Ուելսի գագաթաժողովում ՆԱՏՕ-ն կհստակեցնի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ
Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, որոնց մասնակիցներն ընդգծում են, թե որքան կարևոր դերակատարում ունի Ռուսաստանը Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում: Մեզ բացատրում են, որ միայն ռուսերենի կատարյալ իմացությունն է, որ կարող է մեզ երջանիկ ու ապահով դարձնել, իսկ ոչ ճիշտ առոգանությունն արդեն վատ վարքի նշան է և կարող է վտանգավոր զարգացումների հիմք հանդիսանալ: Այսօր, սակայն, մասնակիցը դարձանք բոլորովին այլ բովանդակությամբ միջոցառման: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, որի ղեկավարը Ստեփան Գիրգորյանն է, այսօր կազմակերպել էր քննարկում՝ «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ» թեմայով: Եվ այս քննարկման մասնակիցները, ավելի շուտ՝ այդ քննարկմանը մասնակցող երկու կանայք` ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը, հայտարարեցին, որ Ռուսաստանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը՝ ոտնձգություն կատարելով հարևան Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Սեպտեմբերի 4-5-ը Ուելսում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը: Տիկին Աֆենտուլին ասում է, որ ՆԱՏՕ-ն գագաթաժողով է անում նոր իրողության պայմաններում` «Սառը պատերազմի նոստալգիայի պայմաններում»: Ըստ նրա՝ սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն փորձել է համագործակցության ձևաչափ ստեղծել նաև Ռուսաստանի համար, և տեղի են ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ համաժողովներ: Սակայն այժմ Ռուսաստանն «առճակատումը նախընտրել է համագործակցությունից»: ՆԱՏՕ-ի պաշտոնյան Ռուսաստանին մեղադրում է այն բանում, որ այդ երկիրն իր գործողություններով իրական սպառնալիք է հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար: Նա կարծում է, որ Ուելսի գագաթաժողովի հիմնական խնդիրը պետք է լինի ՆԱՏՕ-ի դիրքորոշման հստակեցումը Ռուսաստանի նկատմամբ:
«Մենք պետք է դուռը բաց պահենք նոր երկրների համար»,- ասում է ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին: Ավելացնելով, որ, եթե որևէ եվրոպական երկիր ցանկություն հայտնի անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա այս կազմակերպությունը պետք է քննարկի այդ անդամակցության հայտը, և եթե նրա չափանիշները համապատասխանում են կազմակերպության չափանիշներին, ապա ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների համաձայնության դեպքում այդ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը ևս համարում է, որ Ռուսաստանն իր գործողություններով ցույց տվեց, որ «այդ երկիրը պատրաստ է ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը»: Նա մեղադրում է Ռուսաստանին՝ Ուկրաինայում անջատողականներին աջակցելու մեջ և այդ պատերազմում իր հատուկ ծառայությունների միջոցով ներգրավվածություն ունենալու մեջ: Ինչպես տիկին Դեսպինա Աֆենտուլին, դեսպան Քեթրին Լիչը ևս համարում է, որ Ուելսի գագաթաժողովի հիմնական խնդիրը պետք է լինի Ռուսաստանի հանդեպ դիրքորոշման հստակեցումը: «Ինչպե՞ս ենք մենք շարունակելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Արդյո՞ք Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա ֆորմատը պահպանվելու է, թե՞ ոչ»,- ասում է դեսպան Լիչը, ով խորհրդանշական է համարում, որ ՆԱՏՕ-ի նախորդ վեհաժողովը Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել 1990թ., երբ երկաթյա վարագույրն ընկնում էր, և հիմա, երբ այդ վարագույրի վերականգնման նոր նշաններ են ի հայտ եկել:
Ինչո՞վ է այս ամենը կարևոր Հայաստանի համար: Հայաստանը ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ՝ հանդիսանալով Ռուսաստանի ստեղծած Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Միևնույն ժամանակ Հայաստանը 1994թ. հանդիսանում է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի ակտիվ մասնակից, և, ինչպես տիկին Լիչն է ասում՝ ՆԱՏՕ-ն խաղաղապահ առաքելություններում իր զինվորականների ներգրավվածությամբ ավելի ակտիվ է, քան նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ: Մի խոսքով, Հայաստանին հաջողվում է ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ համագործակցել և կայուն հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ, որը ՆԱՏՕ-ի պաշտոնյաները և ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները դրական են համարում: Բայց ի՞նչ կլինի, եթե ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները լարվեն այն աստիճան, որ դրանք դառնան բացահայտ թշնամական: Արդեն իսկ ռուսական որոշ լրատվամիջոցներ և վերլուծաբաններ մեղադրում են Հայաստանին ՆԱՏՕ-ին ծառայելու մեջ, և Աֆղանստան զորախումբ ուղարկելը համարում են ոչ թե համագործակցություն, այլ՝ որպես Հայաստանի վզին փաթաթված պարտադրանք:
Եթե Ռուսաստանն իսկապես բացահայտ առճակատման գնա ՆԱՏՕ-ի հետ, ապա նույնը կարող է պարտադրել նաև Հայաստանին: Ժամանակին ԽՍՀՄ ստեղծած Վարշավյան համաձայնագրի անդամ երկրները չէին կարող համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, քանի որ գործում է «Իմ բարեկամի թշնամին իմ թշնամին է» սկզբունքը: Գուցե հենց այս դեպքի համար էր, որ տիկին Դեսպինա Աֆենտուլին երկու անգամ ընդգծված կրկնեց, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար, և դրա համար պետք է միայն դիմել: