Րաֆֆի Հովհաննիսյան. Հանուն ՀՀ ինքնիշխանոթյան, պետք է ՀՀ-ն ազատվի Սերժ Սարգսյանի իշխանությունից
«Մեծ վրձնով, լայն մասշտաբով ամեն ինչ ճիշտ արեցինք»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ եթե հիմա քաղաքացիական, արտախորհրդարանական ուժերը ուզում են դուրս գալ պայքարի, առանձն-առանձին չեն կարող արդյունքի հասնել:
«Սա իմ հերոս դառնալու մասին չէր: Սա ասացի, սա մի օրվա պայքար չէր, եթե շարունակություն լինելու է, մենք կարող ենք հրապարակ ապահովել»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հանուն ՀՀ ինքնիշխանոթյան, պետք է ՀՀ-ն ազատվի Սերժ Սարգսյանի իշխանությունից: Հովհաննիսյանը նշեց, որ մեկ առ մեկ հաղթելու են իրենց մրցակիցներին. «Սա կոչ է, որ սթափվեն, որ բանաձևում գրված է, որ ոչ մեկն առանձին ո՛չ կուսակցությունները, ո՛չ քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարող անել: Մենք դուրս գանք այդ մեծամտությունից, Հիսուս լինելու այդ մտայնությունից»: Նրա խոսքով՝ հարկավոր է ոչ թե 20 կետից բաղկացած պահանջ ներկայացնել, այլ պետք է ամբողջական իշխանափոխության պահանջ դնել, և միայն այդ դեպքում հաջողության կհասնեն:
Կուսակցության նախագահը խոսեց նաև Արցախի խնդրի մասին՝ շեշտելով, որ Արցախը պետք է ճանաչվի:
Համագումարի բանաձևում նշված է, որ ՀՀ փրկության բանաձևն անփոփոխ է՝ «Ազատություն, Ինքնիշխանություն և Ազգային շահ», և կուսակցությունը վերահաստատում է իր հավատարմությունը համազգային այս նպատակին: Համագումարի ընթացքում կհրապարակվի բանաձևը, կընտրվի վարչության նոր կազմը: