Բաժիններ՝

Գագիկ Համբարյան. «Կալաշնիկովը համաշխարհային դեմք է զինագործության ոլորտում, բայց մե՞զ ինչ»

«Գյումրիում Միխայիլ Կալաշնիկովի արձանը 102-երորդ ռազմաբազայի տարածքում տեղադրելու մասին որոշում են կայացրել՝ առանց բնակչության, մտավորականության կարծիքը հարցնելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմաբան-քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում մինչև այս տարվա հոկտեմբեր կտեղադրվի Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանը:

Գ. Համբարյանի խոսքով՝ ճիշտ է, ռազմաբազայի տարածքը ժամանակավորապես գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, բայց դա Հայաստանի Հանարապետության տարածքն է: «Ըստ իս՝ ռուսական կողմն իրավունք չունի միանձնյա որոշումներ ընդունել, թե ում արձանն այդտեղ պետք է տեղադրվի»,- նկատեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը միաժամանակ նշեց՝ փաստ է, որ Մ. Կալաշնիկովը համաշխարհային դեմք է զինագործության ոլորտում. «Բայց մե՞զ ինչ: Ինչո՞ւ հենց նրա արձանն ու Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի տարածքում… Պետք է նշեմ, որ Միխայիլ Կալաշնիկովն այն «ստեղծագործության» հեղինակն է, որը բերում է դժբախտություն, սուգ և արհավիրք միլիոնավոր մարդկանց տները: Իհարկե, ես համարում եմ Կալաշնիկովին տաղանդավոր կոնստրուկտոր, բայց դա չի նշանակում, որ նրա արձանը պետք է դրվի: Եթե դնեին, ասենք՝ Չայկովսկու, Պուշկինի, Լերմոնտովի կամ որևիցե այլ երևելի ռուսի արձան, որևիցե կերպ հասկանալի կլիներ: Բացի դրանից՝ ես փորձել եմ ուսումնասիրել՝ էլ ի՞նչ հայտնի զինագործի արձան է տեղադրված (ասենք, Ջոն Բրաունինգի, Սեմյուել Կոլտի, Ուզիել Գալի, Վալտերի): Ոչ մեկն էլ այդպիսի պատվի չեն արժանացել, որ իրենց արձանները տեղադրվի իրենց հայրենիքում կամ նույնիսկ հայրենիքից դուրս»:

Գ. Համբարյանի համար շատ զարմանալի է, որ Միխայիլ Կալաշնիկովի արձանի տեղադրման հեղինակը ազգությամբ հայ է, որը բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Հիշեցնենք, որ Մ. Կալաշնիկովի արձանը տեղադրելու գաղափարի հեղինակը պետերբուրգցի բարերար և հասարակական գործիչ, պահեստազորի մայոր Հրաչյա Պողոսյանն է:

Կարդացեք նաև

Գ. Համբարյանի դիտարկմամբ՝ լավ կլինի՝ Հրաչյա Պողոսյանը մի հատ նույն ռուսական իշխանություններից իմանա, թե մոտ 3 տարի առաջ ինչո՞ւ նույն ռուսական իշխանությունների ջանքերով ռուսական բանակի գեներալ Անդրանիկ Օզանյանի արձանը (որն արդեն տեղադրվել էր Սոչիի մոտ գտնվող հայաբնակ Վոլկոնկա գյուղում) ապամոնտաժվեց, և մինչ հիմա այն չեն թույլատրում տեղադրել. «Այ, երբ ինքն այդ պատասխանը ստանա ռուսական իշխանությունների կողմից՝ նոր կարելի կլիներ մտածել, թե իրոք արժի՞ Կալաշնիկովի արձանը տեղադրել Գյումրիում: Եթե որևիցե մեկը ցանկանում է հայ-ռուսական բարեկամության վերաբերյալ մի ժեստ կատարել՝ դա տեղադրելով, ապա ամենալավ տարբերակը կլիներ այն, որ նույն 102-րդ ռուսական բազայի տարածքում տեղադրվեր հանրաճանաչ ռուսական բանակի գեներալ, կարկառուն քաղաքական գործիչ Լորիս Մելիքովի արձանը, որը շատ մեծ ներդրում է ունեցել ռուսական պետության հզորացման գործում և 1877-78 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է Կովկասյան ճակատը: Գոնե նրանը տեղադրեին, որպես ազգությամբ հայ, բայց ռուսական պետությունը ներկայացնող դեմք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս