Ղարաբաղի շուրջ ինչ-որ զարգացումներ կամ խմորումներ են տեղի ունենում. «ՀԺ»

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնությամբ Ադրբեջանը կվերադարձնի իր գրավյալ տարածքները, եւ ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ լուծում կստանա: Ադրբեջանական Haqqin.az կայքի փոխանցմամբ, երեկ նման հայտարարություն է արել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Այս հայտարարությունը նա արել է Ինգուշեթիայի նախագահ Յունուսբեկ Եվկուրովի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրին կատարած անդրադարձի ընթացքում: Այն տեղի է ունեցել Բաքվում ընթացող 5-րդ ռուս-ադրբեջանական ֆորումի շրջանակներում: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ջերմ հեռախոսազրույց էին ունեցել, ենթադրվում է՝ Պուտինի նախաձեռնությամբ, որի ընթացքում անդրադարձել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

Ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ակնհայտորեն ինչ-որ զարգացումներ կամ ավելի ճիշտ՝ խմորումներ են տեղի ունենում, որոնք, թերեւս, շատ մոտ ապագայում ջրի երես դուրս կգան: Մինչ այդ, որոշակի պրոցեսներ տեղափոխվել են ԵԽԽՎ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի պատվիրակը այս կառույցում ՀՀ-ին ձայնից զրկելու բանաձեւի նախագիծ է ներկայացրել, սակայն, դատելով երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ ԵԽԽՎ-ում ուղղված հարցերից, եւ նրա ելույթի շուրջ ձեւավորված մթնոլորտից, այս երկիրը ԵԽԽՎ-ում հազիվ իր հարցերը կարողանա կարգավորել, քան Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարց լուծել»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս