Թուրք ռեժիսոր. «Կինոն ամենակարևոր միջոցներից մեկն է, որ կարող ենք օգտագործել խնդիրների լուծման համար»
«Հակամարտությունների լուծման միակ ձևը շփումն է, իսկ շփման ամենալավ ձևը հենց արվեստն է, իսկ կինոն ամենաշատ շփում պահանջող արվեստի տեսակն է, և ես հավատում եմ. եթե այն ճիշտ օգտագործվի, ամենալավ ձևն է, որ կողմերն իրար լավ հասկանան»,- 168.am-հետ զրույցում ասաց թուրք ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմօղլուն (Tayfun Pirselimoğlu)՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կարող են ազդել մեր երկրների միջև եղած հակամարտություններն արվեստի բնագավառում երկու կողմերի համագործակցության վրա:
Հիշեցնենք, որ ռեժիսորը Հայաստան է ժամանել «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին իր՝ «Ես նա չեմ» (I’m Not Him) ֆիլմը ներկայացնելու համար:
Ըստ թուրք ռեժիսորի՝ սա երկու ժողովուրդների համագործակցության իրական ձև է, և նա հավատում է, որ արվեստը, հատկապես՝ կինոն, ամենակարևոր միջոցներից մեկն է, որ կարող ենք օգտագործել խնդիրների լուծման համար:
Մեր այն հարցին, թե առհասարակ ի՞նչ են տալիս նման փառատոներն օտարերկրյա ռեժիսորներին, նա այսպես պատասխանեց.
«Առաջին հերթին՝ սա իրար հետ հավաքվելու և շփվելու ձև է: Փառատոները, ինքնին, շատ կարևոր են, հատկապես՝ կինոփառատոները, քանի որ ֆիլմարտադրությունը շատ մեծ է ամբողջ աշխարհում: Հազարավոր ֆիլմեր են արտադրվում, և այս ֆիլմերը հիմնականում կոմերցիոն են: Կինոփառատոնն այն միակ միջավայրն է, որտեղ դու կարող ես արվեստ տեսնել: Սա միջոց է լավ ֆիլմ ստեղծելու համար:
Ինձ համար կոնկրետ փառատոները շատ կարևոր են, դրա համար էլ ես այստեղ եմ: Հիմա մարդիկ եկել են իմ ֆիլմը դիտելու, այսինքն՝ կինոփառատոնի միջոցով դու կարող ես նաև հանդիսատես ձեռք բերել: Ես իմ ֆիլմերով գրեթե 20 տարի ճանապարհորդում եմ ամբողջ աշխարհով, այդ իսկ պատճառով ես գիտեմ դրա կարևորությունը»:
Թ. Փիրսելիմօղլուն նշեց, որ թեև ժամանակի սղության պատճառով «Ոսկե Ծիրանի» շրջանակներում շատ ֆիլմեր չի նայել, բայց ֆիլմերի ընտրությունը շատ է հավանում.
«Առհասարակ, շատ լավ կինոփառատոն է, և ես մեծ հաճույք եմ ստանում՝ այստեղ գտնվելով»: