Բաժիններ՝

Խոստացել են առաջիկա 10 րոպեների ընթացքում ակտիվիստներին ազատ արձակել

Քիչ առաջ Երևան քաղաքի Ոստիկանության կենտրոնական բաժնից դուրս եկան ակտիվիստներ Տիգրան Շամխարյան, Հարություն Աղլամանյանը և Հայկ Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Սարյան փողոցից, ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, այսօր Ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել 27 քաղաքացիներ, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով հանձնաժողովի վերջին որոշման՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Այս պահին Երևան քաղաքի Ոստիկանության կենտրոնական բաժնում բազմաթիվ քաղաքացիներ և ակտիվիստներ են հավաքված և սպասում են նորությունների այն քաղաքացիների մասին, որոնք բերման են ենթարկվել այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ։ 168.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները պատմել էին, թե Ոստիկանության աշխատակիցներն ինչպիսի բռնությունների էին ենթարկել ակտիվիստներին՝ անգամ նրանց քարշ տալով ոստիկանական մեքենաներ էին նստեցրել և տեղափոխել քաղմաս: Որոշ մասնակիցներ էլ առայժմ տարբեր վնասվածքներով գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Ոստիկանության կենտրոնական բաժնից քիչ առաջ ազատ արձակված Հարության Աղլամանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վնասվածքներ ստացել է միայն բերման ենթարկվելու ընթացքում, իսկ Ոստիկանության բաժանմունքում նրա նկատմամբ բռնություն չի կիրառվել։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես մտել էր Ոստիկանության բաժանմունք՝ ակտիվիստների կարգավիճակի մասին տեղեկանալու, նշեց, որ հանդիպել է բերման ենթարկված 27 ակտիվիստներից 20-ի հետ, ովքեր նշել են, որ Ոստիկանության բաժանմունքում նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվել։ Ակտիվիստների մեծ մասին բերման էին ենթարկել վարչական խախտում կատարելու համար։ Իսկ նրանցից մեկին՝ քրեական խախտում կատարելու համար, սակայն քրեական գործ չի հարուցվել։ Ոստիկանությունից Նիկոլի Փաշինյանին տեղեկացրել են նաև, որ առաջիկա 10 րոպեների ընթացքում ակտիվիստներին ազատ կարձակեն։
Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս