Հայտնի դեղատոմսը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ինձ բացարձակապես դուր չի գալիս, երբ մեր քաղաքացիների մի խումբ մանրադրամ է շպրտում մեր այլ քաղաքացիների երեսին` անկախ այն հանգամանքից, որ առաջինները «ակտիվիստ» են, իսկ երկրորդները` նախարար կամ պատգամավոր:

Մարդկային արժանապատվության համար պայքարը պետք է տանել արժանապատվորեն: Ինձ նույնքան դուր չի գալիս, երբ երիտասարդ լրագրողները, մեծ մասամբ՝ գեղեցիկ սեռի, Ազգային ժողովում «բռնացնում են» զուգարանից դուրս եկող պատգամավորներին եւ սկսում են նրանց հետ բարձրաշխարհիկ զրույցներ վարել, որոնց մասին «ռեպորտաժը», ճիշտ է, բազմաթիվ դիտումներ է բերում:

Իմ կարծիքով՝ ոչ այնքան բարձրորակ լրագրություն է, երբ օլիգարխը ԱԺ-ում նստում է բազկաթոռին, իսկ նույն երիտասարդ լրագրողները հավաքվում են նրա շուրջը եւ սկսում են, թող ներվի ինձ այդ արտահայտությունը, «լկստվել» պատգամավորի հետ: Դա նույնպես, ի վերջո, վատ դաստիարակության նշան է:

Բայց ես դեմ եմ նաեւ այն միջոցներին, որոնք փորձում է ձեռնարկել իշխանությունը այդ բացասական երեւույթների դեմ: Առաջին դեպքում դրանք «վարույթները» եւ դատերն են, որոնցով սպառնում են պատժել մանրադրամ շպրտող երիտասարդներին՝ դրանով իսկ բարձրացնելով վերջիններիս անդաստիարակությունը քաղաքական պայքարի մակարդակի: Երկրորդ դեպքում դա անհեթեթ կանոնակարգն է, որով փորձում են սահմանափակել լրագրողների քանակը ԱԺ-ում:

Իսկ ո՞րն է, ուրեմն, խնդիրները շտկելու եղանակը, եթե ոչ «վարչական սպառնալիքները» եւ ոչ այնքան խելամիտ կանոնակարգերը: Նոր բան ասած չեմ լինի՝ համբերատար բացատրական, լուսավորչական աշխատանքը: Բազմաթիվ այլ հարցերում դեղատոմսը նույնն է»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս