Րաֆֆի Հովհաննիսյան. Երկիրը փոխելու համար պետք է լինի ուժերի աննախադեպ համատեղում, միացյալ հրապարակ

«Սահմանադրական իշխանափոխության, Հայաստանի ինքնիշխանության պահպանմանը հասնելու միակ ձևը միացյալ հրապարակն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Խոսելով ոչ իշխանական ուժերի, մասնավորապես` «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» և Դաշնակցության համագործակցության հնարավորությունների մասին` Հովհաննիսյանն ասաց, որ «քառյակ» եզրը չի օգտագործում, բայց փաստեց, որ այսօր խորհրդարանական պատերից ներս կա չորս կուսակցությունների ողջունելի համագործակցություն: Կխորանա՞ արդյոք այդ համագործակցությունը, դուրս կգա՞ այդ համագործակցությունը Ազգային ժողովի շենքից, կերևա աշնանը:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը, Հայաստանի շարքային քաղաքացին պահանջում է այդ միասնական մոտեցումը, համատեղ մոտեցման կարոտ է և նաև պահանջատեր է: Եվ դա վերաբերում է ոչ միայն այդ չորս ուժերին: Ես հույս ունեմ, որ այս ամռան ընթացքին, չսպասելով աշնանը, մենք քայլեր կձեռնարկենք, որ քաղաքացիական հոսանքները նախ իրար մեջ պայմանավորվեն, առանձին-առանձին չտանեն պայքարը: Ոչ մեկը միայնակ չի կարող լուծել այս հարցը»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Հովհաննիսյանի կարծիքով` Աֆրիկյանների տան պահպանման համար քաղաքացիական պայքարը կամ, օրինակ, էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ցույցերն առանձին-առանձին հրաշալի նախաձեռնություններ են, բայց դրանց արդյունքում լինելու են փոքր հաղթանակներ կամ փոքր պարտություններ, սակայն երկիրը փոխելու համար պետք է լինի ուժերի աննախադեպ համատեղում:

Կարդացեք նաև

«Ինքը (քառյակը,- Ա. Ս.) ունի այդ ներուժը, այնտեղ աշխատող կուսակցություններն ունեն տարբեր ներքին ժամանակացույցեր, տարբեր ներկուսակցական օրակարգեր, և դա բնական է: Մենք կողմնակից ենք ավելի ամբողջական և ավելի շուտ համագործակցության: «Միացյալ հրապարակ» եզրը տարվա գլխին ասպարեզ իջավ, և, օրինակ, եթե (2013 թվականի) փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և ամենատարբեր քաղաքներում լիներ միացյալ առաջարկ, որին սպասում է ժողովուրդը (հոգնած են այս քաղաքական, քաղաքացիական առանձին հայտարարություններից և ասուլիսներից), կարծում եմ, որ մեծ փոփոխություն կլիներ: Քաղաքական և քաղաքացիական բռունցքը ոչ թե պետք է հարցերի ետևից ընկնի, այլ կանխի հոռի երևույթները և առաջարկ անի մեր ժողովրդին: Ես հուսով եմ, որ այդ հեռանկարը կա»,- նշեց պարոն Հովհաննիսյանը:

Այս համատեքստում մենք խնդրեցինք Ր. Հովհաննիսյանին մանրամասներ հայտնել դեռ ապրիլին իր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ:

Ի պատասխան`նա նշեց. «Պարոն Տեր-Պետրոսյանի և պարոն Ծառուկյանի հանդիպումներից ակնհայտ է, որ գործիչներն անկեղծ են, ուզում են փոփոխություն, և որ դժվարանում են ժամկետների շուրջ պայմանավորվել: Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ միասին գործելու և նաև օրակարգն ընդլայնելու հանձնառությունը կա: Եվ քանի որ այդ չորս ուժերը սեպտեմբեր են գրել, ինձ մնար` ես սեպտեմբեր չէի գրի, բայց հարգում եմ այդ որոշումը: Համագործակցության հեռանկարը պարզ կդառնա աշնանը, և դրանից հետո կերևա` կա՞ ավելի բովանդակալից համագործակցության հեռանկար, թե՞ կմնա շատ կարևոր ձևաչափում, որտեղ քննարկում են խորհրդարանական օրինագծեր»:

Տեսանյութեր

Լրահոս