Բաժիններ՝

«Մենք ձգտելու ենք հասնել նրան, որ Հայաստանում չլինեն գիշերօթիկ դպրոցներ»

Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, ըստ ոլորտի մասնագետների՝ դրանց արդյունքում երեխաները հատուկ խնամքի հաստատություներում մեծանալու փոխարեն ընտանեկան կամ դրան հնարավորինս մոտ միջավայրում ապրելու հնարավորություն կունենան:

«Մենք ձգտելու ենք հասնել նրան, որ Հայաստանում չլինեն գիշերօթիկ դպրոցներ: Հատուկ դպրոցները, որոնք կմնան, կընդգրկեն այն երեխաներին, որոնք դեռ չեն կարող ներառվել հանրակրթական դպրոցներում»,- նշեց ՄԱԿ-ի մանկական հիմադրամի ներկայացուցիչ Աննա Հարությունյանը:

Ըստ բանախոսի` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մի շարք կազմակերպությունների հետ համատեղ իրագործելու է 5-ամյա ծրագիր՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ (3.5 միլիոն դոլար և 1.5 միլիոն դոլար ուղիղ աջակցություն պետական բյուջեին):

Բարձր գնահատելով պետության որդեգրած նոր մոտեցումը` ուղղված երեխաներին ընտանիքներում տեղավորելուն` ՀՀ-ում Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանն ընդգծեց. «Երեխաներին խնամքի հաստատություններից դուրս բերելը կարող է հանգեցնել խնդրի` եկեղեցիներն ու սփյուռքը կարող են դուրս մնալ երեխաների դաստիարակության գործընթացից: Երեխաներին պետք է դաստիարակել ընտանեկան կամ ընտանեկանին մոտ միջավայրում առանց հատուկ հաստատություններից ու կազմակերպություներից կտրելու»:

ՀՀ-ում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ, Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Հարությունյանը փաստեց, որ Ազգային վիճակագրական ծառայության և ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանում առկա է երեխաների աղքատության լուրջ խնդիր, որը վերջին տարիներին ավելի է սրացել. «Միջազգային փաստաթղթերով ընդունած պարտավորությունները պահանջում են վարել երեխայակենտրոն քաղաքականություն, սակայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 300 հազար երեխա ապրում է աղքատության մեջ, որոնցից 27 հազարը գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ»:

Երեխաների պաշտպանության ցանցի անդամ Քնարիկ Գարանֆիլյանը կոչ արեց աջակցել կարիքավոր ընտանիքներին. «Երեխային խնամատար, խնամակալ կամ որդեգիր ընտանիք տեղավորելուց հետո ընտանիքն ու երեխան մնում են միայնակ, մինչդեռ անհրաժեշտ է շարունակել աջակցության գործընթացը»:

Բանախոսն անդրադարձավ որդեգրման գաղտնիությանը` նշելով, որ գաղտնիությունը թույլ չի տալիս կատարել հետագա վերահսկում`պարզելու, թե արդյոք երեխան երջանիկ է զգում իրեն այդ ընտանիքում, կամ ինչպես կարելի է օգնել որդեգրող ընտանիքին երեխայի ինտեգրման գործընթացը դյուրացնելու համար:

Գայանե Ասատրյանը վստահեցրեց, որ համայնքներում սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրումը կունենա կանխարգելիչ գործառույթ. «Վերջին տարվա ընթացքում 2600 երեխա օգտվել են մեր կազմակերպությունների սոցիալական ծառայություններից, ինչը կանխարգելում է հետագա խնդիրների զարգացումը»:

Միրա Անտոնյանը մատնանշեց լուծման կարիք ունեցող ևս մեկ խնդիր: Բանախոսի դիտարկմամբ` ամեն տարի 0-3 տարեկան 64-65 երեխա տեղավորվում են մանկատներում, ինչը լուրջ բացասական ազդեցություն է ունենում նրանց վրա՝ բարդացնելով նրանց վերականգման հետագա հնարավորությունը:

Ներկայացնելով անչափահասների արդարադատության ոլորտի խնդիրները` Մարիամ Մարտիրոսյանն ասաց. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անչափահաս իրավախախտին ոչ թե պետք է պատժել ու մեկուսացնել, ինչպես հիմնականում արվում է մեզ մոտ, այլ ներգրավել սոցիալական գործընթացներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս