Բաժիններ՝

ՀՔԾ-ն որոշ դեպքերում բավարար հիմք է համարել իրադրության այնպիսի փոփոխումը, ինչպիսին է զբաղեցրած պաշտոնից անձին ազատելը

Յուրաքանչյուր տարի հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Արդեն ավելի քան քսան տարի է՝ Հայաստանը վավերացրել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիան», որով պարտավորվում է արդյունավետ քննություն իրականացնել խոշտանգումների դեպքերի վերաբերյալ և մեղավորներին ենթարկել պատասխանատվության: Այդուհանդերձ, առ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի «խոշտանգում» հոդվածի սահմանումը չի համապատասխանեցվել

Կոնվենցիայի պահանջներին, որի արդյունքում խոշտանգման Կոնվենցիոն սահմանմանը համապաստասխանող արարքները որակվում են քրեական օրենսգրքի այլ հոդվածներով (օր.`պաշտոնեական լիազորությունները անցնելը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և այլն), ինչը թույլ չի տալիս արտացոլել «խոշտանգում» հասկացության էությունը, ապահովել և իրացնել խոշտանգման զոհերի փոխհատուցման իրավունքը և արդյունավետ պայքար մղել այս արատավոր երևույթի դեմ:

Խոշտանգումների կիրառման դեպքերում անարդյունավետ քննությունը և անպատժելիությունը Հայաստանում տարիներ շարունակ եղել և շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ: Մասնավորապես` խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ հաճախ քրեական հետապնդում չի իրականացվում, իսկ հարուցված քրեական գործերով անհապաղ, անկողմնակալ և արդյունավետ քննություն չի ապահովվում:

Այս առումով խնդրահարույց է ներկայումս առկա իրավակիրառ այն պրակտիկան, համաձայն որի` ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության դեպքերով նյութերի պատրաստումը և քննությունը իրականացվում է հենց ոստիկանության, այլ ոչ թե Հատուկ քննչական ծառայության կողմից: Նման իրավիճակը լուրջ կասկածներ է հարուցում իրականացված քննությունների անկողմնակալության և արդյունավետության վերաբերյալ:

Չնայած որ վերջին տարիներին գրանցվել է պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ ստացված բողոքների և պատրաստված նյութերի թվի նկատելի աճ, սակայն դրանց չնչին տոկոսի դեպքում է քրեական գործ հարուցվում և միայն մի քանիսն են արդյունքում հասնում դատարան:

Այսպես, համաձայն ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տվյալների՝ 2013 թվականին ՀՔԾ-ի կողմից քննվել է պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի 114 դեպք, որոնցից 85-ի դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է, իսկ հարուցված գործերից միայն 2-ն են ուղարկվել դատարան:

Հատկանշական է, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելիս ՀՔԾ-ն որոշ դեպքերում բավարար հիմք է համարել իրադրության այնպիսի փոփոխումը, ինչպիսին է զբաղեցրած պաշտոնից անձին ազատելը` պատճառաբանելով, որ նա այլևս դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:

Այսպիսի որոշումները վկայում են արդյունավետ քննության բացակայության մասին, ինչը նպաստում է իրավապահ մարմինների շրջանում անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:

Այս առնչությամբ հատկապես մտահոգիչ է, որ վերջին տարիներին համաներման ակտերի կիրառման հիմքով խոշտանգումների և վատ վերաբերմունքի համար դատապարտված ոստիկանության աշխատակիցները կարողանում են պարբերաբար խուսափել քրեական պատասխանատվությունից կամ պատժից:

Այսպես` 2013թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին դատապարտեց 3 տարվա ազատազրկման` խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը` դատարանը ազատ արձակեց դատապարտյալներին նիստերի դահլիճից:

Քրեաիրավական այսպիսի պրակտիկան հակասում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ խոշտանգումների բացարձակ արգելքի սկզբունքը, արդյունավետ քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պարտականությունը, ինչպես նաև տուժողի հատուցում ստանալու իրավունքը:
Ելնելով վերոշարադրյալից` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունները կոչ են անում ՀՀ իշխանություններին`

  • ՀՀ քրեական օրենսգրքում խոշտանգման սահմանումը համապատասխանեցնել «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիային և սահմանել արարքի վտանգավորությանը համարժեք պատիժ։
  • Ապահովել, որպեսզի ոստիկանության աշխատակիցների`բռնություն գործադրելու վերաբերյալ գործերով քրեական հետապնդումը չիրականացվի ոստիկանության կողմից:
  • Ապահովել անհապաղ, անկողմնակալ և արդյունավետ քննություն խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ։
  • Պահպանել մարդու իրավունքների միջազգային սկզբունքներն ու չափանիշները և երաշխավորել, որ խոշտանգում կամ վատ վերաբերմունք կիրառելու մեջ մեղավոր ճանաչված պաշտոնատար անձանց նկատմամբ չկիրառվի համաներում։

«Քաղաքացիական հասարակության «Ընդդեմ իրավական կամայականության» ինստիտուտ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30