
Կարծում եմ, որ Հայաստանը չի ունեցել մեծ ընտրություն՝ կապված Մաքսային միության հետ. Բիլդտ

Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի կայքի (www.atlanticcouncil.org) փոխանցմամբ՝ Շվեդիայի արտգործանախարար Կարլ Բիլդտը նախորդ շաբաթ մասնակցել է Ատլանտյան խորհրդի նիստին և իր ելույթում անդրադարձել է նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին.
«Իրականում, երբ Հայաստանը 2013 թվականի աշնանը կատարեց անսպասելի շրջադարձ և հայտարարեց, որ չի ցանկանում համաձայնագիր ունենալ ԵՄ-ի հետ, որի շուրջ բանակցություններ էին անցկացվել մի քանի տարի, և որ իրենք ցանկանում են հանդիսանալ մոսկովյան կենտրոնով Մաքսային միության մասնիկ, մենք ասացինք, որ լավ, դա ձեր երկիրն է, ձեր ապագան է, ձեր ընտրությունն է:
Մենք ընդգծեցինք այդ փաստը և շարունակեցինք աշխատանքը մյուս երկրների հետ: Հայաստանը նույնպես իրավունք ունի ընտրել իր սեփական ուղղությունը: Հայաստանը որոշել է գնալ Մաքսային միության հետ մի շարք պատճառներով, որոնք մենք կարող ենք քննարկել:
Ես կարծում եմ, որ նրանք չեն ունեցել հատուկ ընտրություն: Ես նկատի ունեմ այն, որ նրանց կանչել են Մոսկվա և ներկայացրել են որոշակի փաստեր, որոնք եղել են համոզիչ»: