Ինչպե՞ս կարելի է ամբողջ հասարակությանը ձեռնոց նետել. «Հրապարակ»
«Ինչպես զսպել իշխանության ներկայացուցչի ախորժակը, ինչպես անել, որ նա սեփական բարեկեցությունից ու պաշտպանվածությունից զատ այլ մտահոգություններ էլ ունենա՝ իր պարտականությունների կատարման, հասարակությանը ծառայելու, հանրությանը գոհացնելու առումով»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Ըստ էության, մարդկության պատմությունն անհիշելի ժամանակներից այս խնդրի լուծմամբ է զբաղված: Որոշ երկրներում կարողացել են դրա լուծման բանալին գտնել, մեզանում՝ դեռ ոչ: Ինչպե՞ս կարելի է ամբողջ հասարակությանը ձեռնոց նետել և անցկացնել օրինագծեր, որոնք համընդհանուր մերժման են արժանանում և որոնք կիրառման ընթացքում բազում խոչընդոտների են հանդիպելու:
Ինչպե՞ս կարելի է ամբողջ իշխանական ապարատը գործի դնել և ամեն գնով՝ անգամ երիտասարդ աղջիկներին ծեծ ու ջարդի ենթարկելու, ոստիկանական համակարգը լիովին հեղինակազրկելու, հանրության անեծքին ու ատելությանն արժանանալու գնով հասնել մի շենքի քանդման:
Անգամ եթե կարմիր գծերից, արագաչափերից ստացվելիք եկամուտը պետք է լուծեր մեր բոլոր խնդիրները՝ լցներ ինչպես պետական բյուջեն, այնպես էլ օլիգարխիկ շրջանակների որկորը, դրանց ներդրման հետ կապված բողոքի պոտենցիալ ալիքն ու պետության, հայրենիքի հանդեպ բարձրացող դժգոհությունը պետք է կանխեին այդ գործընթացը և զսպեին այն նախաձեռնողների էնտուզիազմը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։