Թաղմանը զինվորները պնդել են՝ ոչինչ չգիտեն, ինստրուկտաժ էին ստացել. ասում է զոհվածի բարեկամը. epress.am
Հունիսի 20-ին զոհված շարքային Գրիշա Խաչատրյանի պատմությունը շատ խճճված է՝ կծիկի ծայրը գտնել է պետք ու հետամուտ լինել, մինչև կպատժվեն բոլոր մասնակիցները։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արման Նիկողոսյանը։
Վերջինս հունիսի 22-ին Սիսիանում մասնակցել է Գրիշայի հուղարկավորությանը․ Նիկողոսյանի խոսքով՝ հնարավոր չէ նկարագրել այն մթնոլորտը, որը տիրում էր հարազատների շրջանում, ովքեր հստակ չգիտեն, թե ինչ է կատարվել Արարատի մարզի զորամասերից մեկի մարտական դիրքում։
«Չաստից Սիսիանի տարածաշրջանի ծառայող երեխեքին ուվալնենի էին տվել, որ գան, մասնակցեն թաղմանը։ Զարմանալին այն է, որ զորամասում նման դեպք է եղել ու այդքանից հետո երեխեք են ուվալնյատ անում՝ մասնակցեցին թաղմանը, երեկոյան էլ տուն գնացին», – ասել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Արարատի զորամասից հուղարկավորությանը մասնակցելու եկած շարքային զինվորներից մինչև հրամանատարական կազմը միաբերան պնդել են, թե տեղյակ չեն կատարվածից։
«Ասում են՝ դիրքերում է եղել, մենք զորամասում էինք ու ոչինչ չգիտենք, բայց պարզ երևում էր, որ երեխեքին հատուկ են պատրաստել՝ մեծից փոքր ինստրուկտաժ արել, նոր էին բերել։ Մենք սա էսպես չենք թողնի, ամբողջը պարզելու ենք՝ կետ առ կետ, բոլորը պատժվելու են», – եզրափակել է Նիկողոսյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: