Սերժ Սարգսյանի պայմանը Հովիկ Աբրահամյանի հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը նախօրեին հեգնանքով է արձագանքել Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով Քոչարյանի մասին հարցին, ի մասնավորի` նրա քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին, Հովիկ Աբրահամյանը հայտարարել է՝ իսկ ո՞ւր է մեկնել, որ վերադառնա:

Աբրահամյանի հեգնանքն ուղղակի անթաքույց է, այն դեպքում երբ մի քանի ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը Քոչարյանի հետ մեկնում էր նույն ինքնաթիռով: Ինչպես երևում է, նրանք այլևս նույն ինքնաթիռի մեջ չեն, և Հովիկ Աբրահամյանը չգիտե, թե ուր է «մեկնում» Քոչարյանը:

Երբ նրանք միևնույն ինքնաթիռով ինչ-որ տեղ էին մեկնում, պատահաբար իբրև թե հանդիպելով ինքնաթիռի մեջ, Հովիկ Աբրահամյանը վարչապետ չէր՝ նա ուզում էր վարչապետ դառնալ, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ուզում էր, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ չլինի: Այսօր մեկնել է կամ մեկնում է Տիգրան Սարգսյանը՝ ԱՄՆ, որտեղ Սերժ Սարգսյանը նրան դեսպան է նշանակել: Նույն օրն էլ Հովիկ Աբրահամյանը հեգնում է իր երբեմնի ճանապարհորդական կամ թռիչքային ընկերոջը:

Հայաստանում ներիշխանական խաղը շատ բազմազան է դառնում: Արդեն իսկ ուրվագծվում են մի քանի ուղղություններ. Սերժ Սարգսյանից բացի՝ Ռոբերտ Քոչարյան և քառյակ, Հովիկ Աբրահամյան, և ամենայն հավանականությամբ` նաև Տիգրան Սարգսյան, որին Սերժ Սարգսյանը միգուցե դիտարկում է որպես պահեստային խաղացող:

Համենայնդեպս, Հայաստանում արդեն փորձ կա ներքին ճգնաժամային իրավիճակում դեսպանի վրա հենվելու առումով: 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ նշանակեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:

Այնպես որ, Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը ոչ թե խաղից դուրս է թողնում, այլ պահում է խաղի մեջ` ըստ էության ստեղծելով մի իրավիճակ, որում Հովիկ Աբրահամյանի ու Ռոբերտ Քոչարյանի փոխհամաձայնեցված խաղի հավանականությունը նվազում է: Քոչարյանին մեկնել-վերադառնալով պատասխանելով` Հովիկ Աբրահամյանը անկասկած ինչ-որ կերպ ակնարկում էր նաև Տիգրան Սարգսյանին, որը մեկնում է և կարող է վերադառնալ. համենայնդեպս, Աբրահամյանը գիտե, որ կարող է:

Ըստ որում` չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի հետ Սերժ Սարգսյանի պայմանն էլ հենց դա է, որ Տիգրան Սարգսյանը չի վերադառնա այնքան, քանի դեռ Հովիկ Աբրահամյանը որևէ տեղ չի մեկնի կամ որևէ տեղից չի վերադառնա Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս