Անօդաչու թռչող սարքերը կսկսեն «խոսել» միմյանց հետ (տեսանյութ)
Lenta.ru-ի փոխանցմամբ` թռչող ռոբոտներին սովորեցրել են, որ իրենց «գործընկերների» հետ «հարգալից բանակցությունները» կօգնեն խուսափել օդային բախումներից: Այս մասին նշված է Շեֆիլդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) կայքում:
Համապատասխան համակարգը, որը մշակում է տվյալ բուհում աշխատող Շանդոր Վերեսը, անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) հնարավորություն է տալիս հետևել միմյանց տեղաշարժերին և փոխանակվել կարճ հաղորդագրություններով` դրանով իսկ համակարգելով թռիչքը:
Յուրաքանչյուր ԱԹՍ-ում տեղակայված հատուկ հաղորդիչները պատկերում են շրջակա միջավայրի եռաչափ քարտեզը, այդպիսի տեխնիկան անվանվում է SLAM (simultaneous localisation and mapping – միաժամանակհյա նավիգացիայի ու քարտեզի կազմման մեթոդ): Վերեշը կատարելագործել է այն` ԱԹՍ-երին հնարավորություն տալով փոխանակվել տեղեկատվությամբ:
Վերեշը խոստացել է շարունակել դրա կատարելագործումը, որպեսզի ռոբոտները կարողանան ոչ միայն հետևել միմյանց, այլև` միմյանց հաղորդել պլանավորած գործողությունները: Այդպես իրենց ջանքերը համակարգում են որոնողա-փրկարարական խմբերի անդամները:
Վերեշի վերջնական նպատակը ռոբոտ փրկարարների բանակի ստեղծումն է, որն ունակ կլինի օպերատիվ հետազոտել տեղանքը, հայտնաբարել խնդրահարույց հատվածները և հավաքական կերպ ընդունել որոշումներ: