նրանք բազմաթիվ մտահոգություններ են առաջ քաշում: Նրանք հարցնում են դատարանների մասին, հարցնում են օրենքի գերիշխանության մասին, հարցնում են դատական համակարգի մասին: Շատ լուրջ հարցադրումներ են դրանք: Եթե ասենք տեղական գործընկեր ունեն եւ տեղական գործընկերոջ հետ վեճ է առաջանում, արդյոք նրանք կկարողանան իրենց վեճին արդարացի լուծում գտնել դատական ատյանների միջոցով: Հարկային եւ մաքսային դաշտի վերաբերյալ են շատ հարցեր տալիս: Նրանց հետաքրքրում է՝ արդյոք հարկային, մաքսային վճարումները թափանցիկ են, կանխատեսելի, արդարացի:
Գործարարի համար ամենակարեւոր բանը կանխատեսելիությունն է: Մենք աշխատում ենք կառավարության, մամուլի, քաղաքացիական հասարակության, բիզնեսի, տարբեր օղակների հետ օրենքի գերիշխանությանն ուղղված հարցերում, հարկային ու մաքսային վարչարարության հարցերի շուրջ, որպեսզի երբ ներդրողները գան այստեղ, նրանց համար հստակ կանխատեսելի միջավայր լինի:
– Դրանք խնդիրներ են, որ Հայաստանի բիզնես միջավայրի համար առկա են տարիներ: Ինձ հետաքրքիր է, Ձեր գնահատմամբ, այդ խնդիրների բարելավման առումով շոշափելի փոփոխություն նկատելի՞ է Հայաստանում, թե ոչ: Եվ հնարավոր կլինի՞ ներդրողին ասել, թե տեսեք՝ փոփոխությունը կա, եւ շոշափելի փոփոխություն է:
– Դրական տեղաշարժեր եղել են, կան: Նշեմ ՏՏ ոլորտը: Նրանք կարողացել են այստեղ հաջողության ճանապարհը գտնել, քանի որ կան շնորհալի, լավ կադրեր, քանի որ ՏՏ ոլորտը ապակենտրոնացված է, այն դժվար է կենտրոնացնել մի տեղում, մեկի ձեռքի տակ: Նաեւ քանի որ փակ սահմանները չեն կարող անդրադառնալ այդ ոլորտի վրա, որովհետեւ նրանց ապրանքները արտահանելու համար գնացքներ եւ բեռնատարներ պետք չեն:
Մեկ այլ կարեւոր ոլորտ, որի ազատականացման վերաբերյալ կառավարությունը որոշում ընդունեց անցյալ տարվա հոկտեմբերին, դա ավիացիայի ազատականացման ոլորտն էր:
Նաեւ մեկ-երկու կարեւոր որոշում էլ նշեմ: Կառավարության կարեւոր որոշումներից մեկը Որոտանի կասկադի հետ կապված համաձայնության ստորագրումն էր Կոնտուր Գլոբալ ընկերության հետ, հունվար ամսին: Եվ Ֆրանսիայի դեսպանն օրերս հայտարարեց, որ Հայաստանում սկսելու է շուտով գործել Կարֆուրը, որը որակյալ եւ մատչելի գներով ապրանքներ կբերի Հայաստան: Որոշ լավ լուրեր, դրական տեղաշարժեր կան:
– Այդ լավ լուրերի հետ կապված, մենք Կարֆուրի դեպքում օրինակ տեսնում ենք, թե քանի ամիս կամ քանի տարի տեւեց, մինչեւ որ կբացվի կամ հույսեր կան, որ կբացվի Հայաստանում: Եվ խնդիրներ են նկատվում Որոտանի գործարքի դեպքում: Համենայն դեպս Հայաստանում ոչիշխանական խորհրդարանական ուժերն են պահանջում չեղյալ համարել գործարքը: Եվ ասում են, որ կան գործարքի հետ կապված իրավական խնդիրներ: Հետաքրքիր է Ձեր դիրքորոշումն այդ հարցում, հատկապես իրավական խնդիրների մասով: Առավել եւս գիտենք Ձեր հայտնած կարծիքն այն մասին, որ գործարքը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի հանդեպ վստահության առումով: Չե՞ք նկատում արդյոք համակարգային դիմադրություն այդ «լավ լուրերի» առումով:
– Դա խոշոր, բարդ գործարք էր: Խոսքը 180-250 միլիոն դոլարի ներդրման մասին է արեւմտյան ընկերության կողմից, մի այնպիսի ոլորտում, որտեղ արեւմտյան ներդրում երբեւէ չի եղել Հայաստանում: Եղել է նախորդ կառավարության հետ երկար բանակցային գործընթաց: Բնական է, որ ներկայիս կառավարությունը պետք է փորձի համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է արված: Մենք բանակցության կողմ չենք եղել եւ ես չգիտեմ ինչ հարցեր են քննարկվել, ինչի մասին են եղել քննարկումները: Սակայն գիտեմ, որ այս պահին ընկերության եւ կառավարության միջեւ քննարկումներ են ընթանում եւ կարծում եմ, որ քննարկումների շնորհիվ հնարավոր կլինի այդ գործարքն ի կատար ածել:
Եվ այս պարագայում սա լավ ազդանշան կլինի առ այն, որ Հայաստանը պատրաստ է նման գործարքների, բաց է բիզնեսի համար նույնիսկ նմանատիպ բարդ գործարքների պարագայում:
Դուք իրավացի եք, կան համակարգային խնդիրներ, համակարգային մարտահրավերներ՝ անշուշտ: Եվ մեր տեխնիկական աջակցության, մեր աշխատանքի շրջանակում ուղերձը, որ փոխանցվում է, այն է, որ անհրաժեշտ է համակարգը փոխել, այնպիսի համակարգ ձեւավորել, որի պարագայում մեծ թե փոքր, տեղական, թե օտարերկրյա ընկերություն կարողանա հաջողության հասնել: Երբեմն կառավարությունը փորձ է անում, եթե ինչ որ խնդիր է առաջ գալիս, այդ խնդիրը լուծել: Ամեն անգամ մի խնդիր: Բայց առավել կարեւոր է համակարգային փոխակերպումը, որ համակարգն արդարացի լինի ամերիկյան, եվրոպական բիզնեսի, տեղական ներդրողների համար, որ թափանցիկությունն ու կանխատեսելիությունը հասանելի լինի բոլորի համար:
– Համակարգային փոփոխությունների առումով ինչպիսի հեռանկար կարող է սպասել Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունում, եթե անդամակցի: Որովհետեւ այդ միության անդամներ են այնպիսի երկրներ, որոնք աչքի են ընկնում հենց համակարգային խնդիրներով՝ կոռուպցիա, անազատ տնտեսություն, քաղաքական մրցակցության բացակայություն: Երբ Հայաստանն անդամակցում է այդ ընկերախմբին, արդյոք դա կարող է դրական հեռանկար խոստանալ Հայաստանին:
– Ինչպես գիտեք, մենք պաշտպանում էինք Հայաստանի եվրոպական ուղղությամբ ընթացող բանակցությունը: Դա Հայաստանի համար շատ օգտակար կլիներ եւ նաեւ կարծում եմ բարեփոխումների համար նոր վերելք կապահովեր: Երբ նախագահը, կառավարությունը սեպտեմբերին որոշեցին անդամակցել այդ միությանը, ամեն մի երկիր ինքը պետք է որոշի ինչ կազմակերպությունների է անդամակցում՝ առանց սպառնալիքների եւ ճնշումների: Մեր տեսանկյունից, Հայաստանն ազատ է կատարել ընտրություն, թե որ կազմակերպություններին է ինքը ցանկանում անդամակցել:
Այն, ինչ կարեւոր է մեզ համար՝ թե ինչ տեղի կունենա հետո: Եվ այն ազդակները, որ եղել են նախագահից, կառավարությունից, այդ պայմանագրերի ստորագրումը, Բաց երկնքի քաղաքականության հրապարակումը, սա ցույց է տալիս, որ կառավարությունը, պետությունը դեռեւս ցանկանում է նաեւ գործակցել Միացյալ Նահանգների, եվրոպական գործընկերների հետ: Եվ մենք աշխատում ենք, առավել քան երբեւէ մեծ եռանդով, որպեսզի կարողանանք գտնել այն ոլորտները, որտեղ կառավարության հետ մենք կարող ենք լինել գործընկերներ, այն ոլորտները, որտեղ գործակցելու քաղաքական կամք կա:
– Արդյոք չկա՞ սահմանափակում, այն իմաստով, որ Հայաստանը Ռուսաստանի շատ մեծ ազդեցության տակ է եւ Հայաստանը միայն թույլատրելի տիրույթում կարող է գործակցել արեւմտյան ներդրողների հետ: Արդյոք չի խանգարում հենց այն, որ չափազանց մեծ ու ազդեցիկ է մեկ պետության ներկայությունը Հայաստանում:
– Ամեն մի երկիր պետք է տարբերակներ, հնարավորություններ ունենա: Դրա համար մենք փորձելու ենք, ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանին տարբերակներ, առաջարկներ ներկայացնենք: Կարծում եմ Արեւմտյան Եվրոպան էլ շարունակելու է նույնն անել: Դրա համար մենք աշխատում էինք, ամեն ինչ անում էինք, որպեսզի բացվի հայ-թուրքական սահմանը, որպեսզի տարբերակներ ապահովվեին Հայաստանի համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տարածաշրջանի համար շատ կարեւոր վերելք կարող է նախանշել: Դա հնարավորություն կտա, որ այս տարածաշրջանում մարդիկ, ովքեր աչքի են ընկնում իրենց տաղանդով, կարողանան միասին աշխատել, եւ դա կխթանի տնտեսությունը: Եվ ձեր հարցին ի պատասխան նշում եմ, որ մենք տարբերակներ կձեւավորենք Հայաստանի համար, որպեսզի տարբեր ոլորտներում Հայաստանը հնարավորություն ունենա ընտրություն կատարել տարբերակներից:
– Տնտեսական դիվերսիֆիկացիայի առումով Հայաստանի ընտրությունը միշտ կամ գրեթե միշտ բախվում է անվտանգության դիվերսիֆիկացիայի բացակայության խնդրին: Եվ այդ առումով արդյոք կարո՞ղ են լինել Հայաստանին անվտանգության այլընտրանքի առաջարկներ:
– Անվտանգության այլընտրանքներից առաջինն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվի: Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ բանակցային կարգավորումը Հայաստանի համար շատ նոր հնարավորություն ու տարբերակներ կստեղծի տարբեր ոլորտներում: Եվ մյուս տարբերակը որ կա եւ շատ ակտիվ է, դա ՆԱՏՕ-ն է: Խոսքը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին չէ, այլ ընդամենը ՆԱՏՕ հետ գործընկերության մասին, եւ այս պահին Հայաստանը ակտիվ եւ արդյունավետ գործընկերություն է իրականացնում ՆԱՏՕ հետ: Դա կարեւոր է, եւ մենք շարունակելու ենք խթանել այդ ուղղությամբ:
– Կուզեմ անդրադառնանք Ձեր վերջին հայտարարությանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, կապված շրջանների վերադարձի հետ, որը բավական բացասական արձագանք է գտնում Հայաստանի հանրության շրջանում: Եվ այդ կապակցությամբ հիշարժան է, որ Ղարաբաղի երիտասարդությունը համանախագահներին արտահայտեց իր դժգոհությունը: Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակությունը վտանգված են տեսնում իրենց եւ խաղաղությունը հենց շրջանները վերադարձնելու դեպքում: Ի՞նչ այլընտրանք կարող է լինել այդ կապակցությամբ միջազգային հանրությունից:
– Մի երկու բան ասեմ այս հարցի հետ կապված: Դուք իրավացի եք, որ համանախագահները, դեսպան Ուորլիքը, նրանք ցանկանում են շփումներ ունենալ երիտասարդների հետ, տարբեր խմբերի հետ բոլոր կողմերի մոտ: Եվ դեսպան Ուորլիքի ելույթի նպատակներից մեկը հենց այդ էր, որ հանրային բանավեճ ձեւավորվի, հանրային իրազեկում լինի խաղաղ բանակցային կարգավորման տարրերի վերաբերյալ: Եվ երբեմն, երբ երկխոսություն է ընթանում, կա նաեւ բացասական արձագանք, ես էլ տեսել եմ այդ բացասական արձագանքը, բայց նրա ելույթի շատ մասեր քննադատության արժանացան նաեւ Ադրբեջանում:
Նրա ուղերձը այն էր, որ համաձայնության ընդհանուր գծերը կան եւ դրանք վաղուց ի վեր հայտնի են բոլորին, որեւէ նոր բան չկար այդտեղ: Գաղափարն այն էր, որ երբ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ համաձայնություն է լինում կողմերի միջեւ համաձայնեցված եւ ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով, երբ դա տեղի է ունենում՝ 7 տարածքները՝ հանած միջանցքը, վերադարձվում են Ադրբեջանին: Կլինեն անվտանգության երաշխիքներ, կլինեն խաղաղապահներ, սակայն համաձայնության առանցքը հենց այն է, որ ԼՂ կարգավիճակի հետ մեկտեղ նաեւ պետք է լինի 7 տարածքների վերադարձը՝ հանած միջանցքը: Եվ եթե կողմերից մեկը այդ հիմնական համաձայնությունից հետ քաշվի, այդ հակամարտությունը երկար կպահպանվի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: