
Լեհաստանի խորհրդարանը վստահության քվե է տվել Տուսկի կառավարությանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գաղտնալսումների շուրջ ծագած սկանդալը վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած կառավարությանը չի խանգարել խորհրդարանի կողմից ստանալ վստահության քվե: Տուսկի կառավարությանը վստահության քվե տալու օգտին արտահայտվել է 237, իսկ դեմ՝ 203 պատգամավոր:
Հաղթանակի հասնելու համար Տուսկին անհրաժեշտ էր 231 պատգամավորի աջակցություն: Լեհաստանի Սեյմն ընդհանուր առմամբ բաղկացած է 460 ժողովրդական ընտրյալից:
Լեհաստանում քաղաքական ճգնաժամ ծագեց այն բանից հետո, ինչ Wprost պարբերականը հրապարակեց Լեհաստանի Ազգային բանկի ղեկավար Մարեկ Բելկայի ու ներքին գործերի նախարար Բարտլոմեյ Սենկևիչի զրույցը:
Դրա ժամանակ Բելկան կառավարությանն աջակցություն է առաջարկում այն պայմանով, որ ֆինանսների նախարար Յացեկ Ռոստովսկին հրաժարական տա, ընդ որում՝ Ազգային բանկին օրենքով արգելված է միջամտել քաղաքականությանը: Սկանդալի ծագումից հետո ընդդիմությունը պահանջել է կառավարության հրաժարականը: