Կազմվել են ընկերությունների՝ «սպիտակ», «սև» և «մոխրագույն» ցանկեր (տեսանյութ)
Ստվերի դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, կազմվել են ընկերությունների ցանկեր՝ «սպիտակ», «սև» ու «մոխրագույն»: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, նախարարությունը հանդիպել է ռիսկային ցանկերում հայտնված 1000-ից ավելի տնտեսավորղների հետ, որոշներն ընդունել են փաստարկները և ստանձնել են փաստաթղթաշրջանառությունը բարելավելու պարտավորություն, իսկ ովքեր չեն ընդունել ֆիննախարարության փաստարկները և պնդում են, որ թափանցիկ են աշխատում, պետք է ապացուցեն դա:
«Ցանկերը, բնականաբար, չենք հրապարակի, դա ակնհայտորեն առևտրային գաղտնիք է, բայց կհրապարակենք խախտողներին ու խախտումները»,- ասաց Ալավերդյանը:
Հարցը՝ սև ցանկում կա՞ն «Ալեքս Գրիգը», «Մեգաֆուդը», «ՄեգաՍպորտը», «Ապեյրոնը», Ա. Ալավերդյանին շփոթեցրեց: «Ի՞նչ ա ասում,- ասաց նա, ապա հարցի կրկնությունից հետո հավելեց,- Եթե ուզում եք, որ ես 1000 կազմակերպության անուն հիշեմ, շատ կտանջվեմ: Բայց ձեր հնչեցրած կազմակերպություններից այդ ցանկում կան՝ և´ առաջին, և´ երկրորդ»:
Ընդ որում, ըստ նրա, կա նաև երրորդ ցանկ. «Ռիսկային ցանկերում չկան, նրանք են, որ իրենց համար հանգիստ աշխատում են, օրինակ՝ կրթության ոլորտի կազմակերպությունները: Մեզ հետաքրքրում են հիմնական ներկրողներն ու արտադրողները, ովքեր առանց փաստաթղթերի են աշխատում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: