
ՖԻՖԱ-ն հետաքննելու է Լուիս Սուարեսի ու Ջորջո Կելինիի միջև գրանցված միջադեպը (տեսանյութ)

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն հետաքննելու է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի ու Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կելինիի միջև Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում գրանցված միջադեպը:
Սուարեսի դեմ կարգապահական գործը հարուցվել է այն բանից հետո, ինչ Կելինին Իտալիայի հավաքականի պարտությունից (0:1) հետո Սուարեսին մեղադրել է իր ուսը կծելու մեջ: Իտալացի պաշտպանի խոսքերով՝ մրցավարն իր ուսին տեսել է կծած տեղը, սակայն որևէ բան չի ձեռնարկել:
Սուարեսն իր հերթին հայտարարել է, որ պայքար է մղել և հարված է ստացել աչքին: Իտալիայի հավաքականը երեկ դադարեցրել է իր ելույթները Բրազիլիայում, իսկ Ուրուգվայի հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ավելի վաղ 10 խաղով որակազրկել էր «Լիվերպուլ» ակումբում հանդես եկող Սուարեսին՝ «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար: Դրանից առաջ էլ Սուարեսն աչքի է ընկել նման պահվածքով: Սուարեսի մասնակցությամբ նման դեպքերը ներկայացված են տեսանյութում: