
Վահագն Խաչատրյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին. Իր մոտեցումները համընկել են մեր մոտեցումների հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցում տրված գնահատականները բավականին համահունչ են ոչ իշխանական 4 ուժերի 12 պահանջներին: Արդյոք հնարավո՞ր է, որ քառյակը դառնա հնգյակ: 168.am-ի այս հարցին ի պատասխան ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ նման հավանականություն չկա:
«Տվյալ դեպքում սա քառյակի առաջարկություններին արձագանք է մի մարդու կողմից, ով 10 տարի ղեկավարել է երկիրը, առանց որևէ գնահատական տալու իր կատարած աշխատանքին: Իր մոտեցումները համընկել են մեր մոտեցումների հետ: Այն հարցադրումները, որ մենք բարձրացրել ենք, դա ոչ միայն քառյակին հուզող հարցեր են, այլև ցանկացած քաղաքացու: Եվ, կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի՝ քաղաքական գործիչներ կամ պաշտոնյաներ, որ իսկապես մտահոգ է մեր պետության վաղվա օրով և լուրջ ցանկություններ ունի փոփոխություններ կատարելու, քառյակի առաջարկած 12 քայլերը պետք է միանշանակ ընդունի»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այդ քայլերը ուղղված չեն միայն քննադատության, այլ ուղղակի առաջարկություններ են գործող իշխանությանը, ՀՀ-ն կործանումից փրկելու նվազագույն քայլեր են, որ պետք է արվեն. «Սրանք խիստ անհրաժեշտ են: Սրանց պետք է հետևեն ավելի լուրջ քայլեր, որոնք տնտեսության առաջընթաց կապահովեն, երկրում բարեկեցություն կապահովեն, արտագաղթի դեմը կառնեն: Բայց սրանք այն խիստ անհրաժեշտ քայլերն են, որոնց արդյունքում մարդկանց մոտ հավատ ու վստահություն կվերադանռա երկրի ապագայի նկատմամբ՝ անկախ նրանից, թե իշխանությունն ով է»: