Տաքսու վարորդները պահանջում են ոլորտը կարգավորել օրենքով
«Անօրինական տաքսիներն ապահովագրություն չեն անում: Նրանք գործում են սպիտակ համարանիշի տակ, որը տաքսի չէ, այսինքն՝ հաճախորդը վտանգի տակ է, և եթե մի բան լինի՝ ոչինչ չի վճարվում դրա համար»,- այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհատ ձեռներեց Գագիկ Պողոսյանը: Մի խումբ տաքսու վարորդներ և տաքսու սերվիսների տնօրեններ այսօր պահաջում էին, որպեսզի գործի իրենց ոլորտը կարգավորող օրենքը, որը թեև ուժի մեջ է, սակայն գործնականորեն չի գործում:
«Քաղաքական դիրքորոշում» հ/կ նախագահ Գևորգ Դոստուրյանը հիշեցրեց, որ անցյալ տարվա մարտ ամսին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այս կապակցությամբ հայտարարեց, որ «ով ոնց ուզում է, թող քշի, օրենքը ներքին կարգով կասեցվում է, քանի որ երկրում գոյություն ունի մեծ քանակով գործազրկություն, և մարդիկ մի երկու կոպեկ աշխատելով՝ տուն են պահում, թողենք, ոնց ուզում են՝ քշեն». «Օրինականացված և՛ տաքսու սերվիսները, և՛ անհատները մի տեսակ կոտրվեցին, ասացին՝ լավ, եթե երկրում գործազրկության խնդիր կա, իրոք թող սենց լինի՝ չկարգավորվի դաշտը, ով ոնց ուզում է՝ քշի: Բայց հետո, երբ անալիզ արեցինք (թե՛ Տրանսպորտի նախարարությունը, թե՛ տաքսի սերվիսներն՝ իրենց հերթին, թե՛ Սպառողների միությունը), տեսանք, որ, այո, երկրում մեծ գործազրկության թիվ գոյություն ունի, բայց գոնե վարորդների մասով գործազրկություն չկա: Մենակ տաքսի սերվիսներում կան 4000 թափուր աշխատատեղեր: Այս բարձիթողի վիճակով՝ մենք վարորդին ինչ-որ աշխատանքով ապահովելու հարց չենք լուծում»:
Գ. Դոստուրյանը նկատեց. «Երբ օրենքը գործում էր՝ և՛ տաքսի սերվիսի տնօրեններն էին կարողանում այնքան գումար աշխատել, որ հարկերը վճարեն, վարկերը մուծեն, և՛ անհատ վարորդներն էին 8 ժամվա աշխատանքային օրվա մեջ հասցնում այնքան գումար վաստակել, որ կարողանան իրենց հոգսերը հոգալ, և՛ ուղևորների համար էր լավ, քանի որ գիտեին՝ օրինական տաքսի է՝ մեքենան քչից-շատից ստուգված է: Իսկ այսօր սերվիսները չեն կարողանում ո՛չ հարկ մուծել, ո՛չ վարկ փակել: Նույնը վերաբերում է վարորդին: Իսկ ուղևորը չգիտի՝ ի՞նչ մեքենա է նստում, ի՞նչ կարող է իր հետ լինել»:
Ըստ Գ. Դոստուրյանի՝ այսօր վարորդները տաքսի սերվիսներից դուրս են գալիս, վարձակալությամբ մեքենա են վերցնում և որպես տաքսի վարում. «Եթե սերվիսում ինքը ստիպված է 1կմ-ն 600 կամ 700 դրամով քշել, դրսից վերցրած մեքենայով ինքը 1000 դրամից պակաս չի քշում»:
Գ.Դոստուրյանը հայտարարեց, որ բողոքի ակցիայով նրանք պահանջում են, որպեսզի օրենքը, որը ֆորմալ ուժի մեջ է, սկսի գործել. «Պահանջն ուղղված է Տրանսպորտի նախարարությանը, որ աշխատեցնեն ուժի մեջ գտնվող օրենքը»:
Անի Քեշիշյան
Մանրամասները՝ տեսանյութում