Որքանո՞վ է իրատեսական հայ-թուրքական սահմանի բացումը
Հայ-թուրքական սահմանի բացման մասին հաղորդում և պաշտոնական հերքում
2014 թվականի հուլիսի 4-ին Թուրքիայում ամենասարսափահարույց թերթի համբավ վայելող Taraf (թարգմանաբար` կողմ) թերթը գրեց, որ 21-ամյա ընդմիջումից հետո վերաբացվում է հայ-թուրքական սահմանը. «Դա տեղի է ունենալու սեպտեմբերին և հանդիսանալու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիայի երկրորդ քայլը:
Առաջին քայլը գրանցվեց այս տարվա ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ցավակցական ուղերձ հղեց հայերին: Էրդողանն արդեն իսկ հրահանգել է մինչև սեպտեմբեր ավարտել Հայաստանի հետ սահմանը բացելու հետ կապված նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները, որոնք մեկնարկել են երկու տարի առաջ:
Խոսքը գնում է Ալիջանի սահմանային անցակետի բացման մասին, որը 1993 թվականին փակվել է Ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի Հայաստանի ու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:
Ալիջանի անցակետի բացումից հետո, Հայաստանն էլ կբացի Մարգարայի մոտ գտնվող անցակետը: Ստացվում է, որ Ալիջանի սահմանակետի բացումը, Հայաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից բացի, մեծ նշանակություն ունի նաև Թուրքիայի ու ԱՄՆ-ի փոխհարաբերությունների համար»:
Նույն օրն իսկ Թուրքիայի ԱԳՆ-ը, ինչպես և սպասվում էր, հանդես եկավ տվյալ տեղեկատվության պաշտոնական հերքմամբ: Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարեց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.
«Թուրքիայի ԱԳՆ-ը Հայաստանի հետ սահմանի բացման հարցն օրակարգում ընդգրկելը հնարավոր է համարում Հարավային Կովկասում խնդիրների համապարփակ ու տևական կարգավորման դեպքում: Թուրքիայի ԱԳՆ-ը կարծում է, որ Հայաստանն այդ հարցում պետք է լուծի իր հարևանների հետ առկա խնդիրները` ցուցաբերելով կամք և գործնական քայլեր»:
Հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության օգտին վկայող ցուցիչներ
Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հերքմանը` պետք է նկատել, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե սեպտեմբերին կամ ասենք 2015 թվականին չի բացվելու հայ-թուրքական սահմանը: Դա են վկայում նաև մի շարք ցուցիչներ: Taraf-ի հրապարակման մեջ նշված էր, որ հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են երկու տարի առաջ, այսինքն` 2012 թվականին:
Պետք է հիշել, որ 2012 թվականի աշնանը թուրքական մամուլը հայտնել էր, որ Ալիջանի սահմանակետի ճանապարհին ընթանում են ասֆալտապատման նոր աշխատանքներ: Բացի այդ, տարվում են ճանապարհի ընդլայնման աշխատանքներ, ինչն անհանգստացրել էր տեղական բնակչությանը (նաև ադրբեջանական կողմին), որը կարծում է, թե ճանապարհի վրա կատարվող ինտենսիվ աշխատանքները կարող են կապված լինել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ:
Հայաստանի հետ սահմանի բացման աշխատանքների նախապատրաստությունների մեկնարկը 2012 թվականին կարող է տրամաբանական թվալ հետևյալ երկու պատճառով. ա) Վերջին տարիներին Թուրքիայում շարունակ գերակայում է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պայքարի շրջանակներում հակաքայլեր անելու գաղափարը,
բ) Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաղթել էր 2011 թվականի հունիսի 12-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում (49.83 տոկոս), ինչը հանդիսացավ ԱԶԿ-ի երրորդ անընդմեջ հաղթանակը (դրանից առաջ ԱԶԿ-ը հաղթել էր 2002 թվականի նոյեմբերի 3-ի և 2007 թվականի հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրություններում) և ազատ արձակեց նրա ձեռքերը:
Taraf-ը Հայաստանի հետ սահմանի բացման մասին իր նյութում հայտնել է, որ ասֆալտապատվել է Ալիջանի անցակետ տանող 7 կիլոմետրանոց ճանապարհը, բուն անցակետը վերազինվել է նոր սարքավորումներով: Եթե թուրքական կողմը չի պատրաստվում բացել Հայաստանի հետ սահմանը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ կարող են հետապնդել նմանատիպ քայլերը:
Ավելին, 2013 թվականի մայիսի վերջին թուրքական մամուլը հայտնեց, որ 44 տարի անց վերանորոգվում է Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանի Չաթաք գյուղի և Հայաստանին սահմանակից Աքյաքա շրջանի միջև ընկած երկաթուղին («Կարս-Գյումրի» երկաթուղու թուրքական հատվածը): 112 կիլոմետր երկարությամբ երկաթուղու վերանորոգման աշխատանքները տևելու են 6 ամիս, ինչից հետո երկաթգծով ավելի անվտանգ կերթևեկեն գնացքները:
Դրան պետք է նպաստի այն, որ 39 համարի ռելսերը փոխարինվելու են 49 համարի ռելսերով, ինչն ավելի կհամապատասխանի արդի պայմաններին: Այդ աշխատանքներին ներկա է գտնվել Կարսից ընտրված պատգամավոր, ԱԶԿ-ի անդամ Ահմեթ Արսլանը: Եվ երբ լրագրողները նրան հարցրել էին, թե արդյոք երկաթգծի վերանորոգումը կապվա՞ծ է Հայաստանի սահմանի (Աքյաքա շրջանի «Արևելյան դուռ» անցակետի) բացման հետ, նա խուսափողական պատասխան էր տվել` հայտարարելով, որ Աքյաքայի բնակիչների չափ ինքն էլ է ցանկանում, որ բացվի այդ սահմանը:
Եվ վերջապես, 2013 և 2014 թվականներին թուրքական մամուլը քանիցս գրեց, որ պետք է ականազերծում իրականացվի Հայաստանին սահմանակից շրջաններում: Այս դեպքում նույնպես չէր բացառվել, որ ականազերծման այդ աշխատանքները կարող են կապված լինել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ (թեև Թուրքիան նման աշխատանքներ է իրականացնելու նաև իր հարևան այլ երկրների հետ սահմանին):
Հայ-թուրքական սահմանի բացման և ցեղասպանության ճանաչման ապագան
Թուրքիայի իշխանությունները 2015 թվականին ընդառաջ և ընդհանրապես շարունակում և շարունակելու են «հայկական ուղղությամբ» իրենց աննախադեպ քայլերի շարքը: Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի երևանյան այցերին (06.09.2008 և 12.12.2013) հաջորդեց վարչապետի ցավակցական ուղերձը (23.04.2014): Բնականաբար, այդ շարքը դեռ շարունակվելու է և թուրքական կողմից կարելի է ակնկալել «հայկական ուղղությամբ» աննախադեպ նոր քայլեր (անկախ դրանց միտումից):
Թուրքիայում վստահ են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երկիրը հայտնվելու է միջազգային ուժեղ ճնշման տակ և ցանկանում են ի ցույց դնել Հայաստանի և ընդհանրապես հայերի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն, և որ միջազգային հանրությունն իր քայլերով (Հայոց ցեղասպանությունը ճանաչող կամ ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևեր ընդունելով) «չպետք է խոչընդոտի» Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերվելուն: Սակայն Թուրքիայի համար խնդիրը չի կարող ավարտվել միայն հայտարարություններով, անհրաժեշտ են գործնական քայլեր:
Հարկ է նշել, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և Թուրքիայի նախագահին առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ ընտրելու է ժողովուրդը (մինչ այդ Թուրքիայի նախագահին ընտրում էր խորհրդարանը): Անկասկած է, որ այդ ընտրություններում հաղթելու է ԱԶԿ-ի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով եթե չկարողանա էլ հաղթել ընտրությունների առաջին փուլում (ուր անհրաժեշտ է հավաքել քվեների կեսից ավելին), ապա դա անպայմանորեն կանի երկրորդ փուլում (ուր անհրաժեշտ է քվեների սովորական առավելություն):
Հնարավոր երկրորդ փուլն անցկացվելու է օգոստոսի 24-ին, իսկ գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին: Ներկայումս Էրդողանի գերխնդիրը երկիրն առանց ցնցումների դեպի նախագահական ընտրություններն առաջնորդելն է` հաշվի առնելով իր բարձր վարկանիշը:
Ելնելով դրանից` Էրդողանի համար ներկայումս ընդհանրապես անհրաժեշտ չէ խոսել հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին, ինչը որոշակի շրջանակների մոտ կառաջացնի մեծ դժգոհություն և կառաջացնի որոշակի քվեների կորուստ (Էրդողանի խոսքերով` նախագահական ընտրություններում թանկ է յուրաքանչյուր քվեն):
Անդրադառնալով Taraf-ի կողմից նշած հայ-թուրքական սահմանի բացման ժամկետի (սեպտեմբեր) խնդրին, ապա դա տեղավորվում է 2015 թվականին ընդառաջ հակաքայլերի շրջանակներում: Առավել իրատեսական կարելի է համարել, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է իրականացվել առանց Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, որոնցում խոսք է գնում Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին:
Դա ունի երկու պատճառ. ա) Ներկա դրությամբ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ը 550 հոգանոց Թուրքիայի խորհրդարանում ունի միայն 313 պատգամավոր (2011 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա ստացել էր 327 պատգամավորական մանդատ), մինչդեռ արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է 367 քվե (խորհրդարանի 2/3-ի աջակցությունը):
Ավելին, ԱԶԿ-ի պատգամավորական մանդատների քանակը չի բավականացնում անգամ հայ-թուրքական արձանագրությունները քվեարկության դնելու համար: Դրա համար ԱԶԿ-ից պահանջվում է առնվազն 330 քվե (խորհրդարանի 3/5-ի աջակցությունը):
2015 թվականի հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ և ԱԶԿ-ն ձգտելու է դրանց արդյունքներով խորհրդարանում ստանալ առնվազն 367 տեղ: Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանը սովորաբար հուլիսից 2.5 ամսով գնում է արձակուրդ, և վերստին հավաքվում է միայն հոկտեմբերի 1-ին:
բ) Սահմանի ուղղակի բացումը, առանց արձանագրությունների վավերացման, ավելի անվտանգ և հեշտ տարբերակ է Թուրքիայի իշխանությունների համար, ընդ որում` թե’ ներքին (ընդդիմադիրներ), թե’ արտաքին (Ադրբեջան) ճնշման տեսանկյունից, քանի որ չի ենթադրում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
Վերջին շրջանում Վրաստանի ու Ռուսաստանի միջև ձևավորված հարաբերությունները կարող են օրինակ ծառայել նաև Հայաստանի ու Թուրքիայի համար. Վրաստանի ու Ռուսաստանի միջև նույնպես չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն դա նրանց չի խանգարում առևտրա-տնտեսական ուղիղ հարաբերություններ հաստատել միմյանց հետ` դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը թողնելով հետագային:
Այստեղ պետք է մեջբերել 2011 թվականի հունիսին ադրբեջանական «Զերկալո» թերթում հրապարակված ադրբեջանցի հանրահայտ լրագրող և քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի (որին Թուրքիան այս տարի արտահանձնեց Ադրբեջանին, ուր նա այժմ կալանքի տակ է) «Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերությունների վերաբեռնմանը» հոդվածից մի հատված.
««Զերկալոյի» թղթակցի հետ տետ-ա-տետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան ներկայումս պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերությունների վերաբեռնման պլանի իրագործմանը։ Սակայն այս անգամ կիրառվելու է «փոքր քայլերի» մարտավարությունը։
Այսինքն` այս դեպքում խոսքը չի գնում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված ցյուրիխյան արձանագրությունների վավերացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Ամեն ինչ սկսվելու է այնպիսի քայլերից, որոնք, իբրև թե, թելադրված են հասարակ քաղաքացիների շահերից։
Օրինակ` խոսքը մասնավոր անձանց (այսինքն` շարքային քաղաքացիների) համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին է։ Չէ՞ որ, մեծ հաշվով, այսօր էլ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ այցերի համար հատուկ խոչընդոտներ գոյություն չունեն։
Կարելի է ինքնաթիռի տոմս գնել և երկու ժամից էլ պակաս ժամկետում հայտնվել Երևանում կամ հակառակը՝ Ստամբուլում (1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանը, սակայն միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացել է 1995 թվականին)։
Այսինքն` մասնավոր անձանց փոխադարձ այցերի համար ցամաքային սահմանի բացումն առաջին հայացքից միտված կլինի շարքային քաղաքացիների ծախսերը նվազեցնելուն (Վրաստանի տարածքը շրջանցելուն)։ Բնականաբար, կաշխուժանա անհատական առևտուրը, այդ թվում նաև սահմանամերձ գոտում։
Իսկ դա նվազեցնում է Հայաստանին Թուրքիայի սահմանակից շրջանների բնակչության կողմից երկկողմանի հարաբերությունների կարգավորման հանդեպ ցուցաբերված հակազդեցությունը։ Հաջորդ լուրջ քայլը կլինի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհին արված լուրջ հայտը, թեև դա նույնպես պետք է թելադրված լինի «բացառապես հասարակ անձանց շահերով»։
Բանն այն է, որ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները երկու երկրներում զրկված են ամեն տիպի իրավական, այդ թվում` նաև հյուպատոսական աջակցությունից։ Ելնելով դրանից` պետք է հյուպատոսական սեկցիաներ բացել Երևանում ու Անկարայում երկու երկրների հետ ջերմ հարաբերություններ ունեցող որևէ երկրի (ասենք, ԱՄՆ-ի) դեսպանատանը կից, ինչպես որ ներկայումս ռուս-վրացական հարաբերությունների (Շվեյցարիայի դեսպանատուն) պարագայում է»:
Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն առաջին հերթին պետք է շաղկապել թուրք-ադրբեջանական բանակցությունների, սակարկության արդյունքների հետ (ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը մեծ դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում, ուր այրել էին Էրդողանի, Գյուլի ու Դավութօղլուի նկարները):
Դեռևս 2013 թվականի նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ հայերի հարցում Ադրբեջանին համոզելու դեպքում իրենք կարող են անակնկալ մատուցել: Դավութօղլուն նման պատասխան էր տվել «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչ, Իգդիրից ընտրված պատգամավոր Սինան Օղանին, ով, ուշադրություն հրավիրելով Հայաստանի հետ սահմանային անցակետում և երկաթուղու վրա որոշակի աշխատանքներ իրականացվելու վրա, նրան հարցրել էր, թե արդյոք դա վկայո՞ւմ է հայ-թուրքական սահմանը բացելու նախապատրաստության մասին:
Դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման երթուղու հարցի (Թուրքիայի տարածքով, TANAP գազատար) հստակեցումից հետո, Ադրբեջանը Թուրքիային կարող է սպառնալ իր (SOCAR) ներդրումների չեղյալ հայտարարմամբ: Ներկա փուլում ադրբեջանական SOCAR-ը պատրաստ է 17 միլիարդ դոլարի ներդրում անել Թուրքիայում, իսկ հետագայում այդ ցուցանիշը հասցնել 50 միլիարդ դոլարի, ինչը հազարավոր աշխատատեղեր կստեղծի Թուրքիայում:
Սակայն թուրքական կողմն էլ ունի իր հաղթաթղթերը: Նա էլ իր հերթին Ադրբեջանից կարող է նույն վերջնագրային տոնով պահանջել մի շարք պայմանների կատարում` Հայաստանի հետ սահմանը չբացելու համար, որով և կարող է զիջումներ կորզել Ադրբեջանից: Պահանջներից մեկը կարող է առնչվել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) անկախության ճանաչմանը:
Ցայժմ աշխարհում ՀԿԹՀ-ի անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան, իսկ ահա «եղբայրական» Ադրբեջանը հրաժարվում է անել դա: Դեռևս 2012 թվականի գարնանը թուրքական Cumhuriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքվի կողմից ինքնահռչակ ՀԿԹՀ-ի չճանաչումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի գործոնով.
«Միջազգային հանրությունը չի ճանաչում ԼՂՀ-ն: Եթե Բաքուն ճանաչի ՀԿԹՀ-ն, ապա դա կունենա հակառակ էֆեկտը: Արդեն դրա հաջորդ օրը Հայաստանի դաշնակիցները կհայտարարեն ԼՂՀ-ի ճանաչման մասին»: Իսկ 2011 թվականի հուլիսի վերջերին Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Բաքվում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը ճանաչի ՀԿԹՀ-ն, ապա միանգամից 15 պետություն անմիջապես կճանաչի ԼՂՀ-ը։
Թուրքիայի ու Ադրբեջանի միջև երկրորդ խնդրահարույց հարցն առնչվում է վիզային ռեժիմի վերացմանը: Թուրքիան Ադրբեջանի հետ գործող վիզային ռեժիմը միակողմանիորեն վերացրել է մի քանի տարի առաջ և դրանից հետո շարունակ պահանջում է, որ ադրբեջանական կողմը նման կերպ վարվի իր պարագայում: Սակայն Ադրբեջանը ցայժմ հրաժարվում է դա անելուց:
2011 թվականի ամռանը թուրքական Today’s Zaman թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը պարզություն մտցրեց այդ հարցում. «Մենք խնդիր չենք տեսնում Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնելու մեջ: Սակայն Իրանը կտրուկ դեմ է հանդես գալիս դրան՝ պահանջելով նույնը կատարել նաև իր պարագայում:
Իրանը սպառնում է հակառակ դեպքում կտրել Նախիջևանի հետ ցամաքային կապը: Այսինքն, Ադրբեջանը թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի հետ վիզային ռեժիմը պետք է վերացնի միաժամանակ: Բայց, ներկայումս Ադրբեջանի կառավարությունը պատրաստ չէ դրան, քանի որ Իրանի նման մեծ երկրի հետ հարաբերություններում առանց վիզային ռեժիմի քաղաքականությունը (իսլամիստների ներհոսքը) չի համապատասխանում Ադրբեջանի ազգային շահերին»:
Եվ ահա Թուրքիան Ադրբեջանից կարող է պահանջել կատարել այս (կամ այլ) պայմանները, որպեսզի չգնա Հայաստանի հետ սահմանի բացման քայլին: Բացի այդ, Թուրքիան, որը Հայաստանի հետ սահմանի փակումն ու հնարավոր բացումը Ադրբեջանի ճնշման ներքո պայմանավորում է Ղարաբաղյան հակամարտության գործոնով, կարող է Ադրբեջանին հիշեցնել, որ նույն Կիպրոսի խնդիրը լուծում չի ստանում արդեն 40 տարի, և երաշխիքներ չկան, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի ավելի շուտ, և որ իրենք չեն կարող այլևս փակ պահել Հայաստանի հետ սահմանը:
Հայաստանի հետ սահմանի բացման և ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանից ունեցած Թուրքիայի կախվածությունը վնասում է վերջինիս իմիջին և իրականում չի կարող անվերջ տևել: Թուրքիան (1999 թվականից) ունի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, և ՆԱՏՕ-ի անդամ է: Եվ հետևաբար Հայաստանի ու Թուրքիայի սահմանը պետք է դիտարկել նաև որպես Հայաստանի ու ՆԱՏՕ-ի սահման, իսկ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեպքում Հայաստանը կսահմանակցի նաև ԵՄ-ի հետ:
Ինչ վերաբերում է Taraf-ի այն հրապարակմանը, թե Հայաստանի սահմանի բացումը կնպաստի նաև Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորմանը, ապա հայտնի է, որ գրեթե ամեն տարվա ապրիլի 24-ից առաջ որոշակի լարվածություն է առաջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում` կապված ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր առաջ քաշելու հետ, և Թուրքիան անգամ դժգոհ է մնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթներից, որոնցում բացակայում է «ցեղասպանություն» եզրույթը:
Այստեղ պետք է մեջբերել 2011 թվականի դեկտեմբերին թուրքական Hürriyet թերթում հրապարակված հայտնի թուրք հայտնի վերլուծաբան (ներկայումս հանգուցյալ) Մեհմեդ Ալի Բիրանդի` Հայոց ցեղասպանության դեմ պայքարի մասին հոդվածները. «Սառցաբեկորի գագաթնակետը կլինի 2015 թվականը, երբ հարված կհասցվի Թուրքիային։ Ինչու՞ հենց 2015 թվականին, որովհետև հենց այդ ժամանակ է լրանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։
Հիշե՛ք այդ տարեթիվը։ Ամպրոպը կճայթի հենց այդ ժամանակ։ Մոտակա տարիներին նրանք պատրաստվում են հարվածել ինչպես փոթորիկ։ Ի՞նչ ենք մենք ձեռնարկում այս ամենի դեմ։ Ինչպես միշտ մենք փորձում ենք դրան հակազդել խիստ նամակներով ու սպառնալիքներով։ Մենք շեշտը դնում ենք Եվրոպայի համար մեր նշանակության, մեր ռազմավարական կարևորության վրա, սակայն ոչինչ չի փոխվում։
Այդպիսի մեթոդներն արդեն չեն ծառայում իրենց նպատակին։ Ավելին, 2015 թվականի մոտենալուն պես դրանք կդառնան առավել անօգտակար։ Թուրքիան պարտվել է ցեղասպանության դեմ իր պայքարում։ 100 տարվա ընթացքում Թուրքիան նախ գլուխը թաղել է ավազի մեջ, չի քննարկել այդ հարցը և անգամ իր հասարակությանը պահել է տվյալ խնդրի շուրջ անիրազեկության մեջ։ Այս ողջ տարիներին Թուրքիան չկարողացավ միջազգային հանրությանն ապացուցել, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։
Գնացքն արդեն մեկնել է, մենք ուշացել ենք դրանից։ Միջազգային հանրությունը ճանաչել է ցեղասպանությունը և հավատացել է հայերին։ Մյուս կողմից էլ հայերը պատրաստվում են եզրափակիչ վարագույրն իջեցնել 2015 թվականին։ ԱՄՆ Կոնգրեսից սկսած, նրանք պատրաստվում են աշխատել այդ ուղղությամբ և տվյալ գործընթացը հասցնել իր ավարտին։ Եթե Թուրքիան շարունակի դրա դեմ պայքարել ավանդական անհամոզիչ մեթոդներով, ապա նա չի կարողանա կանխել այդ ցունամին։
Ադրբեջանցիների պատճառով մենք հետ կանգնեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Եվ իզուր, քանի որ դրանով իսկ նորից առերեսվեցինք Արևմուտքի հետ։ Եթե այդ արձանագրությունները վավերացվեին, ապա ո՛չ Ֆրանսիայի Ազգային ժողովը, ո՛չ ԱՄՆ Կոնգրեսը, ո՛չ էլ մեկ այլ երկրի խորհրդարան մեզ շանտաժի չէին ենթարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Մենք կորցրել ենք մեր շանսը։
Եթե մենք չենք ցանկանում վերստին պայքարել 4 ճակատով և վերջնականապես փչացնել Արևմուտքի հետ մեր հարաբերությունները, ապա Անկարան պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Մեր վարչապետ Էրդողանը սպառնում է երկրից վտարել 70.000 հայ ապօրինի ներգաղթյալներին, սակայն դա ճիշտ մոտեցում չէ։
Մենք չպետք է նրանց արտաքսենք, ընդհակառակը՝ մենք պետք է նրանց ապահովենք աշխատանքով և անգամ քաղաքացիություն շնորհենք։ Մենք պետք է խելացի գտնվենք և մեր քաղաքականությանը հաղորդենք դրական լիցք։ Միայն համարձակ քայլերը կարող են մեզ փրկել մեղադրանքներից։ Ցեղասպանության քամին կարելի է ցրել միայն նոր նախաձեռնությունների իրագործման միջոցով, որոնք կզարմացնեն միջազգային հանրությանը:
Թուրքական հակաքայլերն արդյունավետ չեն, և հանգեցնում են երկրի մեկուսացմանը՝ նրան պատճառելով քաղաքական ու տնտեսական վնաս։ Միայն հրապարակավ ներողության և Երևանի հետ մեր հարաբերությունների ակտիվացման շնորհիվ մենք կարող ենք կանգնել ցեղասպանության ժայռի եզրին։ Այլապես, 2015 թվականը շատ ավելի կործանարար կլինի Թուրքիայի համար։ Դրա համար եկե՛ք գոնե մեկ անգամ մեզ պահենք ոչ թե որպես թուրքեր, այլ՝ որպես եվրոպացիներ»։
Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը շատ ավելի հեշտ և իրագործելի է, քան` Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպես խոստովանում է Մեհմեթ Ալի Բիրանդը թուրքական հասարակությանը շարունակ անիրազեկվածության մեջ է եղել տվյալ հարցում, և միայն նոր է սկսել քիչ թե շատ ազատորեն քննարկել և ուսումնասիրել տվյալ թեման: Դա նշանակում է, որ դեռ կպահանջվեն տասնամյակներ, որպեսզի թուրք հասարակությունը պատրաստ լինի Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Ինչպես նշում էր Հրանտ Դինքը, ցեղասպանության ճանաչմանը հասնելու լավագույն ճանապարհը Թուրքիայի ժողովրդավարական երկիր դառնալն է, երբ «ներքևից» պահանջ կլինի և հասարակությունն ինքը` առանց արտաքին ճնշումների, կճանաչի Ցեղասպանությունը: Դինքն անհրաժեշտ էր համարում, որ հայ-թուրքական հարաբերությունները դուրս բերվեն 1915 մետր խորությամբ ջրհորից:
Թուրքիայի ներկայիս իշխանությունները նույնպես պատրաստ չեն այդ քայլին: Բավական է հիշել, որ դեռևս 2009 թվականի նոյեմբերին, Էրդողանը, մեկնաբանելով այն, որ Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին մեղադրում են սեփական ժողովրդի դեմ ցեղասպանություն (Դարֆուր) իրականացնելու մեջ, հայտարարել էր, որ «մուսուլմանն ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնել»:
Այն ժամանակ Էրդողանին իր հոդվածում հակադարձեց Hürriyet թերթի (տվյալ ժամանակվա) գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքը: Հիշեցնելով, որ Էրդողանը մեկ այլ դեպքում Դերսիմի դեպքերի համար օգտագործել է «Դերսիմի կոտորած» արտահայտությունը`Օզքյոքն իր հարցը հասցեագրեց նրան. «Իսկ այդ դեպքում ո՞վ է 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորել քուրդ-ալևիներին, ո՞վ է ռումբեր նետել նրանց քարանձավների վրա: Մի՞գուցե քրիստոնյա թուրքը:
Ցայժմ անհայտ է մնում «Դերսիմյան դեպքերի» ժամանակ զոհվածների թիվը, որը տատանվում է 7000-90.000-ի միջև: Եվ եթե այդչափ մարդկանց սպանությունը պաշտոնապես (Էրդողանի մակարդակով) անվանվում է կոտորած, ապա ի՞նչ ասել «Հայկական խնդրի» մասին: Հայկական թեզերի համաձայն, 1915 թվականին զոհերի թիվը կազմել է 1.5 միլիոն մարդ: Որքանո՞վ է այդ թիվը գերազանցում «դերսիմյանը»: Եթե Դերսիմում զոհերի թիվը եղել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթե 90.000, ապա՝ 17 անգամ:
Լավ, ասենք թե 600.000 է: Եթե Դերսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպե՞ս բնութագրել «Հայկական խնդիրը»՝ «մեծ կոտորած», «խոշոր կոտորած», «սարսափելի կոտորած», «մեծամասշտաբ կոտորած»: Եվ եթե վաղն այս հարցի պատասխանը ծառանա Թուրքիայի ղեկավարության առջև, ապա ո՞րը կլինի պաշտոնական պատասխանը»: