Արմեն Մուրադյանն ու Տարոն Մարգարյանը քննարկել են բուժհաստատությունների խնդիրները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հանդիպեցին մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը։
Արմեն Մուրադյանը նշեց, որ աշխարհի ամենաապահովված երկրներում անգամ առողջապահության ոլորտից դժգոհություններ կան։ Սակայն, անկախ նյութատեխնիկական հագեցվածությունից, որը շատ կարևոր է և ներդրումներ է պահանջում, աշխատանքները կարելի է այնպես կազմակերպել, որ հիվանդներն ու այցելուները գոհունակությամբ հեռանան։
«Առոջապահության ոլորտում դժգոհությունները հիմնականում պայմանավորված են բուժաշխատողների վերաբերմունքով, հերթագրման հստակ կանոնակարգը չկիրառելու գործոնով և մարդկանց իրազեկվածության պակասով։ Շատերը չգիտեն իրենց իրավունքների մասին»,-ասաց նախարարը` հորդորելով յուրաքանչյուր հիվանդի հետ 10 րոպե ավելի զբաղվել։
«Մենք որդեգրել ենք մեկ պարզ սկզբունք` ոչ թե հիվանդաբուժություն, այլ առողջության պահպանում ու հիվանդությունների վաղ հայտնաբերում: Սա նշանակում է, որ պետք է հիվանդանոցային ցանցին ուղղված հսկայական գումարներն առավելագույնս արդյունավետ ծախսել, իսկ դա հնարավոր կլինի նաև այն դեպքում, եթե առաջնային օղակում այդ հիվանդությունները շուտ հայտնաբերվեն, բարդության չհասնեն և վաղ շրջանում բուժվեն։ Այս առումով պետք է իրականացվի վերահսկողություն, թե հիվանդանոցային բուժմանը նախորդած մեկ տարում, հիվանդն արդյ՞ոք, այցելել է պոլիկլինիկա և անցել կանխարգելիչ բուժզննումներ ու հետազոտություններ։
Իհարկե, կարևոր է նաև բնակչությանն առողջ պահելու, առողջ կենսակերպ ներդնելու հետ կապված մեր ծրագիրը, որն առողջապահական համակարգի գերակայություններից է։ Ըստ այդմ, քաղաքապետարանի հետ միասին մենք համատեղ ծրագրեր կիրականացնենք առաջնային բուժօղակի կատարելագործման ու հզորացման ուղղությամբ»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ կառավարման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրումը կկարգավորի բազում խնդիրներ: Միաժամանակ մշակվում է պոլիկլինիկայի օրինակելի կառուցվածք, հաստիքացուցակ և բուժսպասարկման մասին տեղեկատվական փաթեթ։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս շեշտեց, որ բուժհաստատությունների առաջնային խնդիրը բնակիչներին պատշաճ և բարեհամբույր սպասարկումն է. «Մենք Առողջապահության նախարարի հետ արդեն քննարկել ենք ոլորտի խնդիրները և հստակեցրել մեր մոտեցումներն ինչպես այդ խնդիրների լուծման, այնպես էլ ոլորտի ընդհանուր զարգացման հետ կապված: Ըստ էության, մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է ու անփոփոխ. մեր կողմից ձեզ առաջադրվող հիմնական պահանջը եղել և մնում է բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցումը` հատուկ ուշադրություն դարձնելով նրանց նկատմամբ ցուցաբերվող պատշաճ վերաբերմունքին: Ավելին, պետք է հաշվի առնել, որ պոլիկլինիկաները բնակիչների համար առողջապահության ոլորտի հետ շփման առաջին օղակն են և այնտեղ այցելող մեր քաղաքացիների զգալի մասը սոցիալապես անապահով են, ուստի մեզ համար առաջնահերթն ու կարևորը նրանց լրացուցիչ հոգսից ազատելը պետք է լինի»,-ընդգծեց Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությանն ու համայնքային ծրագրերին, քաղաքապետը նաև նշեց, որ հատկապես վերջին երկու տարիներին նպատակային աշխատանքներ են իրականացնում իրենց ենթակայությամբ բուժհաստատությունների նորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ. «2013-ին համայնքային բյուջեով մենք բազմաթիվ նոր բուժսարքավորումներ կարողացանք ձեռք բերել և տրամադրել բուժհաստատություններին: Այս տարի այդ նպատակի համար նախատեսել ենք գրեթե կրկնակի միջոցներ, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի բուժօգնության առաջնային օղակում արդիական սարքավորումներով սպասարկում իրականացնելուն: Բացի այդ, համաբուժարաններում իրականացվում են նաև վերանորոգման և ջեռուցման ապահովման ծրագրեր, որոնք միտված են որակյալ բուժծառայությունների ապահովմանը: Վերջին տարիներին մենք նաև սոցիալական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում հատկապես սոցիալապես անապահով մեր քաղաքացիների համար: Այդ ծրագրերը կլինեն շարունակական»,- ասաց քաղաքապետը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, կարևորելով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծեց, որ բուժհաստատությունները պետք է գործեն միևնույն սկզբունքով և աշխատակարգով, ինչն առավել արդյունավետ ու նպատակային կդարձնի դրանց աշխատանքը։ Հանդիպման ժամանակ մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարները ներկայացրեցին ոլորտի զարգացման հետ կապված իրենց մոտեցումներն ու առաջարկները, նախարարից և քաղաքապետից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
ՀՀ Առողջապահության նախարարություն