
Իլհամ Ալիևը հանդիպել է Մևլյութ Չավուշօղլուի հետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Մևլյութ Չավուշօղլուին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն Ալիևին է փոխանցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ողջույնները: Չավուշօղլուն շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ կապված Ադրբեջանի կողմից ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու հետ:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայում մեծ հետաքրքրությամբ են հետևել Ստրասբուրգում (ԵԽԽՎ ամառային նստաշրջանում) Իլհամ Ալիևի ելույթին: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ:
Նրանք ընդգծել են Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի 23-րդ տարեկան նստաշրջանի անցկացման կարևորությունը: Չավուշօղլուն ու Ալիևը վստահություն են հայտնել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությունը կընդլայնվի նաև հետագայում: