Գարիբաշվիլին հուսով է, որ ԵՄ-ը շատ չի ձգձգի վիզային ռեժիմի վերացման հարցը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Բաթումում կազմակերպված «Վրաստանի եվրոպական ուղին» 11-րդ միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի ԵՄ-ի երկրներում Վրաստանի քաղաքացիների ոչ վիզային շարժի հարցը չդիտարկվի երկարաժամկետ հեռանկարում:
Գարիբաշվիլիի խոսքերով՝ ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ունենալը Վրաստանի անձնագրերը վերստին գրավիչ կդարձնի Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչների համար.
«Ասոցացման համաձայնագրի ձևակերպումը նոր հնարավորություններ է ստեղծում ԵՄ-ի ու Վրաստանի հարաբերություններում: Այդ իրադարձությունն ինքնաբերաբար կարևոր գործընթացի ոչ թե ավարտն է, այլ՝ սկիզբ: Վրաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում անցում է կատարել կարևոր նոր փուլի:
Եվրաինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականությունից անցում է կատարել դեպի ներքին քաղաքականություն: Վրաստանի իշխանոթյունները հաստատապես որոշել են արագացնել բարեփոխումները, որոնք նախատեսում են ԵՄ-ի հետ քաղաքական մերձեցում, ինչպես նաև տնտեսական փուլային ինտեգրում»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե լարվել են Վրաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները՝ կապված Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային կալանքի տակ առնելու հետ, և որ դրա հետ կապված՝ ԵՄ-ը սպառնացել է տապալել Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները: