Իշխանական համակարգին ազդակ է հղվում 2017-18-ի համար կողմնորոշվել՝ Հովիկ Աբրահամյանի՞ հետ են, թե՞ Քոչարյանի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը երեկ հայտարարել է, որ չի բացառվում Ռոբերտ Քոչարյանի ու քառյակի համագործակցությունը: Ստեփան Մարգարյանն ասել է, որ բոլորի հետ, ովքեր ողջունում են քառյակի 12 կետերը, համագործակցությունը հնարավոր է:

Այսինքն` հնարավոր է նաև Քոչարյանի հետ, քանի որ Քոչարյանը ողջունել է 12 կետերը իր վերջին հարցազրույցում: Քառյակի անդամ կուսակցության մյուս անդամը՝ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, հայտարարել է, որ Քոչարյան անունով քաղաքական գործիչ իր համար գոյություն չունի: Նա, սակայն, շեշտել է, որ իր անձնական կարծիքն է հայտնում, որը սակայն ՀԱԿ-ում գերիշխող է:

Այսինքն` այնուհանդերձ պաշտոնական կարծիքը չէ: Եվ զարմանալի էլ չէ, որովհետև ՀԱԿ-ի պաշտոնական կարծիքը չի կարող հակասել «Բարգավաճ Հայաստանի» կարծիքին այնպիսի մի հարցում, ինչպիսին Քոչարյանն է: «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն չեն արտահայտվել, թեև այն, որ Քոչարյանի հարցազրույցը ՀՅԴ-ին պատկանող պարբերականում է հրապարակվել` արդեն իսկ ինչ-որ բանի մասին խոսում է:

Այսպիսով, ըստ էության սա կարելի է համարել մի իրավիճակ, երբ թեկուզ և անուղղակի ձևով, սակայն խոսվում է քառյակի և Քոչարյանի համագործակցության հնարավորության մասին: Սակայն կարծեք թե խաղաքարտերը ժամանակից շուտ են բացվում, եթե իհարկե չկան արտահերթ զարգացումների մասին կուլիսային տեղեկություններ:

Քառյակն, ըստ էության, խաղադրույքը կատարել էր Հովիկ Աբրահամյանի, այսպես կոչված, «պարտիզանական» խաղի վրա, երբ վերջինս իշխանության ներսում կգործեր Սերժ Սարգսյանի հենքը քանդելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը, սակայն, քառյակի օգնությամբ գալով կառավարություն, ըստ էության սկսեց ինքնուրույն խաղ խաղալ և հրաժարվեց քառյակի խաղից: Սա էլ երևի ստիպեց չորս ուժերին և երկրորդ նախագահին բացել խաղաքարտերը, գոնե մասամբ, ցույց տալու համար, որ իրականում եթե անգամ չկա Հովիկ Աբրահամյանի աջակցությունը ներսից, ապա կա Քոչարյանի աջակցությունը: Այսինքն` իշխանական համակարգին, ըստ էության, ազդակ է հղվում 2017-18-ի համար կողմնորոշվել՝ Հովիկ Աբրահամյանի՞ հետ են, թե՞ Քոչարյանի»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս