ԵԽ-ը պետք է պահանջի Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների խախտման դադարեցում. Human Rights Watch
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի ու Խորհրդարանական վեհաժողովի անդամները պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անեն վերջապես դադարեցնել կառավարության քննադատների նկատմամբ ճնշումները:
Այս մասին նշված է Human Rights Watch (HRW) կազմակերպության տարածած հաշվետվությունում: HRW-ի՝ Եվրոպայի ու Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը հայտարարել է. «Իլհամ Ալիևն այսօր ԵԽԽՎ-ում հանդես կգա որպես այն պետության ղեկավար, որը 6 ամիս նախագահելու է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում:
Դա ակնհայտ հեգնանք է, որ Ադրբեջանը նախագահում է այն մարմնում, որի չափորփոշիչները նա կոպտորեն ոտնահարում է: Վերջին 2 տարում ադրբեջանական իշխանությունները քրեական գործեր են հարուցել առնվազն 40 քաղաքական ակտիվիստի, լրագրողի, բլոգերի ու իրավապաշտպանի նկատմամբ, որոնց մեծ մասը գտնվում են վանդակաճաղերից այն կողմ:
Իշխանությունները մեղադրանքների ժամանակ օգտագործում են թմրանյութի ու զենքի պահպանումը, խուլիգանությունը, հարկեր վճարելուց խուսափելը և անգամ լրտեսությունը, որպեսզի ստիպեն լռել իրենց քննադատներին:
Նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կառավարությունը քանիցս հերքել են Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով հալածանքները, սակայն հանգամանքները վկայում են այլնի մասին»: