Արմեն Աշոտյան. Հայաստանն իր ուսանողների և մասնագետների համար նոր ճանապարհ է բացել
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են միջազգային փորձագետներ, չճանաչված պետությունների կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի ուղերձն էր հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որում, մասնավորապես, նշվում էր. «Նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի և արտերկրի ճանաչված գիտնականների և փորձագետների մասնակցությամբ, պահանջված է և կարևոր: Արցախի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, որի զարգացումը և հետևողական կատարելագործումը մեծապես կախված է քաղաքակիրթ հանրության հետ կրթության ոլորտում կայուն կապերի և գործնական շփումների հաստատումից և պահպանումից: Այսպիսի տեսլականը լիովին համապատասխանում է նաև միջազգային նորմերին, քանի որ որակյալ և անհատի բազմակողմանի զարգացմանը նպաստող կրթությունը հանդիսանում է երկրի առաջընթացի, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության կարևորագույն բաղադրամասերից մեկը»:
ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ համաժողովը միտված է ներկայացնել կրթությունը` որպես մարդու հիմանարար իրավունքների և ժողովրդավարական արժեքների մաս և վերհանելու բարձրագույն կրթության հիմանահարցերը չճանաչված պետություններում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին և ընդգծելով Հայաստանի կրթության ոլորտի փորձը Բոլոնիայի գործընթացի համատեքստում և 2005 թվականից իրականացված բարեփոխումների արդյունավետությունը և ծագած խնդիրները, արտահայտել է նախարարության պատրաստակամությունը` մասնագիտական և կառավարչական բոլոր հնարավորություններն ի սպաս դնել ԼՂՀ-ի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` Բոլոնիայի գործընթացին միանալու հեռանկարի համատեքստում: «Բոլոնիայի գործընթացը մի եվրոպական ֆենոմեն է, որի նպատակը միասնական եվրոպական տնտեսական գոտու սպասարկման համար երիտասարդ կադրերի պատրաստման միասնական համակարգի, ունիֆիկացման միասնական մեխանիզմի ստեղծումն է: Ակնհայտ է, որ բազմաթիվ երկրներ այսօր չեն հանդիսանում միասնական եվրոպական շուկայի բաղկացուցիչ մասը: Հայաստանը, միանալով վերոնշյալ տարածքին, առաջնորդվել է ներկայիս գլոբալիզացված աշխարհում մեր երիտասարդ սերնդի համար նոր հնարավորություններ և նոր դռներ բացելու հեռանկարով:
Եվրոպական միասնական տարածքի մաս հանդիսանալով` Հայաստանն իր ուսանողների և մասնագետների համար նոր ճանապարհ է բացել` ստանալ աննախադեպ հնարավորություն` իրենց մասնագիտական կրթությունը շարունակելու եվրոպական լավագույն ուսումնական հաստատություններում, աշխատելու եվրոպական տարբեր մարմիններում, իսկ մեր բուհերին` հասնելու միջազգային ճանաչման:
Բացի այդ, Բոլոնիայի գործընթացը կարևոր է ոչ միայն միասնական որակավորումների և դիպլոմների, այլ որպես միասնական արժեհամակարգի տարածք` խարսխված քրիստոնեադեմոկրատական արժեքների, մարդու արժանապատվության վրա` նպատակ ունենալով եվրոպական մայրցամաքում կառուցել խաղաղ և բարգավաճող հասարակություն:
Հիշեցնեմ, որ երկու տարի առաջ Հայաստանն ընտրվել է որպես Բոլոնիայի քարտուղարությունը նախագահող երկիր, որն աննախադեպ իրողություն է և եվրոպական ճանաչման ուղղությամբ կատարված քայլերի ակնառու ճանաչում: Եվ մեր կուտակած փորձը վերջին երկու տարիների ընթացքում կարող է օգտակար լինել նաև Արցախի բուհերի համար` բարեփոխվելու և եվրոպական կրթական տարածքի մաս դառնալու հեռանկարի տեսակյունից: Խոսելով միասնական տարածքի մասին` ակնհայտ է, որ այդ տարածքում կան, այսպես ասած, սև բծեր:
Դրանք այն չճանաչված պետություններն են, որտեղ ապրում են հազարավոր երիտասարդներ, ովքեր հաճախում են ուսհաստատություններ, սական նրանց կրթական իրավունքի լիարժեք իրագործման հետ կապված` ծագել են քաղաքական-իրավական խոչընդոտներ, ինչը, ըստ միջազգային և եվրոպական մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղած բազմաթիվ փաստաթղթերի` անընդունելի իրողություն է` կրթության իրավունքի լիարժեք ճանաչման համար:
Այս համաժողովի նպատակը քաղաքական չէ, այլ հումանիտար` խարսխված մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների վրա: Այո, Հայաստանը միշտ սատարել և սատարելու է ԼՂՀ-ին` իր կայացման ու ճանաչման ուղղությամբ, այդ թվում` բարձրագույն կրթության ոլորտում: Միաժամանակ շեշտեմ, որ մեր երկու հայկական պետությունների գերագույն արժեքը մարդն է` իր ինտելեկտուալ կարողություններով, որի բացահայտման համար չկա ավելի լավ գործիք, քան ժամանակակից կրթության հնարավորությունները:
Իրականում այս համաժողովն աննախադեպ և պատմական իրադարձություն է. երբեք ոչ մի պետություն` ճանաչված և չճանաչված, ոչ մի միջազգային կառույց այսքան բարձր մակարդակով չի բարձրացրել չճանաչված պետությունների կրթության իրավունքի լիարժեք իրագործման հարցը»,-նշել է Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ համաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը կդառնա այն առաջին և հիմնարար փաստաթուղթը, որը թույլ կտա վերոնշյալ երկրների համար ստեղծել առավել մեծ հնարավորություններ` ապագայում իրենց ուսհաստատությունների արդիականացման, միջագային ծրագրերում ընդգրկման և կրթության իրավունքի լիարժեք իրականացման համար: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր փորձագետներին` համաժողովի հրավերն ընդունելու համար, ինչպես նաև ԼՂՀ ԿԳ նախարարությանը և Արցախի պետական համալսարանին` համատեղ ջանքերով համաժողովը կյանքի կոչելու համար: